ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանը պարզաբանել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու որոշումը

Հունգարիան հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած հանցագործ Ռամիլ Սաֆարովին չպետք է արտահանձներ Ադրբեջանին, Հայաստանի գնահատականը այդ առնչությամբ չի փոխվել։ Միևնույն ժամանակ, կան Հունգարիայի կողմից ձեռնարկված բազմաթիվ դրական օրինակներ, որը պետք է հիշել և գնահատել։

Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին։

Բաքոյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանը և Հունգարիան հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգման մասին։ Ռուստամ Բաքոյանը խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել այս քայլերի և դրանց նախորդած գործողությունների մասին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով։ Պատգամավորի հարցին՝ արդյոք Հայաստանը փոխել է իր դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարը պատասխանեց.

«Իսկապես այդպիսի հանդիպում եղել է և այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվել է։ Այդ մասին Հայաստանի և Հունգարիայի կողմից հրապարակային հայտարարություններ են եղել։ Ձեր մատնանշած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել, այն է՝ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին,- ասաց Միրզոյանը։

Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարը նշեց, որ կան բազմաթիվ դրական օրինակներ, որոնք Հայաստանը հիշում է և գնահատում։

«Կան բազմաթիվ դրական այլ օրինակներ։ Հիշում ենք անցած տարի Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարական իշխանությունների ներկայացուցիչները անձամբ ժամանել են Բաքու և 5 ռազմագերիներին բերել Երևան։

Կարծում եմ, որ չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. նրանք 100 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրեցին, ինչի շնորհիվ կյանքեր փրկվեցին։

Որպես օրինակ կարող եմ նշել Հունգարիայի իշխանությունների կողմից  տրամադրվող բավականին շոշափելի ֆինանսական աջակցությունը Հայ առաքելական եկեղեցուն, նաև կա դպրոցների մակարդակով համագործակցություն, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված իրազեկման բարձրացման հարցում։ Ահա, այս բոլորը դնելով կշեռքի նժարի վրա, կարծում եմ, ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար, ինչը և արվել է։ Առաջիկայում կլսեք  երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- եզրափակեց Միրզոյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: