ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Երբ թուրք զինվորին հրահանգել են կրակել գաղթականների վրա, նա օդ է կրակել"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Տաթևիկ Գրիգորյանը

Մայրիկիս տատիկը՝ Գայանե Դիաթյանը, մեր ընտանիքի միակ երկարակյացն էր: Նա մահացել է 2004 թ.-ին` 93 տարեկան հասակում: Բնականաբար, յուրաքանչյուրս նրա հանդեպ հատուկ հարգանք էինք տածում: Ցավոք, ես ընդամենը 14 տարեկան էի, երբ նա մահացավ, և շատ բան խորապես չեմ գիտակցել: Հիմա եմ կարողանում հետադարձ հայացք նետել ու հասկանալ, որ նա սովորական մեկը չէր, այլ մարդ, ով ուներ յուրահատուկ ճակատագիր, և ում ճակատագրի վրա Ցեղասպանությունը թողել էր իր հետքը: 

Մորս տատի ծնողները՝ Արուսյակ ու Հմայակ Դիաթյանները, երկու դստրերի հետ Կարսում են ապրել: Լսել եմ, որ նրանք Կարսում բավական հարուստ են եղել, ենթադրում եմ՝ առևտրով են զբաղվել: Տատիկիս մայրը՝ Գայանեն, Ցեղասպանության տարիներին փոքր է եղել՝ 4 տարեկան, նրա ավագ քույրը՝ Նազիկը, լսել եմ, որ շատ գեղեցիկ է եղել, նրան միշտ թաքցրել են թուրքերից:

Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ, իսկապես, անկախ այն բոլոր դաժանություններից ու վայրագություններից, որ մեզ հայտնի են, այս պատմության մեջ կա նաև հուզական մի կողմ … Կարսից գաղթի ճանապարհին (մանրամասները չգիտեմ, թե ինչ հանգամանքներում), երբ թուրք զինվորին հրահանգել են կրակել գաղթականների ուղղությամբ, նա օդ է կրակել փամփուշտները... Լավ հիշում եմ, Գայանե տատս այդ մասին միշտ պատմում էր կիսաթաց աչքերով:


Այնուհետև, շարունակելով գաղթի ճամփան, նրանց ընտանիքը հաստատվել է Ջավախքում: Նա հայերենի ուսուցչուհի է դարձել և մեծ դժվարություններով լի կյանք ապրել: Բնականաբար, այս պատմությունը չես կարող չհիշել, չես կարող դրականը քողարկել: Բայցևայնպես, անկախ ամեն ինչից, կոտորածների հետևանքներն ավելի մեծ են…Դրա վառ օրինակներից մեկն իմ պապիկի՝ Հովհաննիսյան Մելիքի պատմությունն է, ով Դաշտային Ղարաբաղից էր: 1918թ.-ին թուրքերը ծնողներին սպանել էին նրա աչքի առջև, իսկ ինքը կույր պապիկի օգնությամբ անցել էր Ալազան գետը, այնուհետև պապիկին էլ էր կորցրել և մնացել որբ … Ցեղասպանությունը 
փոխել էր նրա կյանքի ողջ ընթացքը:       Ես չորրորդ սերունդն եմ Ցեղասպանության ականատես վերապրողների: Մանկուց գիտեի, որ իմ տատիկի մայրն ու հայրը երկուսն էլ հետաքրքիր պատմություն ունեն, և ինձ համար Ցեղասպանության թեման մշտապես մեծ կարևորություն է ունեցել: Այդ պատճառով էլ, ինքս` որպես լրագրող, զբաղվել եմ Ցեղասպանության ականատեսների պատմությունների հավաքագրմամբ: Յուրաքանչյուր պատմություն իր մեջ մեծ հուզականություն ու մեծ վիշտ ունի: Եվ շատ հետաքրքիր է, որ Ցեղասպանությունը վերապրածները միշտ պահպանում են իրենց հայրենիք վերադառնալու ձգտումը, Կարսում, Մուսալեռում թողած տունն ամենալավն է նրանց համար …



* Տաթևիկ Գրիգորյանի պատմությունը հրապարակվել է նաև "Արմենպրես" լրատվական գործակալության կայքում:



Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: