ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Թուրք հացթուխը պապիկիս պահում է իր տանը, հետո հանձնում Ստամբուլի ամերիկյան որբանոց"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։




Պատմում է Գրիգոր Ավետիսյանը (ընտանիքն ունի 2 պատմություն - 1-ին պատմություն)



Հայրական պապիկս՝ Ավետիսյան Ավետիսը, ծնվել է 1900 թվականին Էսքիշեյիրի շրջանի Մուրատչայ (Մուրադչայ) գյուղում: Գյուղի անունը ներկայումս փոխվել է, նոր անունը չգիտեմ: Գյուղն այն ժամանակ մոտ տասը հազար բնակիչ ուներ, ովքեր հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ: Մուրատչայում երկու եկեղեցի կար. մեկը կառուցվել էր մինչև 1900 թվականը, իսկ երկրորդը կառուցվել ու շահագործման էր հանձնվել արդեն 1900-ին: Պապս աշխատում էր այդ նոր եկեղեցում՝ որպես ժամկոչ: Ի տարբերություն Արևելյան Հայաստանի՝ Արևմտյան Հայաստանում եկեղեցիները զանգակատուն չեն ունեցել, ժամերգության ու պատարագի մասին գյուղի պատանիներն են գյուղով մեկ հայտարարել կոչնակների օգնությամբ:

Հունական բանակի պարտությունից հետո արդեն պապս տեղափոխվում է Բուլղարիա, հաստատվում Ստարա Զագորա քաղաքում, որտեղ և ծանոթանում է տատիկիս հետ և ամուսնանում: Բուլղարիայում ապրելու տարիներին պապս ապրուստի միջոց վաստակում էր հաց թխելով. հացթուխ էր աշխատում մի թուրքի մոտ: Որոշ ժամանակ անց պապս արդեն կարողանում է տուն գնել, գնում է նաև այդ թուրքի հացի փուռն ու դարձնում իրենը:  

Պապիկիս պապը՝ Հաջավետանց Ավետը, մոտ 60 կմ հեռավորության վրա գտնվող Էսքիշեյիր քաղաքում անասունները վաճառքի տանելիս բարեկամություն էր հաստատել մի հացթուխ թուրքի ընտանիքի հետ: 1914 թվականին Հաջավետանց Ավետը թուրք հացթուխի մոտ որպես աշակերտ է տանում իր թոռանը՝ պապիկիս:

Երբ սկսվեցին հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանությունները, պապիկս թուրքի տանն էր: 1915 թվականին այդ թուրքը փաստորեն փրկեց պապիկիս կոտորածից՝ պահելով իր տանը և բոլորից թաքցնելով, որ հայ է, իսկ ավելի ուշ հանձնելով Ստամբուլի ամերիկյան որբանոց: Պապիկս պատմում էր, որ երբ արդեն անցել էր այդ լարված շրջանն ու հնարավորություն էր ստեղծվել հետ վերադառնալու, ինքն իսկույն որոշում է գյուղ գնալ և գտնել ծնողներին: Գյուղ վերադառնալով՝ պապս գտնում է հարազատ Մուրատչայն ամբողջովին ավերված, թալանված, իսկ բարեկամներին՝ կոտորված: Այս ամենը տեսնելով` պապս գնում է և միանում հունական բանակին՝ որպես զինվոր: Նրա խոսքերով՝ հունական բանակի առաջին գծում հիմնականում կռվում էին հայկական ուժերը, թիկունքից հույներն էին գալիս:

Նրանք Բուլղարիայում ապրում են մինչև 1933 թվականը, իսկ 1933-ին երկու որդիների հետ տեղափոխվում Հայաստան: Մի անգամ պապիկիս հարցրեցի, թե այդ փուռն ու տունը, որ թողել էր Բուլղարիայում ու Հայաստան վերադարձել, մոտավորապես ի՞նչ կարժենար: Պապս պատասխանեց. "է՜, թող մի միլիոն ըլլար", ու իմ հարցին, թե ինչու այդքանը թողեց ու եկավ Հայաստան ասաց. "Եկա հոս ու ինը միլիոն գտա"… Ու սկսեց մատների վրա հաշվել իր ինը թոռներին, ովքեր Հայաստանում հայերեն էին խոսում ու հայ մեծանում:

Պապիկս հաճախ էր պատմում Ցեղասպանությունից փրկվելու իր պատմության, դրան հաջորդած դժվարին տարիների ու փորձությունների մասին: Թուրքի մասին պատմելիս նա հաճախ էր կրկնում, որ ինչ վրեժ ուներ, ինքն արդեն լուծել է: "Դու անելիք չունես", - ասում էր ինձ: Հիմա նոր եմ հասկանում, որ այդպես էր ասում, որ վրեժխնդրությամբ լցված չապրեմ կյանքս, որ հանգիստ ապրեմ: Մտքում ու հիշողության մեջ միշտ վառ պահելով անցյալը՝ շատ ու շատ փորձություններ հաղթահարելուց հետո 1977 թվականին պապս կնքեց իր մահկանացուն:




Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: