ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Տատիկիս հորը մահից փրկել է իր թուրք հրամանատարը"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։



Պատմում է Գրիգոր Ավետիսյանը (ընտանիքն ունի 2 պատմություն - 2-րդ պատմություն)



Հայոց ցեղասպանության տարիներին հրաշքով փրկվածներից է եղել նաև 1907 թվականին ծնված տատիկս՝ Մարտիրոսյան Աղավնին: Տատիկս ընտանիքի հետ ապրել է Բուրսայի նահանգի Ճարախ գյուղում, որը Բուրսայից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա է գտնվել և հայտնի էր իր բուժիչ՝ տաք և սառը լողավազաններով: Գյուղում հիմնականում զբաղվում էին մետաքսագործությամբ: 1915 թվականին տատիկիս հորը զորակոչել են բանակ և ընտանիքում մնացել են միայն կանայք: Տատիկս պատմում էր, որ իրենց տեղահանելու ժամանակ թուրքական կառավարությունն իրենց՝ որպես զինվոր տված ընտանիքի հատկացրել է սայլեր՝ իրերը տեղափոխելու համար, մինչդեռ մյուս ընտանիքները նման "առավելություն" չունեին: Գաղթի ժամանակ նրանք բոլորի հետ միասին հասել են Դեր Զոր տանող երկաթգծին, վրաններ խփել և սպասել իրենց հերթին: Տատիկս պատմում էր, որ դա իրենց համար փրկություն էր թվում. ոչ ոք չգիտեր, որ այդ գնացքներով իրենց տանելու են կոտորելու:

Շուտով հասնում է և իրենց հերթը, չորս կանայք՝ տատիկս, իր մայրը, տատիկիս տատն ու մորաքույրը տեղավորվում են գնացքում: Տատիկս պատմում էր, որ իրենք դեմքերին մուր էին քսում, որ տգեղ երևան, քանի որ գեղեցիկ աղջիկներին թուրքերը տանում էին: Երբ տատիկս ընտանիքի հետ միասին արդեն գնացքում էին, գնացք է բարձրանում նաև մի պատանի և հարցնում, թե կա՞ն արդյոք այնտեղ Բուրսայից եկածներ: Տատիկիս տատիկն է արձագանքում՝ ասելով, որ իրենք Ճարախից են: Դրանից հետո պատանին խորհուրդ է տալիս նրանց շտապ իջնել գնացքից: Սկզբում ծեր կինը չի հասկանում, թե ինչու պիտի իջնեն. ախր, հազիվ իրենց հերթն է եկել: Սակայն, բարեբախտաբար, այդ տղային հաջողվում է իջեցնել նրանց և ողջ գնացքից երևի միայն իրենք են փրկվում…

Փրկվելուց հետո նրանք աշխատանքի են անցնում շուկայում, ապրուստի չնչին միջոց հայթայթելու համար օգնում են առևտրականներին, տարբեր գործեր անում: Հենց շուկայում էլ նրանք պատահաբար հանդիպում են բանակ զորակոչված տատիկիս հորը՝ Գրիգորին: Հանդիպումն անակնկալ էր, քանի որ բոլորն արդեն գիտեին, որ բանակ զորակոչված հայ տղամարդկանց թուրքերը կոտորում էին: Սակայն պարզվում է, որ տատիկիս հորը մահից փրկել է իր թուրք հրամանատարը: Վերջինս, լավ իմանալով, որ Գրիգորն արհեստավարժ հողագործ է, տանում է իր կալվածք` այգեգործ աշխատելու: Փաստորեն ստացվում է, որ տատիկիս հոր փրկությունը հնարավոր եղավ թուրքի շնորհիվ: Ընտանիքի հետ վերամիավորվելուց հետո նրանք նորից տեղափոխվում են հայրենի Ճարախ, մոտ 2 տարի ապրում այնտեղ, իսկ արդեն 1922 թվականին` հունական բանակի նահանջի ժամանակ շարժվում են Բուրսա, ապա այնտեղից նավով տեղափոխվում Բուլղարիա և փրկվում Ցեղասպանության երկրորդ ալիքից: Բուլղարիայում տատիկս ծանոթանում է պապիկիս հետ, ամուսնանում են և 1933 թվականին երկու որդիների հետ միասին տեղափոխվում Հայաստան:




Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: