ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Տատիկս շուտով իմանում է, որ հայրական տանը բոլորին սպանել են"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Մարթա Սիմոնյանը


Տատիկիս` Հռիփսիմե Գևորգի Խանգելդյանի հայրական ընտանիքը բավականին հարուստ է եղել: Ապրել են Նախիջևանի Շարուր գյուղում: Հայրը՝ Գևորգ Խանգելդյանը, եղել է 12 գյուղի գյուղապետ, մեծ թվով անտառներ ու հողատարածություններ են եղել նրա տնօրինության տակ: Ունեցել է մի շատ մտերիմ թուրք ընկեր, ով ջարդերից առաջ եկել և զգուշացրել է, որ թուրքերը պատրաստվում են հարձակվել: Նա առաջարկել է օգնել Խանգելդյանի ընտանիքին փախչել Հայաստան: Սակայն Գևորգը հրաժարվել է՝ ասելով, 
որ նախ պիտի բոլոր հայերին օգնի գաղթել, հետո միայն իր ընտանիքը տեղափոխի: Այդ ժամանակ՝ դեռ 13 տարեկան տատս ամուսնացած է եղել նույն գյուղի մի հարուստ ընտանիքի տղայի՝ Աշոտ Մելիք-Առաքելյանի հետ: Նա ունեցել է կոշիկի մեծ գործարաններ և զբաղվել է առևտրով. ապրանքը հաճախ է տարել արտերկիր վաճառելու: Այդ օրերին էլ նա իր ծառայի հետ գործի բերումով գտնվել է ԱՄՆ-ում: Տատս արդեն ունեցել էր մեծ մորաքրոջս, ով այդ ժամանակ դեռ բարուրի երեխա է եղել:       

Շուտով նա իմացել է, որ իր հայրական տանը բոլորին սպանել են: Տատս պատմում էր, որ հորը դաժանաբար սպանել են՝ ջրաղացի քարի տակ դնելով գլուխը, իսկ տատիկիս երկու եղբայրներին կապել են ձիերի պոչերից, քարշ տվել, մինչև մահանան: Միևնույն ժամանակ տատիկս կորցրել է քրոջը. վերջինս երևի ջարդերի ժամանակ ինչ-որ կերպ կարողացել է փախչել, և նրանք այլևս կապ չեն ունեցել: Այս ամենը, սակայն, տատիկս իմանում է այն բանից հետո, երբ նույն թուրքը, ով մտերիմ էր հոր հետ, գալիս է տատիկիս տուն՝ զգուշացնելու, որ հենց այդ գիշեր թուրքերն իրենց տուն են հասնելու: Նա տատիկիս օգնում է գիշերով թաքուն անցնել սահմանը և գալ Հայաստան: Տատիկիս հազիվ հասցնում է իր բարուրի երեխային փաթաթել գորգի մեջ, մի փոքր արկղիկով վերցնում է ոսկեղենի մի մասը, որոշ իրեր և փախչում (այդ արկղիկը հասել է մեզ, մինչ օրս այն պահում ենք): Տատիկս ասում էր նաև, որ իրենց հարստության մի մասը՝ ոսկիները, կճուճով գցում է տան մոտակա ջրհորը՝ մտածելով, որ հետագայում գուցե հետ գան ու հանեն: Այսպես տատիկիս հաջողվում է փախչել, նա գալիս է Երևան: Հրապարակի մոտ այն ժամանակ սեփական տներ են լինում, որտեղ էլ տատիկս, իր բերած ոսկիները մաս-մաս վաճառելով, վարձով ապրում է: Նա որոշակի գումարի դիմաց լվացք է անում՝ իր ու երեխայի գոյությունը պահպանելու համար: 

Տատիկիս ամուսինը, գտնվելով ԱՄՆ-ում տեղեկություն է ստանում, որ բոլոր հայերին կոտորել են, ու երևի թե կարծելով, որ իր ընտանիքն էլ են ոչնչացրել՝ որոշում է մնալ ԱՄՆ-ում: Մի խոսքով՝ տատս կապ չի ունենում նրա հետ: Շատ տարիներ անց տատիկս, հետաքրքրվելով և հետախուզական ինչ-որ ծառայությունների դիմելով, պարզել էր, որ նա, իսկապես, իմանալով կատարվածի մասին, չի վերադարձել, մնացել է ԱՄՆ-ում և մահացել է 60-ականներին:    

Տատիկիս ընտանիքից կարողացանք գտնել միայն նրա քրոջը: Ցեղասպանությունից տարիներ անց հայրս գնացել էր Թիֆլիս և իր ընկերոջ ծանոթի տանը հանդիպել տատիկիս քրոջը, ում կորած էինք համարում և ով փախչելով փաստորեն հաստատվել էր Վրաստանում: Երևանում տատիկս  ամուսնացել է նույն բակում բնակվող Աշոտ Բեկնազարյանի հետ և ունեցել զույգ աղջիկներ, որոնցից մեկն էլ իմ մայրն էր: Պապիկս՝ Աշոտ Բեկնազարյանը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան էր, նա շատ կրթված մարդ էր և աշխատում էր խմբագրությունում: Կինը մահացած է եղել, 2 երեխա է ունեցել, որոնց էլ հետագայում մեծացրել է տատս: 

Հիշում եմ՝ հետագայում տատիկս ինչ-որ անցաթուղթ էր հանել և հաջողեց նույնիսկ գնալ իրենց գյուղը: Նա ուզում էր տեսնել՝ ինչ վիճակում է իրենց տունը, և հույս ուներ գտնել իր պահած կճուճով ոսկին: Սակայն տեսնելով, որ թե՛ ջրհորը, թե՛ շրջակա ամեն ինչ հողին է հավասարեցված՝ տատիկս սարսափած վերադարձել էր:


 Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: