ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Ես հիշում եմ թե՛ լավը և թե՛ վատը…"

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։



Պատմում է Ռիմա Պետրոսյանը



Հայրս` Պետրոսյան Սիրեկանը, Արևմտյան Հայաստանից էր՝ պատմական Իգդիրից: Նա գաղթել էր 1914 թվականին:     

Ցեղասպանության մասին պատմել են թե՛ հայրս, թե՛ հորաքույրներս: Հորաքույրս ասում էր, որ փախչելուց կճուճով ոսկին թաղել են իրենց բակում, թողել, եկել: Ասում էր, որ լուրն իմանալով՝ շտապել են փախչել` իրենց հետ ոչինչ չհասցնելով վերցնել: Նա լաց լինելով պատմում էր, որ կճուճն էլ պահել են` մտածելով,որ դեռ կվերադառնան: Եղբայրս հաճախ էր նրան հարցնում թե՛ իրենց տան տեղի, թե՛ ձևի մասին` հույսով, որ կկարողանա գնալ և գտնել թե՛ պահված ոսկիները, թե՛ մնացած իրերը: 

Երկու հորաքույրներս, որոնցից մեկը մահացել է 65 թ.-ին, մյուսը` 85-ին, երկուսն էլ ապրում էին Արազ գետի ափին, նրանց ժառանգները մինչ օրս էլ այնտեղ են ապրում: Երբ փոքր էի և նրանց մոտ էի գնում, հարցնում էի, թե բոլորը Ցեղասպանությունից հետո գնացել են արտասահման, իրենք ինչո՞ւ են եկել, հենց այդտեղ հաստատվել: Հորաքույրս ի պատասխան ձեռքը պարզում էր դեպի իրենց հողատարածքը և մի փոքր հեռուն ցույց տալով` ասում, թե իրենք այդտեղ են մնում, որպեսզի սահմանը բացվելուն պես կարողանան նորից հետ գնալ իրենց տուն:     

Հայրս պատմում էր, որ իրենք 3 եղբայր և 3 քույր են եղել … 

Այն ժամանակ թուրք ու հայ ապրում էին միասին: Հարևանի հետ շատ մտերիմ են եղել, ընկերներ էին, միասին հաց էին կիսում, միասին աշխատում … Մի օր հայրս զարմանում է, երբ հենց այս իր ընկերն իրեն ասում է, թե հայ ազգի դեմ կոտորածի ծրագիր է մշակվում, և նրանք պետք է փախչեն: Հայրս էլ հայերից ում հասցնում է, զգուշացնում է: Տուն առ տուն ընկնելով` այդ ժամանակ հայրս շատ-շատերին է փրկել: Իր եղբոր ու քույրերի հետ նա անցնում է Արազի մյուս ափը և հաստատվում այնտեղ: Հորաքույրներս մինչև մահ այնտեղ են ապրել, իսկ հայրս եկել է Երևան: Հայրս պատմելիս միշտ նշում էր, որ եթե չլիներ իր թուրք ընկերը, իրենց էլ կոտորած կլինեին մյուսների պես:      

Երևանում հայրս ամուսնացել և 2 երեխա է ունեցել: Մինչ այդ նա ամուսնացած է եղել մի կնոջ հետ, ով մահացել է մինչև գաղթը, նրանից հայրս ևս երկու երեխա է ունեցել: Նրանց ևս պահել և մեծացրել է մայրս, մենք միայն տարիներ հետո ենք իմացել, որ նրանք մորս երեխաները չեն եղել:    

 Հայրս միշտ ասում էր, որ թուրք ժողովուրդը մեղավոր չէ, դատել է պետք փաշաներին…

 Ես հիշում եմ թե՛ լավը և թե՛ վատը:


Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: