ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Մամա՛, մամա՛, ելի՛ր, պիտի՛ աշխատենք, չէ՞". մայրս չէր հավատում, որ տատիկս էլ երբեք չի արթնանա

"100 տարի․․․ Իրական պատմություններ" խորագրի ներքո "Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը ներկայացնում է "Եվրոպական ինտեգրացիա" հասարակական կազմակերպության կողմից իրականացվող "Թուրքը, որ փրկեց ինձ" ծրագրի շրջանակներում հավաքագրված իրական պատմություններ Ցեղասպանությունը վերապրածների կյանքից (պատմությունները վերարտադրել են վերապրածների ժառանգներ, հարազատներ, մտերիմներ)։ Պատմությունների առանձնահատկությունն այն է, որ Մեծ եղեռնի ճիրաններից պատմության հերոսը/հերոսները փրկվել է/են թուրքի/թուրքերի (հարևան, բարեկամ, ընկեր կամ իրադարձության ականատես) ուղղակի կամ անուղղակի օգնությամբ։
Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության երկրների նախարարության աջակցությամբ։


Պատմում է Սոնա Չալգուշյանը (ընտանիքն ունի 2 պատմություն - 2-րդ պատմություն)



Տատիկս՝ Լուսյա Հովհաննիսյանը, ամուսնու՝ Գևորգ Հովհաննիսյանի` պատերազմ մեկնելուց հետո ընդամենը երկու տարեկան մայրիկիս` Հայկանուշի և այդ ժամանակ դեռ չծնված քեռուս՝ Նապոլեոնի հետ շարունակում է ապրել Ադանայում՝ իր հոր տանը:      

Մեծ պապիկս ունեցվածքի տեր է եղել և վայելել է իր թուրք ռամիկների հարգանքը: Մայրս հաճախ նշում է, որ եթե մեծ պապս ականջալուր լիներ իր թուրք ռամիկների զգուշացումներին այն մասին, որ հայերի դեմ դավ է ծրագրվում թուրք կառավարության կողմից, միգուցե ամեն ինչ ավելի լավ ավարտվեր:
Երբ Ադանայում թուրքերը ծրագրում են հայերի ջարդերը, նրանք հավաքում են քաղաքի բոլոր հայ տղաներին՝ անկախ տարիքից, բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք կրել, և մեկուսացնում մի ձիանոցում: Մայրս հիշում է, թե ինչպես մի օր իր պապիկն իրեն գրկեց և ասաց, թե իրենց թույլ են տվել այցելել ձիանոցում գտնվող իր քեռիներին: Այն բանից հետո, երբ քաղցրավենիք են վերցնում ու այցելում նրանց, մայրս այլևս երբեք չի տեսնում իր քեռիներին: Մյուս օրն առավոտյան թուրքերը ձիանոցը հրդեհում են:

Մի օր տատիկս որոշում է հավաքել հայ կանանց մի խումբ և գնալ մասնակցելու թուրքերի կողմից իրականացվող երկաթգծի կառուցման աշխատանքներին` գումար վաստակելու նպատակով: Կանայք, այն բանից հետո, երբ կառավարությունն ազատվել էր հայ տղամարդկանց մեծ մասից, այլ ելք չունենալով, տաժանակիր աշխատանքների էին անցնում թուրքերի մոտ, ինչպիսին է, օրինակ, քար կտրելը:
Երբ տատիկս ստիպված է լինում աշխատանքի բերումով ավելի հեռանալ Ադանայում գտնվող իրենց տնից, որոշում է երեխաներին ևս վերցնել իր հետ: Սակայն մի օր, մտածելով, որ ամուսինը կարող է վերադառնալ պատերազմից և փնտրել իրենց՝ որոշում է հետ դառնալ: Նրա աշխատանքային խումբը, որը միայն կանանցից և երեխաներից էր կազմված, վստահելով տատիս և չցանկանալով նրանից բաժանվել, նույնպես որոշում է հետ վերադառնալ: Ի դեպ, աշխատանքային այդ խմբում կային տղա երեխաներ, ում մազերը կանայք չէին կտրում՝ վախենալով, որ թուրքերը նրանց էլ կսպանեն:    

Հետդարձի ճանապարհին նրանց վրա հարձակվում է թուրքական մի խառնամբոխ և սպանում բոլորին: Մայրս հիշում է, թե ինչպես թուրքերից մեկը իր զենքը դրեց եղբոր սրտին և փորձեց կրակել: Բարեբախտաբար, զենքը չի կրակում, և երեխային հաջողվում է փախչել: Մայրս նույնպես, ով այդ ժամանակ արդեն վեց տարեկան էր, կարողանում է հրաշքով փրկվել՝ անշարժ պառկելով իր մահացած մոր կողքին: Երբ թուրքերը հեռանում են, նա ձայն է տալիս մորը. "Մամա՛, մամա՛, ելի՛ր այլևս, պիտի՛ աշխատենք, չէ՞": Մայրս չէր հավատում, որ Լուսյա տատիկս էլ երբեք չի արթնանա: 

Բարեբախտաբար, այդ ժամանակ հայ կամավորականների մի ջոկատ, որի մեջ էր նաև մայրիկիս հորեղբոր տղան՝ Դավիթ Թուջարյանը, նույն տեղով անցնելիս է լինում: Նրանք թաղում են բոլոր մահացածներին, իսկ ողջ մնացած երեխաներին վերցնում իրենց հետ:
Դավիթ քեռին, շատ լավ հասկանալով, որ երեխաներին իր մոտ պահելը անվտանգ չէ, նրանց վստահում է իր թուրք ընկերոջը, ով երդվում է արյան գնով երեխաներին փրկել ոճրագործներից ու հանձնում է երեխաներին որբանոց: Մայրս պատմում է, որ Դավիթ քեռու թուրք ընկերն իրենց շատ լավ էր վերաբերվում. ինքը հացը չէր ուտում, տալիս էր նրանց: Նրան հաջողվում է երեխաներին ապահով անցկացնել սահմանը և հանձնել ֆրանսիացիներին, ովքեր երեխաներին տանում են որբանոց:
Այսպիսով՝ մորս և քեռուս հաջողվում է հրաշքով փրկվել Ցեղասպանությունից…


Ներկայացված նյութերը, կարծիքներն ու եզրակացությունները ներկայացնում են հեղինակների և մասնակիցների տեսակետը և չեն արտացոլում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: