ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Պորտուգալիայի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 14-ին հանդիպել է Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացումը և դրական դինամիկայի պահպանման նպատակով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների անցկացումը: Ընդգծվել է մինչ օրս բազմակողմ հարթակներում անմիջական շփումների ինտենսիվությունը, ինչպես նաև երկու երկրերի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացման նշանակությունը:

Արարատ Միրզոյանը և Ժուաու Կռավինյուն քննարկել են հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Նշվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի աշխուժացման, ներդրումային ծրագրերի հեռանկարները պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի ոլորտները, մտքեր են փոխանակվել համատեղ ընթացիկ և նոր ծրագրերի կյանքի կոչման շուրջ:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև բազմակողմ օրակարգին առնչվող հարցերը: Քննարկվել է ՀՀ-ԵՄ գործընկերության, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում առկա փոխգործակցությունը:

Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային հարցերին: Արարատ Միրզոյանն իր պորտուգալացի գործընկերոջը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում առկա անվտանգային և մարդասիրական լուրջ մարտահրավերները:

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից արդեն 7 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը չեն նպաստում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, ԼՂ շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները կանխելու հրամայականը՝ կարևորելով միջազգային դերակատարների հստակ գործողությունները:

Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Բաքվի կողմից առավելապաշտական նկրտումներից և հռետորաբանությունից, ագրեսիվ գործողություններից հրաժարվելու, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

Նախօրեին ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ ևս քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերին, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ ԵՄ շարունակական աջակցությանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանը: Ընդգծվել է վերջինիս կարևոր դերը Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին կայունության ամրապնդման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: