ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմեն. անվերջանալի հակասությունները խորանում են

Եմենում շարունակվում են ռազմական գործողությունները: Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների օդուժը «Վճռականության փոթորիկ» գործողության շրջանակներում շարունակում է ավիահարվածներ հասցնել տարբեր շրջաններում գտնվող կառույցների ուղղությամբ: Առավել հաճախ ռմբակոծությունների են ենթարկվում Եմենի մայրաքաղաք Սանան և հյուսիսային նահանգները: Չնայած ակտիվ ռմբակոծություններին՝ շիական hոուսիտները ոչ միայն չեն զիջում իրենց դիրքերը, այլ նաև ակտիվ ռազմական գործողություններ են մղում, հատկապես Եմենի հարավային Ադեն քաղաքում: Միաժամանակ նշվում է, որ «Ալ-Կաիդայի» հետ կապված զինյալները գրավել են արևելյան Հադրամաութ նահանգը:

Լարված իրավիճակ է տիրում եմենա-սաուդական սահմանին, որտեղ փոխհրաձգություն է տեղի ունենում հուսիտների և սաուդացի զինվորների միջև: Նշվում է, որ սաուդական հատուկ նշանակության ուժերը մասնակցում են Եմենի տարածքում ընթացքող մարտական գործողություններին: Եմենական բոլոր ուժերի հետ երկխոսություն սկսելու Սաուդյան Արաբիայի պատրաստակամությանը հուսիտները պատասխանել են, որ համաձայն են բանակցություններ սկսել, եթե դադարեցվեն ռմբակոծությունները:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով արդեն ավելի քան 500 մարդ է զոհվել, 1700-ը՝ վիրավորվել: Երկրում օրեցօր վատթարանում է մարդասիրական իրավիճակը, շարունակվում է օտարերկրյա քաղաքացիների տարհանումը: ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է ՀՀ քաղաքացիների տարհանման մասին տեղեկությունները: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել է, որ առնվազն ՀՀ 10 քաղաքացիներ են տարհանվել: «Դեռևս հստակ տվյալներ չկան», - ասել է Տ. Բալայանը:

Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների շրջանում բանաձևի նախագիծ է տարածել, որը պահանջում է «պարբերական և պարտադիր» դադարներ հաստատել Եմենում ընթացող ռազմական գործողություններում մարդկանց տարհանման և բնակչությանը «անվտանգ և անխոչընդոտ մարդասիրական օգնություն» հասցնելու համար, հայտնում է РИА Новости-ն: ՄԱԿ-ի ԱԽ-ն դիտարկում է նաև Ծոցի համագործակցության խորհրդի կողմից ներկայացված մեկ այլ բանաձև, որը, մասնավորապես, ենթադրում է հուսիտներին զինամթերքի մատակարարման վրա  էմբարգոյի սահմանում, ինչպես նաև աջակցություն է հայտնում արաբական կոալիցիայի կողմից իրականացվող ռազմական գործողությանը:

Եմենի հակամարտությունը դարձել է ոչ միայն Պարսից ծոցի միապետությունների, այլև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրը: 2015 թվականի հունվարին Եմենում հուսիտների գործողությունների հետևանքով իրավիճակը կտրուկ սրվեց: Եմենի նախագահը դիմեց ՄԱԿ-ին և Պարսից ծոցի միապետություններին՝ խնդրելով շտապ միջամտել և բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել օրինական իշխանությանը: Այսպես սկսվեցին Սաուդյան Արաբիայի գլխավորած ավիահարվածները:

Հուսիտների և նրանց թիկունքում կանգնած Իրանի նպատակն է տապալել Եմենի իշխող վարչակազմը և այս կերպ հարված հասցնել Իրանի վաղեմի տարածաշրջանային մրցակցին՝ Սաուդյան Արաբիային: Վերջին տարիներին Իրանն ավելի շատ է ներգրավվում Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններում, ինչն ավելի է սրում Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունները, որոնք մշտապես բարդ, անգամ թշնամական բնույթ են կրել, քանի որ երկու երկրներն էլ պայքարել են տարածաշրջանային գերիշխանության համար:  Սակայն տարածաշրջանային երկու գերտերությունների բաց առճակատումը կարող է իսկապես պայթեցնել տարածաշրջանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: