ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնել են Ավստիրայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ այս հայտարարության ընդունումը նշանակում է՝ Ավստրիան պաշտոնապես ընդունել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հայտարարության ընդունմանը ներկա են եղել նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

Ավելի վաղ ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» (Der Standard) պարբերականը անդրադարձել է հայտարարությանը ու ներկայացրել վերլուծություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փաստաթղթում հղում է արվում նաև Ավստրիայի պատմական պատասխանատվությանը, քանզի այդ տարիներին Ավստրո-Հունգարական կայսրությունը հանդիսանում էր Օսմանյան կայսրության դաշնակիցը:Պարբերականը տեղեկացնում է, որ 1.5 միլիոն հայերի սպանության փաստը վերջին շրջանում հանրային հնչեղություն է ստացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից ցեղասպանություն որակվելու պատճառով: Ներկայացնելով Պապի հայտարարությունն առ այն, որ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է»՝ «Շտանդարտը» նշում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի համար պապի խոսքերն «արժեք չունեն»:

«Առաջին անգամ իրավիճակն այլ է պաշտոնական Ավստրիայի համար»,- գրում է պարբերականն ու նշում, որ խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակված է նաև Թուրքիայի տասնյակ հազարավոր քրիստոնյա այլ բնակիչների՝ արամեացիների, ասորիների, խալդեացիների, պոնտացի հույների կոտորածների փաստը:

 Ըստ աղբյուրի, հայտարարության տեքստում ասվում է, որ «Ավստրիան պարտավորվում է սարսափելի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն»: Միևնույն ժամանակ հայտարարությամբ կոչ է արվում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի էջերին և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը ճանաչել որպես ցեղասպանություն:

Փաստաթղթում նաև նշվում է, որ հայերի դեմ ուղղված ոճրագործությունը չպետք է մոռացության մատնվի: «Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ պարբերականի՝ ասված է հայտարարության տեքստում:

Պարբերականը տեղեկացնում է, որ ավելի քան 20 երկրներ հայերի կոտորածները ճանաչել են որպես ցեղասպանությունը: Նշելով, որ դա պատմական փաստ է, «Շտանդարտը» տեղեկացնում է, որ Ավստրիան մինչ այժմ խուսափում էր փաստը ճանաչելուց՝ ներկայացնելով ընդամենը մեկ փաստարկ, թե դա տեղի է ունեցել է մինչև 1948թ.՝ մինչև ՄԱԿ համապատասխան կոնվենցիայի ընդունումը: Թերթը նշում է, որ մինչև այդ տեղի է ունեցել նաև Հոլոքոստը, ինչը պաշտոնական Վիեննան ճանաչում է որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է ներկայացված հայտարարությանը, ապա աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դիմել էր Ավստրիայի նախագահ Ֆիշերին, կանցլեր Ֆայմանին, փոխկանցլեր Միթերլեներին և Ազգային ժողովի նախագահ Բուրեսին, խնդրանքով, որ Ավստրիան միանա «մյուս երկրների փորձին» և ի վերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    18.05.2024
    21°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: