ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. որո՞նք են մեր հետագա քայլերը

Եթե փորձենք ամփոփել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումները, ապա այդ համատեքստում ամենակարևորը, որը պետք է առանձնացնել Հայաստան-ԼՂՀ-Սփյուռք միասնությունն է։ Երեք կողմերի գործողությունների կազմակերպվածության մակարդակն, ամենայն հավանականությամբ, ամենաբարձրն էր վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Հայությունը ցույց տվեց իր ողջ ներուժը և համախմբվելու կարողությունն այն ժամանակ, երբ կա միասնական գաղափար, նպատակ և տեսլական։ Միասնականության նման դրսևորումից հետո վստահաբար կարող ենք նշել, որ երբ հայությունը կազմակերպված է, ապա ցանկացած խնդիր հնարավոր է արդյունավետորեն լուծել:

Ինչպես Հայաստանի հասարակական շրջանակներում, այնպես էլ ամբողջ աշխահի հայկական համայնքներում համազգային ոգևորությանը զուգահեռ հասունանում էր մեկ կարևոր հարց՝ որո՞նք  են մեր հետագա քայլերը:

Այս հարցի լիարժեք պատասխանի համար կարևոր է մեկընդմիշտ ամրագրել հետևյալ բանաձևը՝ «Ցեղասպանության 100-ամյա տարելիցն ընդամենը հանգրվան է, որից հետո Ցեղասպանության ճանաչման, հետևանքների վերացման պայքարը մտնում է նոր փուլ, նոր սկիզբ»։  Այս տեսանկյունից ահնրաժեշտ է ազատվել այնպիսի կարծրատիպերից, ինչպես օրինակ՝  ՄԱԿ բոլոր անդամների կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, Ցեղասպանությունը չճանաչած երկրներում դատական գործեր սկսելու (փոխհատուցման խնդիրների հետ կապված) անհնարինությունը և այլն:

Հաշվի առնելով համազգային միասնության ներկայիս մակարդակը՝ կարևոր է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել դրա շարունակականությունը` միևնույն ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատելով համազգային օրակարգի բոլոր առաջնահերթությունները։

Նոր փուլում ցանկալի է լինել առավել իրատես և սեփական քայլերը հաշվարկել առանց Թուրքիայի կողմից լավատեսական ակնկալիքների: Անհրաժեշտ է հստակ գիտակցել այսօրվա իրականությունը․ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է «ոչ բարեկամական» քաղաքականություն՝ ինչպես շրջափակման քաղաքականության տեսանկյունից, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտությա հարցում։ Հաշվի առնելով այս գործոննները` պետք է նախաձեռնել այնպիսի քայլեր, որոնք բխում են ներկա իրավիճակից և կվերացնեն կամ կնվազեցնեն հնարավոր բոլոր մարտահրավերները  (այդ թվում՝ նաև անվտանգությանը վերաբերող)։

Բացի այդ, հաշվի առնելով այն դրական առաջընթացը, որն արձանագրվում է վերջին տարիներին, անհրաժեշտ է առավել համակարգված աշխատանք ինչպես Թուրքիայի հանրության, այնպես էլ թուրքական համայնքի հետ։ Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, թուրքական հասարակությունում կան որոշ գիտակից շրջանակներ (այդ թվում` նաև ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին՝ քրդերի շրջանում), որոնք տարեցտարի ավելի ակտիվորեն են բարձրաձայնում հայկական հարցը՝ երբեմն անգամ ձեռնարկելով ակտիվ գործողություններ։ Թուրքական համայնքերում, ինչպես Եվրոպական երկրներում, այնպես էլ ԱՄՆ-ում, նույնպես կան առանձին անհատներ, կազմակերպություններ, որոնք (երբեմն նույնիսկ ավելի ակտիվ, քան տեղի հայերը) Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ են ներկայացնում ինչպես տեղական, այնպես էլ թուրքական իշխանություններին։  Հաշվի առնելով այս «առաջադիմական» խմբերի առկայությունը՝ և՛ Հայաստանը, և՛ հայական սփյուռքը պետք է կապեր հաստատի և/կամ առավել սերտ համագործակցի նրանց հետ, ինչն, անկասկած, մոտ ապագայում կտա դրական արդյունքներ։

Ընդհանրացնելով այս ամենը՝ կարելի է նշել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը բացի հայությանը միավորելուց, որոշակի հետք է թողել նաև միջազգային հանրության մեջ՝ ուրվագծելով համամարադկային արժեքները շահերից գերադասելու նոր միտումներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: