ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ է ԼՂՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում եվրոպական չափանիշներին

Մի քանի օր անց` մայիսի 3-ին, ԼՂՀ ում  տեղի  կունենան  հրադադարի  կնքումից  ի  վեր վեցերորդ խորհրդարանական  ընտրությունները: Ինչպես Արցախի  իշխանություններն են  հավաստում, քվեարկությանը կհետևեն տասնյակ միջազգային դիտորդներ` չնայած նրան, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝  վերջիններիս մուտքը ԼՂՀ խոչընդոտելու համար:  Միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունների մի շարք  զեկույցներ փաստում  են,  որ ԼՂՀ-ն ժողովրդավարության սկզբունքների պաշտպանության առումով մի շարք ցուցանիշներով  գերազանցում է Ադրբեջանին:

Սակայն հայկական պետությունների համար մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման ոլորտում չափանիշը Ադրբեջանը չէ, որ պետք է լինի: Հետևաբար պարզելու համար, թե ԼՂՀ ընտրական օրենքներն իրենց ազատականությամբ որքանով են մոտ եվրոպական չափանիշներին, ստորև ընտրական իրավունքի արցախյան նորմերը կփորձենք համեմատել եվրոպական որևէ երկրի ընտրական օրենսդրության հետ, օրինակ՝ Լեհաստանի:

Ինչպես երաշխավորում է ԼՂՀ սահմանադրությունը, «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»: Լեհական ընտրական իրավունքը 1997թ. ընդունված օրենքով այս սկզբունքներին հավելել է ևս մեկը` ընտրությունների ազատության սկզբունքը: Մինչ այդ երկրի սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը բառացիորեն չէին ամրագրում ընտրությունների ազատության սկզբունքը, թեև այն անուղղակիորեն ենթադրվում էր:

ԼՂՀ օրենսդրությամբ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները: Նման իրավունք է սահմանում նաև Լեհաստանի օրենսդրությունը, նախկին օրենսդրությունը Սեյմի և Սենատի անդամներ ընտրելու իրավունք էր տալիս նաև երկրի տարածքում առնվազն հինգ տարվա մշտապես բնակված, Լեհաստանի քաղաքացիություն չունեցող անձանց, սակայն ընտրական օրենքի մեջ 1997-ի փոփոխության արդյունքում այս դրույթը հանվել է:

Քաղաքացիություն չունեցող անձինք, սակայն, կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այն վայրում, որտեղ մշտական բնակության իրավունք ունեն: ԼՂՀ ընտրական օրենսգիրքը ևս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք է տալիս քաղաքացիություն չունեցող այն անձանց, ովքեր տվյալ վայրում մշտապես բնակվում են վերջին 12 ամսվա ընթացքում:

ԼՂՀ օրենսդրությունն ընտրական իրավունքն իրացնելու հնարավորություն է ընձեռում նաև ընտրությունների պահին երկրից դուրս գտնվող քաղաքացուն: Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է. «Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել ԼՂՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունից յոթ օր առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի միջոցով»:

ԼՂՀ ընտրություններում պատգամավորի թեկնածու կարող է դառնալ 23 տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Լեհաստանի օրենսդրությունը խորհրդարանի ստորին պալատում` Սեյմում ընտրվելու իրավունք է վերապահում 21, վերին պալատում` Սենատում, 30 տարին լրացած քաղաքացիներին, ովքեր ունեն ընտրելու իրավունք:

Լեհական Սեյմում պատգամավորներն ընտրվում են համամասնական կարգով, Սենատում` մեծամասնական: Սակայն համամասնական ընտրությունները Լեհաստանում մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն. ընտրողները քվեարկում են ոչ միայն որևէ կուսակցության օգտին, այլև կուսակցական ցուցակում ընդգրկված կոնկրետ թեկնածուի: Արդյունքում ընդհանուր քվեների 5%-ի (կուսակցական կոալիցիաների դեպքում` 8%) շեմը հաղթահարած կուսակցությունները Սեյմում ներկայացվում են առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցական անդամներով:

ԼՂՀ-ում այս տարի ԱԺ 33 պատգամավորներից 22-ը կընտրվեն համամասնական, իսկ 11-ը՝ մեծամասնական ընտրական կարգով: Ի դեպ, նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ համամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թիվն այս ընտրություններում ավելացել է:

Յուրաքանչյուր երկրում ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու նպատակով ձևավորվում են ընտրական հանձնաժողովներ, որոնցից Պետական կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքով: Լեհաստանում Պետական ընտրական հանձնաժողովը կազմված է Սահմանադրական, Գերագույն և Բարձրագույն վարչական դատարանների երեք դատավորներից, ում նշանակում է երկրի նախագահը դատական նշված ատյանների նախագահների ներկայացմամբ: ՊԸՀ-ն հետևում է ընտրական իրավունքի նորմերի պահպանմանը, քննում է ընտրական հանձնաժողովների գործունեության հետ կապված բողոքները, սահմանում է ընտրական փաստաթղթերի, կնիքների օրինակները, գրանցում է նախագահի թեկնածուներին, հրապարակում է քվեարկության և նախագահական ընտրությունների արդյունքները: Սեյմի և Սենատի ընտրությունների կազմակերպման նպատակով ՊԸՀ-ն ձևավորում է շրջանային ընտրական հանձնաժողովներ: Վերջիններս վերահսկում են տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, գրանցում են Սեյմի ու Սենատի թեկնածուներին, արձանագրում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ըստ շրջանների: Շրջանային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկված են ընդհանուր իրավասության դատարանների 11-15 դատավոր: Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձևավորվում են համայնքի վարչակազմի կողմից կուսակցությունների և կոալիցիաների կողմից առաջադրված ընտրողների թվից: ԼՂՀ-ում ևս գործում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ, որը գլխավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԼՂՀ ԿՀՎ–ն կազմված է հանրապետության նախագահի կողմից նշանակված երեք անդամից, ինչպես և Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում՝ դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից: Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և դաշինքների թիվը չի գերազանցում երեքը, ապա յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկուական անդամ: ԿԸՀ նախագահին, նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին ընտրում է հանձնաժողովն իր կազմից, վերջիններիս թեկնածությունը ևս առաջադրում են ԿԸՀ անդամները: Այժմ ԼՂՀ ԿԸՀ-ն կազմված է ինն անդամից, այդ թվում` Նախագահը, վերջինիս տեղակալը և ԿԸՀ քարտուղարը: ԿԸՀ անդամները նշանակում են Տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին, վերջիններս իրենց հերթին նշանակում են Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին:

Ինչ վերաբերում է քվեների հաշվարկին, ապա ԼՂՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է. «1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը: 2. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ (նիստին կարող է մասնակցել նաև թեկնածուն) սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը»: ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփվում են Տարածքային ընտրական հանձնաժողովների, իսկ ԱԺ համամասնական ընտրակարգով և նախագահական ընտրությունների արդյունքները` ԿԸՀ կողմից:

ԼՂՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է նաև ընտրություններին վստահված անձանց, դիտորդների, այդ թվում միջազգային, ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության կարգը: Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները, ԼՂՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին: Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ ԼՂՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Միջազգային կազմակերպություններին և հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն ԼՂՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ԿԸՀ-ն: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

ԼՂՀ ԱԺ 2010թ. մայիսի 23-ի ընտրություններին միջազգային դիտորդները տվել են հետևյալ գնահատականը. «ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների նախապատրաստումը, անցկացումն ու արդյունքների ամփոփումը իրականացվել են 2004թ. դեկտեմբերի 8-ի ԼՂՀ ընտրական օրենսգրքին (փոփոխված` 2007, 2009, 2010 թթ.-ին) համապատասխան: ԼՂՀ Ազգային ժողովի 33 պատգամավորների ընտրություններն անցկացվել են համամասնական (17 տեղ) և մեծամասնական (16 տեղ) ընտրակարգերով: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 կուսակցություն (բոլորն էլ գրանցվել են ԼՂՀ ԿԸՀ-ում): Մեծամասնական ընտրակարգով 16 ընտրատարածքում առաջադրվել է 40 թեկնածու, որից 18-ը գրանցվել է կուսակցություններից, 7-ը` քաղաքացիական նախաձեռնությամբ: Համամասնական ընտրակարգով քվեաթերթիկներում այբբենական կարգով նշվել են կուսակցությունների անվանումները, ինչպես նաև ընտրացուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:

...Որպես բացթողում՝ կարելի է նշել այն հանգամանքը, որ ընտրողների ցուցակների համակարգչային մշակումն ավարտին չի հասցվել: Այդ պատճառով առանձին քաղաքացիների անունները դուրս են մնացել ցուցակներից, և նրանք ստիպված էին լրացուցիչ ժամանակ ծախսել ԼՂՀ ոստիկանությունում՝ համապատասխան տեղեկանքներ ստանալու և դրանց հիման վրա քվեարկելու համար: Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում: Էական խախտումներ չեն գրանցվել ո՛չ ընտրողների գրանցման և քվեարկության, ո՛չ ձայների հաշվարկման ընթացակարգերում, ո՛չ էլ ընտրական տեղամասերից արձանագրությունները տարածքային և ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովներ տեղափոխելիս: Ամբողջ օրվա ընթացքում 3 ժամը մեկ հաղորդվել է ընտրողների ակտիվության մակարդակի մասին: Վերջնական արդյունքում ընտրողների ակտիվությունը կազմել է 67.461 ընտրողներ:

Ընտրողները, որոնց հետ մենք հանդիպել ենք, ընտրությունների կազմակերպման և լուսաբանման վերաբերյալ դժգոհություններ չեն արտահայտել: Ընդհանուր առմամբ, ԼՂՀ Ազգային ժողովի 2010թ. մայիսի 23-ի ընտրություններն անցկացվել են թափանցիկ, արդարացի, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և կարող են գնահատվել որպես հերթական առաջընթաց քայլ ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացման ճանապարհին»:

Ինչպես տեսնում ենք, և՛ օրենսդրական մակարդակով, և՛ ընտրությունների փաստացիկազմակերպման ընթացքում ժողովրդավարական նորմերի պահպանման առումով ԼՂՀ-ն քիչ է զիջում նույնիսկ վաղուց կայացած ու ճանաչված ժողովրդավարություններին: Իսկ առկա թերացումները շտկելու, ժողովրդավարական արժեքներն ամրապնդելու հարցում ԼՂՀ-ն  այսօր ունի միջազգային հանրության օժանդակության կարիքը, որը կարող է դրսևորվել առաջիկաընտրություններին վերջիններիս ներկայության, դրանց սեփական գնահատականը տրամադրելու միջոցով: Ինչպես օրերս նշել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը,  ընտրություններին դիտորդական առաքելությամբ ներկա գտնվելու հրավեր է ուղարկվել շուրջ 60 միջազգային կառույցների և անհատների, ուստի վերջիններիս է մնում սեփական ներկայությամբ հարավկովկասյան ևս մեկ տարածքում ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը նպաստելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: