ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկ Խանումյան. Արցախի այս ընտրությունները բավական մրցակցային են

Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցություն նախագահ Հայկ Խանումյանի հետ:

 

 - Պարո՛ն Խանումյան, ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

 - Արցախում նախընտրական պայքարը սովորաբար ընթանում է երկու սցենարով՝ կախված հանգամանքներից: Երբ լինում է ուժեղ մրցակցություն, հատկապես ուժեղ ընդդիմադիր ուժ կամ թեկնածու՝ ինչպես եղել է 2005թ. Աժ-ի, 2007, 2012թթ. նախագահական ընտրությունների ժամանակ, իշխանություններն օգտագործում են ընտրախախտումների ամբողջ հնարավոր ռեսուրսը իրենց հաղթանակի ապահովման համար: Այն դեպքերում, երբ չկա լուրջ մրցակցություն, չկա ընդդիմություն, ինչպես, ասենք, 2010թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, իշխանությունները հակված են քիչ ընտրախախտումների: 2015թ. ԱԺ ընտրությունները պատկանում են առաջին սցենարին, երբ կա լուրջ մրցակցություն քաղաքական ուժերի միջև, կա ուժեղ և հավակնոտ ընդդիմություն՝ ի դեմս մեզ: Մենք շատ լավ գիտենք գործող իշխանությունների մակարդակը, ինչպես նաև մեր քաղաքական համակարգի որակները: Եվ քարոզարշավի ժամանակ մեր համակիրների ու կուսակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումները, ընդհուպ մեր կենտրոնական շտաբից զրկելը վկայում են, որ իշխանություններն անելու են ամեն ինչ՝ իրենց ցանկալի արդյունքն ապահովելու համար: Իշխանություններին վստահելու որևէ հիմք, ցավոք սրտի, չունենք: Մեր միակ երաշխիքը մեր վստահված անձինք են:

 

- Ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները կարո՞ղ են առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման գործընթացում:

 - Մենք ընտրել ենք համակարգային պայքարի ձևը և ընտրությունները դիտարկում ենք որպես քաղաքական համակարգի որակները բարձրացնելու առիթ: Իսկ ժողովրդավարացման գործում մեծագույն նշանակություն ունի ինքնակազմակերպման ներուժ ունեցող հասարակությունը: Ընտրություններն առիթ են հասարակության գոնե ժամանակավոր քաղաքական ինքնակազմակերպման համար: Մենք ամեն ինչ անելու ենք ինքնակազմակերպման այս գործընթացը մինչև վերջ տանելու համար:

 

- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքեր ընտրություններից հետո:

 - Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն աշխարհում ազատությունների գնահատման իրենց զեկույցները կազմելիս սովորաբար հաշվի են առնում ընտրությունների անցկացման մակարդակը: Քանի որ այս ընտրություններն Արցախում բավականին մրցակցային են, միջազգային վերլուծական կենտրոնների և ժողովրդավարությունը գնահատող կազմակերպությունների գնահատականները նպաստավոր կլինեն, սակայն ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման վրա որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ: Սուբյեկտայնության բարձրացումն առավելապես ներքին, քան թե արտաքին գործընթաց է:


- Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի Ձեր տեսլականը:

- Ղարաբաղյան հարցում մենք միայն մեկ գերտերություն ենք տեսնում, և այդ գերտերությունն Արցախն է: Միայն զարգացած տնտեսությամբ, առաջադեմ քաղաքական համակարգով, ուժեղ հասարակությամբ Արցախը կարող է լուծել պաշտպանության և դեմոգրաֆիայի խնդիրներ, վերջնականացնել պատերազմի դաշտում մեր տարած հաղթանակը:

 

- Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի համեմատ:

 - Այս ընտրություններին մենք շեշտը դրել ենք քաղաքական և տնտեսական ապակենտրոնացման վրա, ինչը չտեսանք մյուս կուսակցությունների ծրագրերում: Սա ենթադրում է Արցախի համայնքների զարգացման նոր տեսլական՝ հատուկ մեխանիզմների միջոցով նրանց ռեսուրսների և տեղական մուտքերի ավելացում, համայնքներին նոր լիազորությունների պատվիրակում, շրջանային վարչակազմերի լիազորությունների, ուռճացված բյուրոկրատիայի կրճատում: Ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, մենք շարունակելու ենք տեղական ինքնակառավարման մարմինների դերի մեծացման, համայնքների կարևորման մեր քաղաքականությունը, քանզի ժողովրդավարության հիմքերից մեկը զարգացած ու ինքնակառավարվող համայնք ունենալն է:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: