ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ԵՄ հետ հարաբերություններում խուսափեց բարեփոխումների «բեռից»

Ռիգայի գագաթաժողովի գլխավոր ինտրիգների ֆոնին` եզրափակիչ փաստաթղթի համաձայնեցում այնպես, որ գոհ մնա Ուկրաինան, միաժամանակ` չդժգոհի Ռուսաստանը, ԵՄ ֆինանսական օժանդակության տրամադրում Ասոցացման համաձայնագրերը կնքած գործընկերներին, վերջիններիս հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավոր մեկնարկ, թերևս քչերը կարող էին ակնկալել, որ Ադրբեջանը ԵՄ հետ հարաբերություններում հանդես կգա որևէ նախաձեռնությամբ: Նույնիսկ ադրբեջանցի փորձագետները նախօրեին խոսում էին զուտ էներգետիկ ոլորտի որևէ պայմանավորվածության հնարավորության մասին: Մինչդեռ Ռիգայում արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին երեկ հանձնեց ԵՄ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը: Իսկ մինչ այդ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել էր, որ իրենք հրաժարվում են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից և համագործակցության անհատական ձևաչափ են պահանջում:

Ի դեպ, նշենք, որ Ադրբեջանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռևս ԵՄ-Հայաստան բանակցություններին զուգահեռ` 2010-ին: Սակայն այս հինգ տարիների ընթացքում դրանք ավարտել այդպես էլ չէր հաջողվել: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱլԳ երկրներին առաջարկվող Ասոցացման համաձայնագրերում ԵՄ կողմից տրամադրվող արտոնություններին կողքին էական տեղ են զբաղեցնում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը նվիրված կետերը և ներքին բարեփոխումներներ իրականացնելու պարտավորությունները, ապա պարզ է դառնում, թե ինչու Բաքուն առանձնապես շահագրգիռ չէր այդ բանակցություններն ավարտին հասցնել:

Մարդու իրավունքներն ընդհանրապես դարձել են շատ ցավոտ հարց եվրոպական կառույցների հետ Ադրբեջանի հարաբերություններում: Ըստ որոշ աղբյուրների՝ օրերս նույնիսկ Ալիևի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովն իր մոտ է հրավիրել Բաքվում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդին և պահանջել նրանից ճնշում գործադրել եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս չբարձրաձայնեն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները` հատկապես եվրոպական խաղերից առաջ:  Մամեդովը եվրոպացի դիվանագետից պահանջել է նաև կասեցնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Եվրախորհրդարանում նախանշվող լսումները:

Մամեդովն ասել է նաև, թե «հակադրբեջանական տրամադրությունների տարածումն անհնար է դարձնում ԵՄ հետ ռազմավարական գործընկերության կառուցումը»: Դեռևս հայտնի չէ` ինչ ազդեցություն են ունեցել ԵՄ չինովնիկների վրա Բաքվի «հոխորտանքները», սակայն եվրոպական մեկ այլ կառույցի` Եվրոպայի խորհրդի ներկայացուցչին Բաքվի նման պահվածքն ակնհայտորեն նյարդայնացրել է: Մարդու իրավունքների հարցով ԵԽ գերագույն հանձնակատար Նիլ Մույժնիեկսն օրերս հանդես եկավ Ադրբեջանում տեղ գտած օրինազանցությունների սուր քննադատությամբ: «Նախորդ տարվա օգոստոսից բռնաճնշումներն Ադրբեջանում գնալով նոր թափ են հավաքում և լայնածավալ բնույթ են կրում: ԵԽ երկրորդ երկիր չկա, ուր իմ բոլոր գործընկերները բանտում կլինեին»,-նշել է հանձնակատարը: Անդրադառնալով քաղբանտարկյալների հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը` հանձնակատարն ասել է. «Հնարավոր է երկու տարբերակ. կամ ԵԽ-ում տխմարներ են նստած, ում միակ գործն անջատողականների, թմրամոլների, ինքնասպանների ու հեղափոխականների հետ համագործակցելն է կամ` չափազանց տխուր է Ադրբեջանի իրավական համակարգի վիճակը: Կարող եմ ձեզ վստահեցնել. մենք տխմար չենք»:

Այսպիսով պարզ է, թե ինչու «տխուր իրավական համակարգով» Ադրբեջանն ամենևին էլ շահագրգիռ չէր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ևս մի բեռ ստանձնել` ի դեմս ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի:  Փոխարենն Ադրբեջանը ԵՄ հետ հարաբերությունները կզարգացնի Ռազմավարակկան համագործակցության համաձայնագրի (ՌՀՀ) շրջանակներում, որի համար, ի դեպ, չկան հստակ սահմանված չափորոշիչներ, ինչպես Ասոցացման համաձայնագրերի դեպքում: Այսինքն` ՌՀՀ-ում կարող է ներառվել ցանկացած պայման, որի շուրջ համաձայնվել են կողմերը: Այժմ ԵՄ-ն ՌՀՀ-եր ունի աշխարհի 10 երկրի հետ, որոնք չափազանց տարբեր եմ թե' զարգացվածության մակարդակով, թե' մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում իրենց մոտեցումներով: ԵՄ ռազմավարական գործընկերներ են ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Չինաստանը, ինչպես Կանադան, այնպես էլ Մեքսիկան, ռազմավարական գործընկեր է նաև Ռուսաստանը:

Եվ եթե փորձենք պարզունակ կերպով բանաձևել Ադրբեջանի ներկայիս առաջարկը ԵՄ-ին, այն կհնչի հետևյալ կերպ. «մենք կշարունակենք ձեզ էներգակիրներ տրամադրել, փոխարենը դուք մեզ ազատեք բարձր գաղափարների շուրջ քննարկումների անհրաժեշտությունից»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: