ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանաչե՛նք Արցախը. Մարտակերտ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ութ շրջաններից մեկն է, որն ընդգրկում է երկրի հյուսիս-արևելյան մասը։ Շրջանը կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930-ին) հիմքի վրա: Հայկական ուժերի կողմից Մարտակերտի շրջանը ազատագրվել է 1993-1994 թվականներին։

Տարածքը և բանակչությունը

Մարտակերտի շրջանը հյուսիսից սահմանակցում է Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Քարավաճառի ենթաշրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հարավ-արևելքում՝ Աղդամի, արևելքում՝ Բարդայի շրջաններին։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի հյուսիս ընկած ամբողջ հատվածը և պատմական Արցախ աշխարհի Ջրաբերդ գավառի հիմնական և Խաչեն ու Գյուլիստան գավառների զգալի մասը։ Գտնվում է 600 մետր միջին բարձրության վրա։  Շրջանի տարածքով հոսում են Թարթառ և Խաչեն գետերը (բազմաթիվ վտակներով)։

Մարտակերտի շրջանի մակերեսը կազմում է 1.795 քառ. կմ։ Շրջանն ունի 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 5-ը գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ։ Մարդակերտի շրջկենտրոն համանուն Մարտակերտ քաղաքն է:  Անվանումը   Մատուռակերտի  հնչյունափոխված  ձևն է կան նաև "Մարդակերտ" մարդու կերտած, կամ "Մարտակերտ" մարտերում կերտված։ Մինչև 1992 թվականը  (բռնագաղթը) Մարտակերտը մեծությամբ ԼՂԻՄ-ի երրորդ քաղաքն էր (Ստեփանակերտից և Շուշիից հետո), ուներ շուրջ 13 հազար բնակիչ (2002-ին՝ 4469)։

Շրջանի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն կազմում է 18.963 մարդ մարդ: Էթնիկ առումով բնակչությունը միատարր է՝ գլխավորապես հայեր են։ 

Կլիման

Կլիման չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 10,7 °C է: Տեղումների միջին տարեկան քանակը 410-480 մմ է։

Տնտեսություն

Տնտեսության առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Գործում են Սարսանգի ՀԷԿ-ը, Վանքի փայտամշակման կոմբինատը, Դրմբոնի լեռնամետալուրգիական և Մարտակերտի «ԷՐԱ» ընկերությունները։

Ընդերքում կան քարածխի, ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի, բարիտի, գրանիտի, վարդագույն և սպիտակ տուֆի, բենտոնիտային կավերի, գիպսահողերի, գետավազի, լեռնային ավազի պաշարներ։

Տեսարժան վայրեր

Շրջանում կա մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձան, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (13-րդ դ.), Երեք մանկունք (17-րդ դար), Եղիշե առաքյալի (12-13-րդ դդ.), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (9-րդ դ.), Խոխանաբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։

Գանձասարի վանքը XIII-XIX դդ. եղել է Արցախի վանական, քաղաքական, մշակաթային, տնտեսական և պաշտպանական կենտրոն, միաժամանակ՝ Աղվանից կաթողիկոսության մշտական, անփոփոխ աթոռանիստը: Այն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։ Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր:

Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216–1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Գանձասարը 1400–1816 թթ. Աղվանից կաթողիկոսների նստավայրն էր։ Սակայն 1923-ից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Կաչաղակաբերդը գտնվում է Մարտակերտի շրջանի Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև։ Լեռան գագաթը, որի վրա կանգնեցված է բերդը, կարելի է ճանաչել տասնյակ կիլոմետրերից։ Հատկապես այն աչքի է ընկնում Ստեփանակերտից Գանձասար տանող ճանապարհով անցնելիս։

Լեռնագագաթը արևմտյան, հյուսիսային և արևելյան կողմերից շրջապատված է ուղղաձիգ հարթ ժայռերով՝ 50-60 մ բարձրությամբ։ Համեմատաբար թույլ կողմը հարավայինն է, որտեղ և գտնվում է մուտքը։ Սակայն չափազանց դժվար է մտնել ամրոց, քանի որ մուտք որպես այդպիսին չկա. առանց մագլցման անհնար է հասնել պարսպին։ Հեռվից նայելիս բերդի ընդգրկած տարածքը փոքր է թվում, բայց իրականում այն բավականաչափ մեծ է։ Հնում այստեղ եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ՝ քար նետելու համար։ Ուշադրություն էր հատկացված նաև ջրամատակարարմանը։ Բերդի կենտրոնական մասում պահպանվել են երկու ժայռափոր ջրամբարներ, որոնք լցվում էին անձրևաջրով։ Կառույցը պատկանում է VIII դ.։ Որոշ աղբյուրներում, այդ հնագույն պաշտպանական կենտրոնը հիշատակվում է նաև Խաչենի ամրոց անունով։

Ամրոցը կոչվել է «Կաչաղակաբերդ», քանի որ միայն կաչաղակներին է այն հասանելի։ Տեղի բնակիչները բերդը ճանաչում են «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: