ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ը $119 մլն բյուջեով ծրագիր կիրականացնեն

Կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստան-Միացյալ ազգերի կազմակերպություն. 2016-2020 թթ. Զարգացման աջակցության ծրագիր»-ը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: 

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետտոն: 

Ծրագրի ստորագրման արարողության ընթացքում Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ է նշել, որ Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում, մասնավորապես՝ համընդհանուր տարրական կրթության ապահովման, մանկական մահացության կրճատման, մայրական առողջության բարելավման և մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների դեմ պայքարի մասով Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց: 

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է «Հետ–2015» զարգացման օրակարգը և կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև պատրաստակամ է՝ այս տարվա սեպտեմբերին դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել այդ նպատակների կատարմանը:

«Այսօր մենք հավաքվել ենք նաև նշանավորելու Հայաստան–ՄԱԿ համագործակցության նոր փուլի սկիզբը: ՄԱԿ-ի զարգացման օժանդակության 2016-2020 թվականների շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև առաջիկա հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց: Հայաստան-ՄԱԿ զարգացման ոլորտի համագործակցության ակնկալվող յոթ հիմնական «արդյունքները», միասնաբար սահմանվել են ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան թիմի և քաղաքացիական հասարակության կողմից: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի հիմքում են նաև հինգ ծրագրային սկզբունքներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։ 

Վարչապետն ավելացրել է, որ այս փաստաթուղթն իր մեջ ներառում է այն ոլորտները, որոնք նախանշված են ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, որը ՀՀ կառավարությունն ընդունել է 2014 թվականին:

Նրա խոսքով՝ այն թվով երրորդն է նման ձևաչափով՝ 2005-2010 և 2010-2015 թվականների համար կազմված փաստաթղթերի շարքում, և, ինչպես իրեն են զեկուցել, նախորդ 2 հնգամյակային փաստաթղթերի ամփոփումը ցույց է տվել, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հասարակական կյանքի մի շարք ոլորտներում: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ստորագրվող փաստաթուղթը նույնպես իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի բնակչության բարեկեցության ապահովման գործում:

Իր հերթին, Բրեդլի Բուզետտոն նշել է, որ այս փաստաթուղթը կազմում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության շրջանակը և արտացոլում  փոխգործակցության տեսլականը:

«Տեղին է, որ ստորագրման այս արարողությունն անցկացվում է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստից հետո, որի ժամանակ առաջընթաց արձանագրեցինք մեր նպատակների իրականացման ուղղությամբ: Այս ծրագիրը ՄԱԿ-ի օժանդակությունը պլանավորելու ռազմավարական գործիքն է: Փաստաթուղթը հանդիսանում է ՀՀ  կառավարության, Քաղաքացիական հասարակության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ աշխատանքի արգասիքը: Ծրագիրը ճանաչում է Հայաստանի արձանագրած առաջընթացը, արձանագրում նորարարական լուծումներ՝ ի պատասխան ՀՀ-ի առջև ծառացող մարտահրավերների»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Հնգամյա ծրագրի բյուջեն կազմում է 119 մլն դոլար: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: