ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովա-Ռումինիա. հնարավո՞ր է արդյոք միավորումը

Շուրջ մեկ շաբաթ Մոլդովայում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը, իշխանությունները մեղադրվում են երկրի բանկերից շուրջ մեկ միլիարդ եվրո գումար օֆշորային գոտիներ տեղափոխելու համար: Ու թեև հասարակական բողոքի հիմքում սոցիալական հարցերն են, այնուամենայնիվ հուզումները Մոլդովայում, թվում է` հարմար առիթ են ունիոնիստների համար սեփական պահանջների, այն է՝ ԵՄ անդամ Ռումիանիայի հետ Մոլդովայի միավորման պահանջը կրկին բարձրաձայնելու տեսանկյունից: Ովքե՞ր են մոլդովացի յունիոնիստները, երկու երկրների միավորման հարցում ինչպիսի՞ն է հասարակական կարծիքը Մոլդովայում և Ռումիանիայում: 

Տեղեկանք

Մոլդովայի Հանրապետությունը երկիր է հարավ-արևելյան Եվրոպայում, որը սահմանակից է Ուկրաինային և Ռումինիային: Ունի  33 846 ք/կմ տարածք` շուրջ 3 ու կես մլն  բնակչությամբ:

Ժամանակակից Մոլդովայի տարածքի մեծ մասը` բացառությամբ Մերձդնեստրի զբաղեցնում է պատմական Բեսարաբիայի հիմնական հատվածը: Մինչև 1812թ. Բեսարաբիա է անվանվել Դանուբ, Դնեստր, Պրուտ գետերի և Սև ծովի միջև ընկած ցամաքի հատվածը: Մինչև 14-րդ դարի կեսը այս տարածքը գտնվել է տարբեր պետական միավորումների կազմում` Հին Ռուսիա, Ոսկե Հորդա և այլն: 14-րդ դարի երկրորդ կեսին ժամանակակից Ռումիանիայի տարածքի հետ միասին ընդգրկված է եղել Մոլդովական իշխանության կազմում, որը 16-րդ դարում անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: 18-րդ դ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրության տիրապետության ներքո է անցնում Դնեստրի ձախ ափը (այժմյան Մերձդնեստրը), հաջորդ պատերազմի արդյունքում 1812թ. կնքված Բուխարեստի պայմանագրով` ողջ Բեսարաբիան: 1858-61թթ. վերջինս միավորվում է Վալախիայի հետ (պատմական տարածք ժամանակակից Ռումինիայի հարավում` Կարպատյան լեռների և Դանուբ գետի միջև)` կազմելով միավորված կոմսություն, որը շուտով կրկին հայտնվում է Օսմանյան կայսրության տիրապետության ներքո: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով կոմսությունն անկախություն է ձեռք բերում, որի տարածքում այնուհետև ձևավորվում է Ռումինիայի թագավորությունը:  Վերջինս ընդգրկում էր տարածքներ նաև ժամանակակից Ուկրաինայից և  Բուլղարիայից: 1917թ. ռուսական հեղափոխությունից հետո Բեսարաբիայի տարածքում հռչակվում է Մոլդովայի Դեմոկրատական Հանրապետությունը, որը մեկ տարի անց կրկին հայտնվում է Ռումիանիայի թագավորության կազմում: 1924թ. Ուկրաինական ԽՍՀ կազմում հռչակվում է Մոլդովայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը սակայն չէր ներառում Բեսարաբիայի տարածքը: 1940թ. Մոլոտով-Ռիբենտրոպի պակտի կնքումից հետո Ռումիանիան ստիպված է լինում ԽՍՀՄ-ին զիջել Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան, արդյունքում ձևավորվում է Մոլդովայի ԽՍՀ-ն: Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական և ռումինական զինված ուժերին հաջողվում է գրավել Բեսարաբիան, սակայն Խորհրդային Միությունը շուտով հետ է նվաճում այս տարածքը: 1991թ. օգոստոսի 27-ին Մոլդովայի Հանրապետությունն անկախություն է հռչակում ԽՍՀՄ-ից: Մինչ այդ` 1989թ., անկախանալու ձգտում էր արտահայտել Մերձդնեստրը, 1992-ին անկախացման գործընթացը վերածվեց զինված հակամարտության` մեծաթիվ զոհերով երկու կողմից էլ: Այժմ հակամարտության գոտում խաղաղությունը պահպանվում է Մոլդովայի, Ռուսաստանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության միացյալ խաղաղապահ ուժերի կողմից` ուկրաինացի դիտորդների մասնակցությամբ:      

 

Ռումիանիայի հետ Մոլդովայի միավորման կողմնակիցներ (ունիոնիստներ) կան երկու երկրում էլ, թեև միավորման անհրաժեշտության շուրջ հայտարարություններ պարբերաբար հնչում են Բուխարեստի պաշտոնական շրջանակներից: Մոլդովայում կան մի շարք քաղաքական կուսակցություններ, որոնք կողմ են հանդես գալիս միավորման գաղափարին:

Միավորման գաղափարը ծնվել են դեռևս Դանուբյան կոմսությունների ձևավորման ընթացքում` 14-րդ դարում: Սակայն գաղափարը միշտ չէ միաշանակ հավանության արժանացել մոլդովացիների շրջանում: Հատկապես ֆեոդալիզմի դարաշրջանում Բեսարաբիայի կոմսերը հակված չէին կորցնել հարաբերական անկախությունը` միավորվելով մեկ ընդհանուր թագավորության կազմում: Մյուս կողմից, սակայն, Մոլդովական կոմսությունը (որի կազմում, ինչպես նշվեց, ժամանակակից Մոլդովայի և Ռումինիայի տարածքներն էին) ապաստան է դառնում վալախյան շատ ընտանիքների համար, որոնք փախչում էին Տրանսիլվանիա ներխուժող հունգարացի, գերմանացի ֆեոդալների, ինչպես նաև Վալախիայում հաստատված թուրքերի և հույների տիրապետությունից: Վալախյան էթնոլեզվական խմբերի հիման վրա էլ ձևավորովում է ժամանակակից ռումինացի ազգը: Ժամանակակից մոլդովացիներն ու ռումինացիները պատկանում են էթնիկ նույն խմբին, խոսում են նույն լեզվով, թեև Ռումինիան 19-րդ դարում Կիրիլյան այբուբենից անցում է կատարել լատինատառ գրագրության, մինչդեռ Մոլդովան շարունակում է կիրառել Կիրիլյանը: Բեսարաբիայի միավորումը Ռուսական կայսրությանը հանգեցրել է մոլդովացի բնակչության թվի նվազման այս տարածքում: 1850-ականներին Բեսարաբիայի միակ պաշտոնական լեզուն ռուսերենն է դառնում, դպրոցներում դադարեցվում է մոլդովերեն լեզվի ուսումնառությունը: Տրանսիլվանիայի, Բեսարաբիայի միավորումը Ռումինիային 1918 թ. թվում էր, թե պիտի նպաստեր մոլդովացիների և ռումինացիների ինտեգրմանը: Սակայն ինտեգրացիոն գործընթացները դանդաղում են Բեսարաբիայում ռումինական բանակի գործողությունների արդյունքում, ինտեգրումը հավանության չի արժանանում նաև տարածքում էթնիկ փոքրամասնությունների` գագաուզների, բուլղարների, հրեաների կողմից: 1940թ. Բեսարաբիայի` ԽՍՀՄ-ին անցնելուց հետո ինտեգրացիոն գործընթացները, բնականաբար, դադարում են: Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման գաղափարին այժմ ևս դեմ են հանդես գալիս Մերձդնեստրի, Գագաուզիայի բնակիչները:

Միավորումը մի շարք մտավախություններ է առաջացնում նաև շատ մոլդովացիների  մոտ: 2011-ին իրականացված հարցման արդյունքներով` Մոլդովայի բնակչության շուրջ 26 տոկոսը միավորման հավանականությունը չափազանց ցածր է գնահատում: Այս գաղափարին հավանություն է տվել 1500 հարցվածների 12 տոկոսը միայն, իսկ 49 տոկոսն էլ նշել է, թե ունի մտավախություններ` կապված հնարավոր միավորման հետ: Իհարկե 2011-ին իրականացված հարցումը, որին մասնակցել է ընդամենը 1500 մարդ, հազիվ թե կարող է հասարակական կարծիքի օբյեկտիվ պատկեր ապահովել: Եվ այն փաստը, որ ինչպես Ռումիանիայում, այնպես էլ Մոլդովայում միավորման հարցի շուրջ հասարակական տրամադրությունները հնարավորինս օբյեկտիվորեն արտացոլող ժամանակակից ուսումնասիրություններն այնքան էլ շատ չեն, կարելի է ենթադրել, որ այս խնդիրը շատ ավելի քաղաքական շահարկումների առարկա է, քան հասարակական պահանջմունք:  Դարեր ի վեր չափազանց տարբեր են եղել այս երկու տարածքների զարգացման ուղիները, և եթե օրերից մի օր իսկապես իրատեսական դառնա նրանց միավորման հարցը, թվում է, թե երկու հանրությունները ստիպված կլինեն անցնել փոխադարձ ինտեգրման չափազանց բարդ ուղի: Միաժամանակ հասկանալի է նաև, որ բավականին մեծ է գայթակղությունը մոլդովացիների համար` միավորվելով Ռումինիային` դառնալ ԵՄ քաղաքացիներ: Մյուս կողմից դժվար է անտեսել նաև մերձդնեստրյան կոնֆլիկտի փաստը և Գագաուզիայում  սրացումների հավանականությունն այն դեպքում, երբ Քիշնևը Բուխարեստին միավորվելու լուրջ հայտ ներկայացնի: Դեռևս հուլիսին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ եթե Մոլդովան միավորվի Ռումինիային, Մերձդնեստրը լիակատար անկախ պետություն կդառնա: Այս ամենի, ինչպես և ուկրաինական իրադարձությունների ֆոնին չափազանց տարօրինակ է թվում միավորման կողմնակիցների` Մոլդովայում սոցիալական բողոքի ֆոնին ակտիվանալու հանգամանքը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: