ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի ուշագրավ հայտարարությունները

Նյու Յորքում հոկտեմբերի 2-ին ավարտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան անդամ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները: Վերջիններիս ելույթներում ոչ միայն արձանագրվեցին ներկայիս տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մարտահրավերները և դրանց դիմագրավման հարցում ՄԱԿ-ի դերակատարման հնարավորությունները, այլ նաև արվեցին հայտարարություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և արդեն, ինչպես ցույց են տալիս վերջին մի քանի օրերի զարգացումը, ազդել են համաշխարհային քաղաքականության վրա:

Խոսքը իհարկե առաջին հերթին սիրիական հակամարտության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին է: «Կարծում ենք, մեծ սխալ է սիրիական իշխանությունների, կառավարական զորքերի և ահաբեկչության դեմ արիաբար կռվողների հետ համագործակցությունից հրաժարվելը», - ՄԱԿ-ի ԳԱ ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը: Նշենք, որ Պուտինի ելույթին հետևել էր Մոսկվայի որոշումը Սիրիայում Ասադի զորքերին հարձակվողական գործողություններում օժանդակելու նպատակով ռուսական օդուժի գործողությունների մասին: Ընդ որում՝  Ռուսաստանն այս հարցում առաջարկում է միջազգային լայն կոալիցիա ստեղծել. «Իրականում մենք առաջարկում ենք առաջնորդվել ոչ թե հավակնություներով, այլ՝ միջազգային իրավունքի վրա հիմնված ընդհանուր արժեքներով և հետաքրքրություններով, միավորել մեր ջանքերը մեր առջև կանգնած խնդիրների լուծման համար և ստեղծել իրական միջազգային լայն հակաահաբեկչական կոալիցիա», - նշել է Պուտինը՝ հավելելով, որ «այդ կոալիցիայի առանցքային մասնակիցները պետք է դառնան մուսուլմանական երկրները, քանի որ ԻՊ ոչ միայն ուղղակի սպառնալիք է նրանց համար, այլ նաև իր արյունոտ գործողություններով  պղծում է իսլամը»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի առաջնորդ Բարաք Օբամայի ելույթից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը չի մերժում Ռուսաստանի այս առաջարկը. «ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ՝ այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի, որպեսզի կարգավորի այդ հակամարտությունը» , - նշել է Օբաման՝ ընդգծելով, որ «Սիրիայում տեղի ունեցած արյունահեղությունից և կոտորածից հետո, այդ երկրում մինչռազմական ստատուս-քվոյին վերադարձն անհնար է»:

Օբամայի ելույթից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում բավարարվել միայն Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումով, այլև պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ երկրի կյանքում Ասադից հետո ևս: «Նույնիսկ այն բանից հետո, երբ մենք թույլ տվեցինք ժողովրդին ազատվել բռնակալի իշխանությունից (Լիբիա), մեր կոալիցիան կարող էր և պետք է ավելին աներ ստեղծված վակումը լրացնելու համար», - նման համոզմունք է հայտնել Օբաման՝ վերահաստատելով, որ ԱՄՆ-ը չի հապաղի իր դաշնակիցներին «միակողմանիորեն, անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ, օգնություն ցուցաբերել»:

Բացի սիրիական հակամարտությունից ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի ուշագրավ թեմաներից էր նաև մերձավորարևելյան մեկ այլ հակամարտության՝ պաղեստինա-իսրայլական հակամարտությունը, որի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հանգամանալից ներկայացրեցին ինչպես Պաղեստինի, այնպես էլ Իսրայելի առաջնորդները:

«Մենք կարող ենք խաղաղության հասնել ոչ թե ՄԱԿ-ի բանաձևերի, այլ միասին երկու երկրների միջև ուղղակի բանակցությունների միջոցով», - ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն ընդգծել է. «Պաղեստինցիները նախևառաջ պետք է խաղաղություն կնքեն Իսրայելի հետ, այնհուտ ստանան իրենց պետությունը: Իսրայելը պատրաստ է Արևմտյան ափում պաղեստինյան պետության ստեղծմանը, սակայն մենք պատրաստ չենք, որ այնտեղ հայտնվի նոր Գազա»: Իսրայելի վարչապետը նշել է, որ բանակցությունները պետք է ընթանան ոչ թե բանակցությունների, այլ խաղաղության համար:

Նման կարծիքի է նաև Պաղեստինի առաջնորդը. «Բանակցությունները բանակցությունների համար այլևս անիմաստ են», - նշել է Մահմուդ Աբասը: «Մենք հայտարարում ենք, որ քանի դեռ Իսրայելը չի հետևում մեզ հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և քանի դեռ Իսրայելը հրաժարվում է օկուպացված տարածքների վերաբնակեցումը դադարեցնելուց և ազատ չի արձակում պաղեստինցի բանտարկյալներին, նա մեզ այլ ընտրութուն չի թողնում բացի պնդելուց, որ մենք չենք կարող լինել միակը, ով հետևում է համաձայնագրերին, որոնք Իսրայելը մշտապես խախտում է: Ուստի մենք հայտարարում ենք, որ մեզ այլևս կապված չենք զգում այդ համաձայնագրերի հետ» , - նշել է Աբասը, ով իր ելույթում թվարկել է նաև Պաղեստինի միջազգային առաջնահերթությունները. «Մենք արժանի ենք ճանաչման և ՄԱԿ-ում լիարժեք ներկայացուցչություն ունենալուն»,- նշել է Պաղեստինի առաջնորդը:

Նշենք, որ Իսրայելի վարչապետն իր ելույթում բացի Պաղեստին հետ հարաբերություններից անդրադարձել է նաև երկրի տարածաշրջանային քաղաքականությանը. «Ես խաղաղության ձեռք եմ մեկնում Թուրքիայի ժողովրդին: Ես ձեռք եմ մեկնում Հյուսիսային Աֆրիկայի և Արաբական թերակղզու բոլոր ժողովուրդներին՝ հույս ունենալով, որ մեր հարաբերությունները նոր մեկնարկ կստանան», - նշել է Նեթանյահուն:

Բավականին անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Հյուսիասյին Կորեան: Վերջինիս արտգործնախարար Լի Սու Յոնն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել խաղաղ համաձայնագիր: «Հյուսիսային Կորեայի կառավարությունը պատրաստ է կառուցողական բանակցություններ սկսել Կորեական թերակղզում հակամարտությունների և պատերազմների կանխարգելման համար, եթե ԱՄՆ-ը համաձայնի հրադադարի մասին համաձայնագիրը փոխարինել խաղաղության պայմանագրով», - հայտարարել է հյուսիսկորեացի դիվանագետը:

ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր անդրադարձել է տարածաշրջանային մի շարք հարցերի: Նախագահը հանգամանորեն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլին և հայ-ադրբեջանական ու ղարաբաղա-ադրբեջանական սահմանների իրավիճակին:

«Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում այսօր ոչ միայն էական առաջընթաց չկա խնդրի կարգավորման բանակցային գործընթացում, այլև արձանագրվել է լարվածության աճի միտում», -նշել է Սարգսյանը՝ վեհաժողովի ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ «Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի՝ կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը»: 

Նախագահը նաև նշել է, որ «Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում»: «Մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը», -ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանը ևս ԱՄՆ-ի ԳԱ ամբիոնից անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին: Ադրբեջանի արտգորրծնախարար Էլմար Մամեդյարովը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը «կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սահմաններում»:

 «Եթե բանակցությունները չհանգեցնեն Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը, ապա Բաքուն հարկադրված կլինի ուժով ազատել դրանք»,- ասել է Մամեդյարովը: ՄԱԿ ԳԱ պես բարձր ամբիոնից նման ռազմատենչ հռետորաբանությունը հերթական ապացույցն է նրա, որ Ադրբեջանը դեռևս չունի բավարար քաղաքական կամք՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու և զոհերի քանակի աճը կասեցնելու համար: 

ՄԱԿ ԳԱ-ն համաշխարհային այն հարթակներից է, որտեղ բարձրաձայնվում են աշխարհի տարբեր ծայրերում առկա կարևոր խնդիրները և դիտարվում դրանց նշանակությունը գլոբալ անվտանգության համատեքստում: Այսօր աշխարհն առավել քան անհանգիստ է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: