ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիացի փախստականները պառակտում են առաջացրել գերմանական կառավարությունում

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կոչ է արել սահմանափակել փախստականների`ընտանիքների միավորման իրավունքը, քանի որ հակառակ դեպքում միգրանտների հոսքն իրենց երկիր կտրուկ կավելանա: «Ոչ ոք չի պատկերացնում, թե որքան մարդ է Սիրիայում և նրան հարակից շրջաններում սպասում ընտանիքների վերամիավորման մասին իրենց դիմումների հաստատմանը»,­ - հայտարարել է Մեզյերը: «Մենք չենք կարող թույլ տալ ընտանիքների վերամիավորման միջոցով փախստականների թվի կրկնապատկում կամ եռապատկում»,­- ասել է Գերմանիայի ՆԳՆ-­ի ղեկավարը:

Պաշտոնապես Գերմանիան մտադիր է ընդունել 800 հազար փախստական, ինչը 4 անգամ գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը: Սակայն փորձագետները նշում են, որ 2015 թվականին ընդունված փախստականների քանակը կարող է գերազանցել 1 միլիոնը:

Եվրոպայում շարունակվող միգրացիոն ճգնաժամը փաստացի պառակտում է առաջացրել ոչ միայն գերմանական հասարակությունում այլ նաև քաղաքական ուժերի շրջանում: Նախորդ շաբաթ Բեռլինում կայացել է միգրացիոն կառավարության քաղաքականության ընդդիմադիրների բողոքի ցույցը, որին մասնակցել է 5000 մարդ: Ակցիան նախաձեռնել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Ցուցարարները հանդես են եկել «Կարմիր քարտ Մերկելին» կարգախոսով: Ինչպես նշել են ակցիայի կազմակերպիչները, իրենք հանդես են գալիս ոչ թե փախստականների, այլ կանցլեր Անգելա Մերկելի դեմ: Ի դեպ, Մերկելի որդեգրած «Բարի գալուստ բոլոր միգրանտներին» քաղաքականության դեմ հանդես են գալիս նաև վերջինիս կուսակիցները քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից, ինչպես նաև իշխող կոալիցիայի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:

Մերկելի միգրացիոն քաղաքականության քննադատությամբ առաջինը հանդես եկավ Մերկելի ավանդական դաշնակից Քրիստոնեա-սոցիալական միություն բավարական կուսակցությունը: Նշենք, որ Գերմանիա ժամանող միգրանտների հիմնական մասը հենց Բավարիայում է հաստատվում, որն, ի դեպ, համարվում է Գերմանիայի ամենահարուստ շրջանը:

Բավարիայի առաջնորդ Հորսթ Զեհովերը, օգտագործելով հասարակությունում առկա դժգոհությունը, բավականին կոշտ դիրքորոշում է ընդունել Մերկելի միգրացիոն քաղաքականության նկատմամբ՝ պահանջելով վերանայել այն: Նրան միացել են նաև Մերկելի սեփական Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության աջակողմյան տարրերը: Մերկելի կուսակիցների շրջանում հատկապես մեծ դժգոհություն էր առաջացրել սիրիացի փախստականների համար Դուբլինյան համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը, ինչը թույլ էր տալիս սիրիացի փախստականներին գրանցվել ոչ թե ԵՄ ժամանած առաջին երկրում՝ ըստ Դուբլինյան համաձայնագրի, այլ՝ հենց Գերմանիայում: «Որպես ներքին քաղաքականության համար պատասխանատու, ես պետք է ինքնաքննադատաբար ասեմ, որ սխալ է եղել Սիրիայից եկած մեծ թվով փախստականների պատճառով Դուբլինյան համաձայնագիրը նրանց վրա տարածելուց հրաժարվելը», - հայտարարել էր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից գերմանացի պատգամավոր, Անգելա Մերկելի կուսակից Արմին Շուստերը։ Արդյունքում Մերկելը ստիպված էր հրաժարվել այդ որոշումից: Ավելի վաղ այս շաբաթ Բեռլինում հայտարարեցին Դուբլինյան համաձայնագրի գործողությունը վերականգնելու մասին: Գերմանիան այժմ մտադիր է սիրիացի փախստականներին ուղարկել ԵՄ այն երկրներ, որտեղից նրանք ժամանել են, որպեսզի ավարտեն գրանցման ողջ գործընթացը: Գերմանական կառավարության որոշումը վերաբերում է ԵՄ բոլոր երկրներին՝ բացառությամբ Հունաստանի:

 

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: