ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ դեր է տրվում Հայաստանյայց առաքելական եկեղեցուն առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագծում

 

Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ քննարկումները, ինչպես նաև մեկնարկած քարոզարշավը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն «Հայացք» վերլուծական կենտրոնի աջակցությամբ ներկայացնում է վերլուծական հոդվածների շարք, որոնք սահմանադրական բարեփոխումների նախագծի առանձին տարրեր կդիտարկեն եվրոպական փորձի համատեքստում:

 

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումներն այսօր Հայաստանում ամենաարդիականն են, իսկ «Այո՛»-ի և «Ո՛չ»-ի բաժանված ճակատները շարունակում են բարձրաձայնել իրենց տեսակետները, բերել փաստարկներ և հակափաստարկներ, փորձել կողմնորոշել քաղաքացիներին: Թե որքանով է դա հաջողվում այս կամ այն ճակատին, ականատեսը կլինենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց հետո:

Այժմ անդրադառնանք ևս մեկ, ոչ պակաս ակտիվ քննարկման առարկա դարձած թեմայի՝ եկեղեցու դերին առաջարկվող Սահմանադրական նախագծի մեջ: Բնական է և անգամ ողջունելի, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ունի այնքան կարևորություն և նշանակություն հայ ժողովրդի համար, որ այն այն առանձին տեղ է գտել նախագծում: Դարեր շարունակ հայ եկեղեցին եղել է ազգային ինքնության պահպանման հիմնական դերակատարներից մեկը և պետականության բացակայության տարիներին իր շուրջն է համախմբել հայությանը:

Այսօր «Ո՛չ» ճակատի կողմնակիցները պնդում են, որ առաջարկվող նախագծում եկեղեցին հավասարեցվում է աղանդներին, իսկ աղանդներին տրվում է ազատ գործելու իրավունք, մինչդեռ գործող Սահմանադրության մեջ, ըստ նրանց պնդման, նման բան չկա: Նշվում է նաև, որ գործող Սահմանադրության մեջ «Պետությունն անջատ է եկեղեցուց» դրույթը փոխարինված է «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» դրույթով, ինչը ենթադրում է, որ «կրոնական կազմակերպություն» և «Հայաստանյայց առաքելական եկեղեցի» տարբեր իրավական կատեգորիաներ են դառնում, և Հայաստանի ոչ աշխարհիկ լինելու վարկածն ավելի է հաստատվում: Սա, սակայն, ոչ հիմնավոր փաստարկ է, քանզի և՛ գործող Սահմանադրության մեջ, և՛ առաջարկվող նախագծում ընդգծվում է եկեղեցու բացառիկ դերը, իսկ կրոնական կազմակերպություններին, ինչպես հարիր է ժողովրդավար երկրներին, տրվում է ազատ գործելու իրավունք, բնականաբար, առանց պետության հովանավորության:

Գործող Սահմանադրության 8.1 հոդվածով մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Առաջարկվող նախագծում կրոնական կազմակերպությունների և եկեղեցու վերաբերյալ հոդվածները տարբեր են՝ 17-րդ և 18-րդ հոդվածներ համապատասխանաբար:

«Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները 1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել եվրոպական երկրների Սահմանադրությունների հետ, ապա կտեսնենք, որ, օրինակ, Իսպանիայի Սահմանադրության 16-րդ հոդվածով նշվում է, որ չկա որևէ պետական կրոն՝ հավելելով, որ «իշխանությունը պետք է հարգի Իսպանիայի հասարակության կրոնական հայացքները և պահպանի համապատասխան համագործակցային հարաբերությունները կաթոլիկ եկեղեցու և այլ դավանանքների միջև»:

Ֆրանսիայի Սահմանադրության մեջ ընդհանրապես որևէ անդրադարձ չկա եկեղեցուն: Հոդված 1-ում գրվում է, որ «Ֆրանսիան պետք է լինի անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական Հանրապետություն. այն պետք է ապահովի բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առջև՝ անկախ ռասայից և կրոնից: Ֆրանսիան պետք է հարգի բոլոր հավատքները»:

Լեհաստանի Սահմանադրության մեջ եկեղեցու նկատմամբ մեկ այլ մոտեցում է նկատվում: Սահմանադրության 25-րդ հոդվածում նշվում է, որ «եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ունեն հավասար իրավունքներ»: Ինչ վերաբերում է Լեհաստանի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերություններին, ապա նշվում է, որ դրանք «կարգավորվում են Սուրբ Աթոռի հետ կնքած միջազգային պայմանագրով և օրենքով սահմանված կարգով»:

ՀՀ-ում ընթացող սահմանադրական փոփոխությունների քննարկումների, բանավեճերի ժամանակ հաճախ են հնչում տեսակետներ, որ առաջարկվող նախագիծը տուրք է տալիս արևմտյան արժեքներին, որոնք շատ հաճախ խորթ են հայերիս: Ճիշտ է՝ շատ կետեր համապատասխանում են եվրոպական չափանիշներին, դրանք ավելի ժողովրդավար են և առավել լայն հնարավորություններ, ազատություններ են տալիս: Այնուամենայնիվ, կան նաև կետեր, դրանց թվում հենց եկեղեցուն վերաբերող հոդվածը, որոնց պարագայում հաշվի են առնվել մեր ազգային առանձնահատկությունները և ազգային շահը: Վերը թվարկված եվրոպական երկրներից և ոչ մեկի Սահմանադրության մեջ եկեղեցուն այնպիսի դեր չի տրված, որը կցանկանար տեսնել ցանկացած հայ: Իսկ սահմանադրական փոփոխությունների նախագիծը «ոչ աշխարհիկ» համարողները գուցե համաձայնեն, որ Ֆրանսիայի նման աշխարհիկ երկիր ունենալը որևէ կերպ մեր շահերից բխել չի կարող՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: