ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանն ակտիվացնում է անկախության գործընթացը

Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը քրդական անկախության ճանաչման ուղղությամբ հերթական գործընթացն է սկսում: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին իր ղեկավարած Քրդստանի դեմոկրատական կուսակցությանը հանձնարարել է աշխատել մյուս կուսակցությունների հետ՝ անկախության հանրաքվեն անցկացնելու նպատակով մեխանիզմներ գտնելու համար: Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

Բարզանին դեռևս 2014 թվականի հուլիսին Իրաքյան Քրդստանի խորհրդարանին հանձնարարել էր նախապատրաստել հանրաքվեի նախագիծը: Մայիսին Վաշինգտոնում իր ելույթներից մեկի ժամանակ Բարզանին նշեց, որ «չգիտի, թե երբ հանրաքվեն տեղի կունենա, բայց հստակ է, որ անկախությունը մոտենում է»:

Սակայն օգոստոսին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացմամբ պայմանավորված գործընթացը կասեցվեց: Բարզանին հայտարարեց, որ այս կասեցումը ժամանակավոր է: Իրաքյան Քրդստանի ղեկավարը խոստացավ, որ քրդական ինքնավարության բնակչությունն հնարավորություն կունենա որոշել իր ապագան, հենց որ ԻՊ-ի սպառնալիքը վերանա: «Ես ցանկանում եմ վերահաստատել, որ քրդական անկախությունը շարունակական գործընթաց է, սակայն մենք ցանկանում ենք այն ձեռք բերել խաղաղության, փոխըմբռնման և երկխոսության միջոցով, այլ ոչ թե բռնությունների ճանապարհով», - հայտարարեց Բարզանին:

Հատկանշական է, որ պաշտոնական Բաղդադը կտրականապես դեմ է հանդես գալիս Իրաքյան Քրդստանի անկախության գործընթացի ակտիվացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության հարցում:

Հիշեցնենք, որ 1991 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո Իրաքի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծվեց, որտեղ կառավարական զորքերը մտնելու իրավունք չունեին: 1991-2003 թվականների ընթացքում քրդերը փաստացի կիսաանկախություն ստացան: Հետագա տարիներին սկսվեց նրանց ստացած իրավունքների օրենսդրական ամրապդնման գործընթացը: Ինչպես gazeta.ru-ին տված հարցազրույցում ընդգծում է Իրաքյան Քրդստանի հարցով մասնագետ Ստանիսլավ Իվանովը, քրդերը ֆեդերացիայի սուբյեկտի կարգավիճակ ստացան: Աստիճանաբար Իրաքյան Քրդստանը դուրս եկավ մեկուսացումից` առևտրա-տնտեսական և քաղաքական կապեր հաստատելով Միացյալ Նահանգների և եվրոպական բազմաթիվ երկրների հետ: Անմիջական սահման ունենալով Թուրքիայի հետ` Իրաքյան Քրդստանը մեծ թափով զարգացրեց կապերն Անկարայի հետ, հատկապես՝ նավթի մատակարարման հարցում:

Եվ հիմա Անկարան և Էրբիլը Իրաքի թուրքմենների ակտիվ մասնակցությամբ համատեղ աշխատում են Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումն ԻՊ-ից նախապատրաստելու համար: Թուրքիան իր հերթին չի ցանկանում թույլ տալ, որ Իրանի հովանավորությամբ գործող շիական ուժերին հաջղվի իրենց վերահսկողությունը հաստատել այս շրջանի վրա, որը մի ժամանակ Օսմանյան կայսրության մաս է կազմել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: