ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուժերի վերադասավորում Սիրիայում

Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմանը զուգահեռ նկատվում է հակամարտության մեջ ներգրավված ուժերի վերադասավորում: Ռուսաստանի ռազմական ներկայությունը, տարածաշրջանային տարաձայնությունների սրումը, հակամարտող կողմերի վրա արվող նոր խաղադրույքները Սիրիան վերածել են պատերազմի իսկական թատերաբեմի, որտեղ խաչաձևվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ առանցքային խաղացողների տարաբնույթ շահեր:

Սիրիայի հյուսիսային ռազմավարական կարևոր շրջաններում մի կողմից ռուսական և իրանական ուժերի աջակցությամբ գործող սիրիական բանակի, մյուս կողմից՝ քրդական զինված ուժերի առաջխաղացումը փաստի առաջ են կանգնեցրել Թուրքիային՝ հարվածի տակ դնելով նրա կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբերի հետագա ֆինանսավորման հարցը: Անկարայում աստիճանաբար ակտիվանում են ռազմական միջամտությունը խրախուսող տրամադրությունները՝ որպես սիրիական հակամարտությունում թուրքական լծակները փրկելու վերջին հնարավորություն: Ի վերջո, Թուրքիան պատրաստ չէ ընդունել իր սահմանների մոտ քրդական բուֆերային պետության ստեղծումը:

Ռազմական միջամտության թուրքական նկրտումներն այս փուլում համընկնում են սիրիական ճակատում Սաուդյան Արաբիայի ակտիվացման հետ: Էլ-Ռիյադն այժմ Անկարայի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես ռազմավարական անհրաժեշտություն՝ Ծոցի անվտանգությունը պաշտպանելու և տարածաշրջանում (առաջին հերթին՝ Սիրիայում, Եմենում, Իրաքում) իրանական ազդեցության տարածումը զսպելու համար:

Սակայն, հարկ է նշել, որ առկա են Թուրքիայի ռազմական միջամտությունը զսպող ծանրակշիռ հանգամանքներ.

1. Անկարան չի կարող ցամաքային գործողություն սկսել՝ առանց օդուժի աջակցության, որի հնարավորությունն այս պահին չունի,

2. Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն սիրիական ճգնաժամում իրենց ռազմական ներգրավվածությունն ավելացնելու ազդակներ դեռևս չեն հաղորդում,

3. Սիրիայում չկա գործող որևէ ուժ, որի վրա Թուրքիան կարող է հենվել նման գործողության դեպքում,

4. Սիրիա ցամաքային զորքեր մտցնելը նշանակում է ուղղակի առճակատում Ռուսաստանի հետ:

Չնայած նշված գործոններին, Թուրքիայի կողմից պատերազմ սկսելու վտանգն, այնուամնեայնիվ, պահպանվում է: Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դիրքերի ռմբակոծումը, թերևս, հենց դրա մասին է վկայում:

Այսպիսով, Սիրիայում իրանա-սաուդական, ռուս-թուրքական և նման բազմաթիվ շահերի բախումը, ինչպես նաև տեղում գործող բոլոր ուժերի նկատմամբ վերահսկողության բացակայությունը կասկածի տակ են դնում Սիրիայում զինադադար հաստատելու ուղղությամբ Մյունխենում ձեռքբերված համաձայնությունները: Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, թե այս ճգնաժամի վերջը դեռ տեսանելի չէ, և այն կարող է ներգրավել նորանոր ուժերի՝ վերածվելով առավել լայն պատերազմի:

Տեղում ուժերի վերադասավորումից բացի, հավանաբար, պետք է սպասել նաև գլոբալ մակարդակով գերտերությունների «ուժային վերադասավորման» ավարտին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: