ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում. ո՞վ է մեղավոր

©timesofisrael.com

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը համարվում է աշխարհի ամենաերկարատև հակամարտություններից մեկը, որի կարգավորման հեռանկարը մոտ ապագայում դեռևս տեսանելի չէ:  Պատճառն այն է, որ կան հարցեր, որոնց շուրջ կողմերը պատրաստ չեն փոխզիջման գնալ, ի լրումն այդ ամենի՝ բռնությունն ու թշնամանքը մնում են գրեթե նույն մակարդակի վրա, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում են սրացումների գագաթնակետին:  Հերթական սրացումը գրանցվեց 2015 թ-ի հոկտեմբերի սկզբին և մինչ այժմ առանձին հարձակումների հետևանքով սպանվում են և՛ իսրայելցիներ, և՛պաղեստինցիներ:

Հակամարտության կարգավորումը երկու պետություն ստեղծելու տարբերակով համարվում է աշխարհում ամենից շատ աջակցվողը՝  հատկապես ԱՄՆ-ի կողմից: Այն ենթադրում է պաղեստինյան անկախ պետության ստեղծում Իսրայելի պետության հետ մեկտեղ: Սակայն, այս պարագայում երկու երկրների միջև սահմանները չեն հստակեցվում, ինչն էլ, հանդիսանալով վեճի հիմնական դրդապատճառ, պետք է համաձայնեցվի բանակցությունների միջոցով:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի վերջին հանդիպման ժամանակ, Քերին կրկին ընդգծել է իր ցանկությունը շարունակվող իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում հասնելու «երկու պետությունների» տարբերակով կարգավորմանը: Հիմնական շեշտը դրվել է սուր հռետորաբանության վրա՝ համարելով այն խոչընդոտող գործոն՝ իրավիճակը կայունացնելու հարցում:  «Պետքարտուղարը շարունակում է կոչ անել կողմերին հանգստություն ցուցաբերել և նվազեցնել բռնությունը, միմյանց տարբեր գործողությունների իրականացմանը հրահրելը  և սուր հռետորաբանությունը»,- հայտարարության մեջ ասել է պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, հաղորդում է  Deutsche Welle- ն:

Ներկայումս «երկու պետությունների» տարբերակով կարգավորման հարցն ակտիվ շրջանառվում է Ֆրանսիայում: Ֆրանսիայի արդեն նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, իր պաշտոնավարման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան ցանկանում է նախաձեռնել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների երեք քայլանոց գործընթաց, որը ենթադրում է խորհրդակցություններ երկու կողմերի հետ և բանակցությունների վերսկսման նպատակով միջազգային աջակցության խմբի և միջազգային գագաթաժողովի հրավիրում: «Ֆրանսիան առաջիկա շաբաթներին կներգրավվի միջազգային կոնֆերանսի նախապատրաստման աշխատանքներին՝ բանակցության սեղանի շուրջ բերելով կողմերին և նրանց հիմնական գործընկերներին՝ ամերիկյան, եվրոպական, արաբական, երկու պետություն ստեղծելու տարբերակը պահպանելու և իրագործելու նպատակով», - France 24-ը մեջբերում  է Ֆաբիուսի խոսքերը:

Այս նախաձեռնության հանդեպ արձագանքն Իսրայելի և Պաղեստինի կողմից, ինչպես և սպասվում էր, էապես տարբերվում են:  Հաշվի առնելով Եվրոպայի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու դիրքորոշումը (վերջինը ճանաչել է Վատիկանը) Իսրայելն, իհարկե, մերժել է այդ առաջարկը՝ նույնիսկ չցանկանալով փորձ կատարել փոխելու բանակցությունների ձևաչափը, ինչպես նաև միջնորդին, քանի որ ԱՄՆ-ը շարունակում է Իսրայելի կողմից ընկալվել որպես առավել հուսալի դաշնակից:

Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ֆրանսիայի կողմից հրապարակված նախաձեռնությունը բավականին վիճահարույց է: Այնտեղ նշված է «մենք պետք է անցկացնենք միջազգային կոնֆերանս, սակայն, եթե հաջողության չհասնեք, մենք արդեն իսկ կանխորոշելով արդյունքը՝ կճանաչենք Պաղեստինի անկախությունը», - հայտարարել է Նեթանյահուն՝ ավելացնելով, որ համաժողովը դատապարտված է ձախողման, հաղորդում է BreakingIsraelNews-ը:

Պաղեստինյան կողմն, ինչպես և ակնկալվում էր, ուրախ է այս նախաձեռնության համար և ողջունել է առաջարկը, իսկ առաջնորդ Աբբասը հույս է հայտնել, որ համաժողովից հետո կձևավորվի միջազգային խումբ, որն էլ, իր հերթին, կաջակցի բանակցություններին:

Իհարկե, Իսրայելի հանդեպ ունեցած լծակների կորուստն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում իր դերակատարությունից հրաժարվելը չի բխում ԱՄՆ շահերից: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի ջանքերը բավականաչափ արդյունք չեն տվել, և պատճառն այն է, որ կողմերը հակամարտության լուծման համար որևէ քաղաքական կամք չեն դրսևորում, նրանցից ոչ մեկը պատրաստ չէ փոխզիջումների գնալ, և ավելին՝ հնարավորությունը բաց չի թողնում մյուսին ուժի կիրառմամբ սպառնալու համար, ինչին էլ, ըստ էության, ականատեսն ենք այսօր:

Սրանք են այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով բանակցությունների գործընթացն ավելի մեծ փակուղի է մտել, իսկ ԱՄՆ-ը, որպես միջնորդ, ձախողել է իր առաքելությունը: Ի լրումն այս ամենի՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն ավելի է սրել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները, քանի որ Իսրայելի վարչապետը մեղադրում է ԱՄՆ-ին այն բանում, որ գործարքը բավական չէ զսպելու իրանական միջուկային ծրագրերին ռումբի ստեղծման ներուժից, պնդելով, որ Իրանը սպառնալիք է Իսրայելի գոյության համար:

Վերջին շրջանում ԱՄՆ-ի պասիվությունն այս հակամարտության գործընթացում պայմանավորված է նաև մեկ այլ գործոնով, այն է՝ նախագահական ընտրություններով: Ամենայն հավանականությամբ, ոչ մի լուրջ քայլ, բացառությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից արված հայտարարություններ և կոչեր, չի սպասվում, և հետագա քայլերի բեռը կթողնվի հաջորդ նախագահի վրա, իսկ այդ քայլերն, իր հերթին, կախված կլինեն ընտրված նախագահի դիրքորոշումից:

Ներկայումս ամերիկյան նախագահական ամենահայտնի թեկնածուներն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում ունեն տարբեր դիրքորոշումներ: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը պնդում է, որ Իսրայելն ԱՄՆ դաշնակիցն է, և եթե ինքը դառնա ԱՄՆ նախագահ, ապա կպաշտպանի և կանի ամեն հնարավորն աջակցելու Իսրայելին, միևնույն ժամանակ հավելելով, որ պաղեստինցիներն արժանի են ունենալ իրենց սեփական պետությունը. «Ահա թե ինչու եմ ես պաշտպանում երկու պետություն ստեղծելու տարբերակը», - Haaretz.com-ը մեջբերում է Քլինթոնի խոսքերը:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփն, ընդհակառակը, նախընտրում է չեզոք դիրք գրավել այդ հարցի կապակցությամբ, մինչդեռ Հանրապետական կուսակցության մեկ այլ թեկնածու Թեդ Կրուզը հանդես է գալիս ամպագորգոռ հայտարարություններով. «Որպես նախագահ՝ ես ոչ մի մտադրություն չունեմ չեզոք դիրք զբաղեցնելու: Որպես նախագահ՝ ես առանց որևէ ափսոսանքի կլինեմ իսրայելցիների կողքին», - ասել է Քրուզը՝ հաղորդում է Hill թերթը: Իսկ հրեա-ամերիկացի ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի կարծիքով ԱՄՆ-ը պետք է «առաջատար դեր» ստանձնի՝  խթանելու «փոխզիջման» վրա հիմնված երկու պետություն ստեղծելու տարբերակը: «Պաղեստինցիները պետք է միանշանակ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը, և պատասխանատվության ենթարկեն  նրանց, ովքեր ահաբեկչական գործողություններ են իրականացրել: Իսրայելցիները պետք է վերջ դնեն Գազայի շրջափակմանը, ինչպես նաև դադարեն բնակավայրեր հիմնել պաղեստինյան հողերի վրա»: Ահա թե ինչպես է Սանդերսը պատկերացնում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը, հաղորդում է Al Jazeera գործակալությունը:

Ամփոփելով՝ ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ քաղաքականությունն իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ կարող է փոփոխության ենթարկվել միայն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվի կամ Դոնալդ Թրամփը, կամ Բերնի Սանդերսը: Ինչ վերաբերում է հակամարտությանը և դրա հետագա զարգացումներին, ապա քանի դեռ կողմերը պատրաստակամություն չհայտնեն դադարեցնել բռնությունը, պատերազմական հռետորաբանությունը, ինչպես նաև ցանկանան նստել բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինեն փոխզիջումների գնալ, ոչ մի միջազգային դերակատար այդ գործընթացում չի կարողանա քայլ առաջ արձանագրել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: