ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համաշխարհային ԶԼՄ-ները զորակցու՞մ, թե՞ քննադատում են Բրյուսելին

newsbtc.com

Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունից հետ համաշխարհային մամուլը ողողված է վերջինիս վերաբերյալ դիտարկումներով և հարցադրումներով: Այսպես, համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներում մասնավորապես հանդիպում ենք եվրոպական անվտանգության ուժեղացման ուղղությամբ իրականացվող քայլերի քննդատության: Բրիտանական Independent-ը մասնավորապես գրում է, որ Բրյուսելի ահաբեկչությունները ցույց են տալիս արևմտաեվրոպական երկրների մեծ մասի օդանավակայաններում մեկնման սրահի անվտանգության ապահովման խնդիրների առկայությունը:  «Օդանավակայանները հանդիսանում են ուղեբեռներով մարդկանց կուտակման վայրեր, ինչը ահաբեկիչների կարծիքով նշանակում է ինչպես հնարավորություն, այնպես էլ թիրախ: Զենք կամ պայթուցիկ սարքեր Բրյուսելի օդանավակայանի նման Եվրոպայի ժամանակակից օդանավակայաններ բերելը դարձել է բավականին հեշտ», - գրում է թերթը: 

Telegraph-ն իր հերթին գրում է, որ ահաբեկիչները, որոնք կռվել են ԻՊ շարքերում կարող էին վերադառնալ Եվրոպա՝ թաքնվելով միգրանտների շարքերում: Նրանք անարգել տեղափոխվել են Ֆրանսիայի, Բելգիայի և եվրոպական այլ երկրների տարածքով Շենգենյան գոտու երկրների միջև բաց սահմանների շնորհիվ: Պարբերականի կարիծքով՝ դա «բարդացրել, եթե ոչ անհնարին է դարձրել ահաբեկչության դեմ պայքարում ոստիկանության աշխատանքը»:

Financial Times-ն, անդրադառնալով Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչություններին, ուշադրություն է հրավիրում մասնավորապես մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած ահաբեկչության վրա, քանի որ այն գտնվում է Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանի մեձակայքում: «Օրը, երբ հարձակման ենթարկվեց Եվրոպայի սիրտը», - գրում է պարբերականը, որի կարծիքով Բրյուսելի ահաբեկչությունը կրկին բարձրացրեց անվտանգության ուժերը բարեփոխելու անհրաժեշտությունը: Հեղինակավոր պարբերականը հիշեցնում է, որ բելգիական անվտանգության ծառայությունների ղեկավարները վերջին տարիներին բազմիցս զգուշացրել են, որ իրենց ռեսուրսները չեն բավարարում և բացի ֆինանսական խնդիրներից իրենց աշխատանքին խանգարում են նաև բյուրոկրատական խնդիրները: Այժմ բելգիական ղեկավարությունը հարցադրում է անում՝ արդյո՞ք բավարար արագությամբ են գործել իրենց անվտանգության ծառայությունը ամրապնդելու հարցում, գրում է պարբերականը: Times-ը ահաբեկչության դեմ Բելգիայի պայքարն անվանել է անվտանգության տասնյակ տարբեր մարմինների և ոստիկանության միջև համագործակցության սարսափելի բացթողում: New York Times-ն էլ իր հերթին գրում է, որ Բրյուսելի ահաբեկչությունները ցույց տվեցին եվրոպական բաց հասարակության խոցելիությունը. «Նոր ահաբեկչությունները ոչ միայն ևս մեկ անգամ ցույց տվեցին բելգիական անվտանգության ծառայությունների թուլությունը, այլ նաև այն պարարտ միջավայրը, որը թույլ է տալիս ահաբեկիչներին կազմակերպել և իրականացնել դավադրություններ Եվրոպայի կենտրոնում»: Թերթը գրում է, որ այս ահաբեկչությունները երկընտրանքի առաջ են կանգնեցնում Եվրոպային՝ կրկնապատկե՞լ անվտանգության եվրոպական ծառայությունների ջանքերը՝ նույնիսկ քաղաքացիական ազատություների հետագա սահմանափակման սպառնալիքով, թե՞ նման հարձակումները պետք է դառնան եվրոպական բաց հասարակության կյանքի անխուսափելի մաս:

Հարկ է նշել, որ ամերիկյան պարբերականները Բրյուսելի ահաբեկչության առանչությամբ հրապարակումներում հարցադրում են անում նաև ահաբեկչության դեմ պայքարում Օբամայի քաղաքականության արդյունավետության մասին:

Արաբական մամուլը ևս անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններին: Այսպես, լիբանանյան «Աս Սաֆիր» թերթը, դատապարտելով Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը, մտահոգություն է հայտնում, որ «տեղի ունեցածն այժմ իրենց քաղաքական նպատակներով կօգտագործեն ամեն ինչում փախստականներին մեղադրելու պատրաստ աջ ծայրահեղական ուժերը: Թերթը նաև ընդգծում է, որ բելգիական հատուկ ծառայությունները, որոնք նախապես գիտեին ահաբեկչությունների մասին, արժանի են խիստ քննադատության: Համաարաբական «Ալ Կուդս Ալ արաբիա»-ն «Հարցեր, որոնց ոչ ոք չի ցանկանում պատասխանել» վերնագրով հոդվածում գրում է, որ ինչպես միշտ համաշխարհային որոշ առաջնորդներ շտապել են ընդհանրացնել հերթական ողբերգությունն՝ արհամարհելով ահաբեկչության՝ խոր և բարդ երևույթ լինելու հանգամանքը: Թերթը որպես օրինակ է բերում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով արդեն հայտարարել է սահմանների փակման անհրաժեշտության մասին և քննադատել է փախստականներին:

Բելգիական անվտանգության ուժերի քննադատությունից կարելի է ասել զերծ են մնացել գեմանական  և ֆրանսիական ԶԼՄ-ները: Գերմանական լրատվամիջոցների կարծիքով՝ եվրոպական ժողովրդավարական արժեքների նկատմամբ ատելություն տարածող իսլամիստների դեմ պայքարելու համար Եվրոպան, որը ֆինանսական և միգրացիոն ճգնաժամի հետևանքով բաժանված է, պետք է կրկին միավորվի: Ֆրանսիական մամուլում էլ ավելի շատ զուգահեռներ են տանում Փարիզյան ահաբեկչությունների հետ, ինչպես նաև կարևորում բելգիացի ժողովրդի հետ համերաշխության  և ահաբեկչության դեմ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: