ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Կարո Էրմենի». Մեր ազգակից Կարո Փայլանի առաքելությունը Թուրքիայի մեջլիսում

Կարո Փայլանը մեկն է այն երեք հայազգի պատգամավորներից, ովքեր 2015 թ.-ին մուտք գործեցին Թուրքիայի խորհրդարան: 1972 թ.-ին Ստամբուլում ծնված Փայլանն ընտրվել է ընդդիմադիր քրդամետ Դեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունից:

Թուրքական մեջլիսում պատգամավորն անմիջապես ստացավ «Կարո էրմենի» (հայ Կարո) մականունը, քանի որ առաջին իսկ աշխատանքային օրը խորհրդարանում սկսեց բարձրացնել հարցեր, որոնք վերաբերում էին Թուրքիայի քրիստոնեական բնակչության իրավունքներին: Կարոն անգամ  նախաձեռնությամբ հանդես եկավ Թուրքիայի Հանրապետությունում Սուրբ Ծնունդը որպես պաշտոնական տոն ճանաչելու վերաբերյալ: Մեր ազգակցի ջանքերի շնորհիվ էր նաև, որ Ստամբուլի քանդման վտանգի տակ գտնվող «Camp Armenia»-ն (Հայաստան ճամբարը), որը տասնամյակներ շարունակ որպես որբանոց էր ծառայում, կրկին վերադարձվեց հայ համայնքին: Նորընտիր պատգամավորը պայքարում էր նաև թուրքական դասագրքերում պատմական խեղաթյուրումների դեմ, ինչը, մասնավորապես, վերաբերում էր Հայոց ցեղասպանության շուրջ փաստերին:

Հարկ է նշել նաև, որ նախքան պատգամավոր ընտրվելը, Կարո Փայլանն ակտիվորեն զբաղվում էր հասարակական գործունեությամբ՝ լինելով նաև հայազգի լրագրող Հրանտ Դինքի ընկերն ու աջակիցը, երբ վերջինս 1996 թ.-ին որոշեց հիմնադրել իր հայտնի «Ակոս» թերթը: Տարիներ անց Փայլանը ներգրավված է եղել նաև Հրանտ Դինքի սպանությանն առնչվող դատավարության երկարատև գործընթացներում:

Ուշագրավ է, որ տարիներ շարունակ Կարո Փայլանը զուգահեռաբար համակարգել է նաև Թուրքիայում հայկական դպրոցներին առնչվող ծրագրեր, նոր ուսուցիչներ ու նոր դասագրքեր է փնտրել հայ աշակերտների համար, քանի որ Թուրքիայի կրթության նախարարությունը բացարձակապես ոչինչ չի արել հայկական դպրոցների համար:

Քաղաքականությամբ զբաղվելու որոշումը ևս պատահական չէր Կարո Փայլանի կարիերայում: Ըստ պոլսահայ պատգամավորի՝ իր այդ քայլով նա միայն մեկ նպատակ է հետապնդել. փոխել իրավիճակը Թուրքիայում՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ, ինչպես նաև կանխել պատմական փաստերի հետագա աղավաղումը՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Հիշելով իր ընտանիքի պատմությունը՝ Փայլանը հարցազրույցներից մեկում անկեղծացել է, որ 1969 թ.- ին իր ծնողները որոշել են հայրենի Մալաթիայից Ստամբուլ տեղափոխվել, քանի որ այնտեղ հայ համայնքը շատ ավելի խոշոր էր, իսկ մայրն ու հայրն ուզում էին, որ Կարոն, նրա քույրն ու եղբայրը հայկական միջավայրում մեծանան և անպայման հայկական դպրոց հաճախեն:

Պատգամավորը խոստովանում է, որ Ստամբուլ տեղափոխվելուց հետո իր մեջ հստակ արմատավորվեց այն գաղափարը, որ ինքը պարտավոր է պայքարել հանուն Թուրքիայում բնակվող հայերի իրավունքների, ինչպես նաև 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների ճանաչման, որոնք թուրքական պետությունը տարիներ շարունակ փորձում է թաքցնել իր սեփական ժողովրդից: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    24 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: