ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց»

Այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց մի բանաձև, որով ճանաչեց 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը: Իհարկե, Եվրոպայում մեծ կշիռ ունեցող Գերմանիայի կողմից նման բանաձևի ընդունումն իր էական դերն ու նշանակությունը կունենա այս հարցի շուրջ միջազգային ընկալումների համար: Այնուամենայնիվ, այս համատեքստում անհրաժեշտ է նաև հասկանալ Գերմանիայի՝ նման քայլի դիմելու դրդապատճառները, որոնք պետք է փնտրել թուրք-գերմանական հարաբերությունների համատեքստում:

Բանաձևի ընդունման առաջին և երևի թե ամենահիմնական պատճառներից մեկը միգրացիոն ճգնաժամն է կամ, ավելի հստակ, Թուրքիայի պահվածքը՝ ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքի շրջանակներում: Թուրքիայի իշխանություններն այսօր օգտագործում են գործարքը որպես խաղաքարտ՝ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու և ինտեգրման գործընթացում զիջումներ ստանալու համար: Թուրքիայի նման քաղաքականությունը, սակայն, չէր կարող ի վերջո որևէ արձագանք չստանալ, հատկապես, երբ գործարքի կողմ հանդիսացող Թուրքիան չէր կատարում իր ստանձնած պարտականությունները: Բանաձևի՝ Բունդեսթագ ներկայացնելու ժամկետն ու այդ բանաձևի ընդունումն էլ հենց պետք է դիտարկել այս համատեքստում՝ որպես Թուրքիային ուղղված սթափեցնող քայլ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանությունն այն հարցերից մեկն է, որի շուրջ ցանկացած քննարկում առաջացնում է Թուրքիայի իշխանությունների ցասումը, ինչը հերթական անգամ բավական վառ կերպով դրսևորվեց՝ ընդհուպ մինչև Բեռլինից դեսպանի հետկանչում:

Թուրքիային սթափեցնելու նպատակով «ապտակ հասցնելու» անհրաժեշտությունը նաև «առիթ» հանդիսացավ Գերմանիայի համար՝ «քավելու» Ցեղասպանության իրականացման գործում «սեփական մեղքը»: Սակայն, համամարդկային արժեքներին հավատարիմ Գերմանիան պետք է որ դա վաղուց աներ: Բանաձևի ընդունումով Գերմանիան ողջ աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատասխանատու է անցյալում իր գործածների համար և մարդկության դեմ իրականացվող հանցագործություններն իրենց անուններով կոչելն ու արդարությունը վերականգնելը Գերմանիայի համար կարևոր ժողովրդավարական արժեք է:

Վստահորեն կարող ենք նշել, որ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելով, Գերմանիան «մեկ կրակոցով երկու նապաստակ սպանեց»՝ օգտագործելով իր զինանոցում գտնվող այն զենքը, որն ամենաարդյունավետը կլիներ՝ իրագործելու իր առջև դրված նպատակները:

Բանաձևի ընդունումը, ինչպես արդեն նշվեց, իհարկե կունենա իր դրական ազդեցությունը՝ միջազգային ընկալումների վրա ազդելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, ստեղծված բարենպաստ իրավիճակից առավել շատ օգուտներ քաղելու համար անհրաժեշտ է թե´ դիվանագիտական, թե´ հանրային մակարդակով առավել թիրախավորված և համակարգված քայլեր իրականացնել՝ օգտագործելով մեր զինանցում ունեցած բոլոր գործիքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: