ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Միջազգային մամուլը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է, որ չնայած բազմաթիվ սպառնալիքներին, որոնք, առաջին հերթին, ստացել են հենց թուրքական արմատներով պատգամավորները, իրենց վախեցնել, այնուամենայնիվ, չհաջողվեց:

Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնն, իր հերթին, նշել է, որ բանաձևում իրերը կոչվել են իրենց անուններով: Նա կարևորել է պատմության հետ առերեսվելու և պատմության խորքից իրողությունների վերհանման և խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը:

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արդեն իսկ անդրադարձել են մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:

«Գերմանիայի Բունդեսթագը պատմական քվեարկությամբ ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին օսմանյան զավթիչների կողմից հայերի կոտորածները», - գրում է Euronews-ը, - «Խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է բանաձևի օգտին, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն»: 

Բրիտանական BBC-ն գրում է, որ ավելի քան 20 երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Վատիկանը, ինչպես նաև միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսին է Եվրոպական խորհրդարանը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիան հանդիմանում է ցանկացած երկրի, որը 20-րդ դարի ոճրագործությունը «Ցեղասպանություն» է անվանում: Գերմանիան ևս բացառություն չի լինի. Թուրքիան սպառնացել է խզել հարաբերություններն իր վաղեմի դաշնակցի հետ», - գրում է թերթը:

«Թուրքիան ավելի քան 1 միլիոն հայերի և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան կայսրության զանգվածային սպանությունները համարում է ողբերգություն, բայց ոչ որպես ցեղասպանություն», - իր հերթին գրում է The Economist-ը,- «Թուրքիան կարձագանքի Բունդեսթագի բանաձևին իր սովորական զայրույթով: Այն անցած տարի նման հայտարարություններից հետո հետ էր կանչել Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Վատիկանի դեսպաններին»:

The Telegraph-ը գրում է, որ բանաձևը բացասական արձագանք է առաջացրել Գերմանիայի մեծ թուրքական համայնքում անգամ քվեարկությունից առաջ: Շատ խորհրդարանականներ հաղորդել են, որ սպառնալիքներ և վիրավորական էլեկտրոնային նամակներ են ստացել: Լրատվամիջոցը հաղորդում է, որ Գերմանիայի կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով թուրքական ծագում ունի, քվեարկել է բանաձևի օգտին: 

Reuters լրատվական գործակալությունը գրում է, որ Բունդեսթագի այդ քվեարկությունը չէր կարող լինել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար ավելի վատ ժամանակահատվածում: Նա է մարտին Թուրքիայի և Եվրամիության միջև ներգաղթյալների վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի գլխավոր ճարտարապետը: Մերկելին ավելի քան ԵՄ ցանկացած այլ առաջնորդի, պետք էր այս համաձայնությունը. նա ցանկանում է փախստականների ճգնաժամի գրագետ, կոկիկ և «եվրոպական» լուծում, այլ ոչ թե առանձին անդամ պետությունների կողմից սահմանները փակելու կոպիտ որոշումներ:

France 24-ը նշում է, որ Թուրքիան արդեն հասցրել է անգամ իր դեսպանին hետ կանչել Գերմանիայից: «Հայաստանը վաղուց արդեն ձգտում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, սակայն Անկարան մերժում է «ցեղասպանություն» եզրույթը և պնդում է, որ դա եղել է ընդհանուր ողբերգություն, որի ընթացքում հավասար թվով թե՛ թուրքեր և թե՛ հայեր են մահացել: Ըստ Թուրքիայի՝ հայերն ապստամբություն են բարձրացրել իրենց օսմանյան տիրակալների դեմ և փորձ արել միանալ ռուսական կողմին, ինչի արդյունքում էլ քաղաքացիական պատերազմ է ծագել, որտեղ երկու կողմն էլ զոհեր են ունեցել»:

«Գերմանիան Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն է եղել Առաջին Համաշխարհային պատերազմում և Գերմանիայի կառավարությունը գիտեր հայերի հալածանքների ու կոտորածի մասին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը գտնում է, որ ինքը պատասխանատու է այդ հանցագործության հիշատակը կենդանի պահելու հարցում», - գրում է Sputnik News-ը:

Նշենք, որ բանաձևում հստակ օգտագործվում է Ցեղասպանություն եզրը: Նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության և ջարդերի ենթարկված հայերի և մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջև: Նշվում է նաև, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 71%
Քամի՝ 3 կմ/ժ
0 C°
 
   
11.12.2019
-1°   
12.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: