ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խաղաղասեր» Ադրբեջանը չի կարողանում հաշտվել հայ-իրանական համագործակցության փաստի հետ

Խաղաղասեր, հանդուրժող և հավասարակշիռ պետության դիրքերից ներկայանալու՝ Ադրբեջանի ջանքերը հերթական անգամ տապալվեցին: Այն, որ հայ-իրանական համագործակցության խորացմանն ուղղված ցանկացած իրադարձություն Ադրբեջանում լուրջ «ջղաձգություն» է առաջացնում, գաղտնիք չէ: Բայց այս անգամ հակաիրանական տրամադրությունների պոռթկումը տեղի է ունենում ոչ ավել, ոչ պակաս՝ Ադրբեջանի խորհրդարանում:

«Արազ գետի վրա հիդրոկայանների կառուցման շարունակության ոլորտում Իրանի և Ադրբեջանի կառավարությունների միջև համագործակցության» շուրջ օրինագծի քննարկումն ադրբեջանական Միլլի Մեջլիսում օգտագործվեց Իրանի հասցեին քննադատությունների հերթական չափաբաժինը հնչեցնելու համար: Ընդ որում, այդ քննադատությունը հնչեց ոչ միայն պատգամավորների, այն նաև խորհրդարանի նախագահի մակարդակով:

Ադրբեջանում դժգոհ են, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, երկու երկրների միջև ստորագրվել է վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ավելին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարող է մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Հենց նման «ծայրահեղ» իրավիճակն էլ պատճառ է եղել մեղադրելու Իրանին «ադրբեջանական տարածքներն օկուպացրած» Հայաստանի հետ մեղսավոր համագործակցության մեջ:

Ավելին՝ Ադրբեջանում դժգոհ են, որ «մուսուլմանական աշխարհի պաշտպանի» դիրքերից հանդես եկող Իրանը բավարար օժանդակություն չի ցուցաբերում Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության հարցում (Պաղեստինյան խնդրի նմանությամբ)՝ սպառնալով Իսրայելի հետ հարաբերությունների խորացմամբ և Իրանում բնակվող «30 միլիոն ադրբեջանցիներով» (ադրբեջանցիները թվով երկրորդ էթնիկ խումբն են Իսլամական Հանրապետությունում): Ադրբեջանում բացահայտ հայտարարում են, որ ակնկալում են Ղարաբաղյան հակամարտության հարցում իրանական դիրքորոշման փոփոխություն տեսնել:

Իրանի պատասխանն ադրբեջանական իշխանությունների մեղմ ասած «ոչ ադեկվատ» արձագանքին չուշացավ: Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարեց, որ հնչեցված կարծիքները չեն նպաստում երկու երկրների միջև կապերի զարգացմանը, իսկ Հայաստանի հետ Իրանի հարաբերություններն «ուղղված չեն որևէ երկրի դեմ»: Կասկած չկա, որ Ադրբեջանի հետ հետագա կապերը ծրագրելիս Իրանում հաշվի կառնեն այդ երկրի հակաիրանական կեցվածքը, և դա հաստատ չի բխում Բաքվի շահերից:

Իրականում Ադրբեջանի ակնկալիքներն Իրանից հատկապես Ղարաբաղյան հակամարտության հարցում միշտ էլ ավելին են եղել, քան պաշտոնական Թեհրանը պատրաստ է անել: Իրանը հակամարտության ողջ ընթացքում չեզոքություն է պահպանել՝ խուսափելով կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց: Իսկ միջուկային գործարքի կնքումից և միջազգային ասպարեզ վերադառնալուց հետո Իրանը նաև փորձում է հանդես գալ միջնորդական նախաձեռնողականությամբ՝ փորձելով կանխել տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությունը: Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, Իրանի բալանսավորված դիրքորոշումն ու աջակցելու պատրաստակամությունը բարձր են գնահատում՝ ակնկալելով, որ միջազգային մեկուսացումից դուրս եկած Իրանն իր նպաստը կբերի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում:

Իսկ Ադրբեջանում Իրանի չեզոք մոտեցումը ոչ միայն չի ընկալվում, այլ նաև միջազգային և սեփական հանրության աչքում իր ագրեսիվ կեցվածքն արդարացնելու կամ հիմնավորելու համար Բաքուն հաճախ փորձում է պատրանք ստեղծել, թե իբր ադրբեջանական մոտեցումները պաշտպանություն են գտնում Իրանի մոտ: Դա հատկապես տեղի է ունենում կրոնական գործիչների հանդիպումների ժամանակ, երբ իրանցի գործիչներին ադրբեջանական լրատվամիջոցները զանազան հայտարարություններ են վերագրում: Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի դիրքորոշման խեղաթյուրումն Ադրբեջանի կողմից նպատակ է հետապնդում վնաս հասցնել հայ-իրանական հարաբերություններին՝ բացասական տրամադրություններ տարածելով հայ հասարակության շրջանում:

Բայց երկրի խորհրդարանի նախագահի մակարդակով Իրանի հասցեին հնչած մեղադրանքները թերևս ամենալավ ապացույցն են այն բանի, որ իրանական դիրքորոշման խեղաթյուրումը ցանկալի արդյունքը չի տալիս: Այդ քննադատությունները նաև հերթական անգամ ապացուցում են հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ ի ցույց դնելով տարածաշրջանում Հայաստանի ամուր դիրքերն ընդունելու Ադրբեջանի անկարողությունը: Հենց այսպիսին է հանդուրժողականություն քարոզող Բաքվի իրական դեմքը:

Մյուս կողմից սա հերթական ապացույցն է նրա, որ Ադրբեջանն իր ողջ արտաքին քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, ուրեմն մեր դեմ է» սկզբունքի վրա, ինչն իրականում բավական վտանգավոր միտում է: Քաղաքակիրթ աշխարհն այսօր ամեն կերպ փորձում է խուսափել դրանից՝ հասկանալով, որ դա ոչ միայն չի նպաստում անվտանգության կառուցմանը, այլ նաև տանում է դեպի ինքնաոչնչացում: Բայց Ադրբեջանը դեռ շատ հեռու է նման գիտակցությունից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: