ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերը հերթական անգամ հայտնվել են գերտերությունների շահերի հատման կիզակետում

2016 թվականի օգոստոսի 24-ին թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում՝ Ջարաբլուս քաղաքում, սկսեց «Եփրատի վահան» գործողությունը: Պաշտոնապես հայտարարված գլխավոր թիրախը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն էր: Ընդամենը 12 ժամվա ընթացքում ԻՊ-ի զինյալները հեռացան քաղաքից: Այն անցավ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի (հիմնական մասը Թուրքիայի կողմից զինված և վերապատրաստված արաբներ և թուրքմեններ են) վերահսկողության տակ: Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տվյալներով «ահաբեկիչներից ազատագրվել է» շուրջ 400 կիլոմետր տարածք: Բայց թուրքական բանակի գործողությունները շարունակվում են: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ «ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է ինչպես երկրի ներսում, այնպես էլ հարևան երկրներում այնքան ժամանակ, քանի դեռ առկա է ԻՊ-ի, PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) և նրա հետ կապված քրդական ուժերի վտանգը»: Սա նշանակում է, որ այս գործողությունը կարող է միայն սկիզբը լինել:

Հատկանշական է, որ սիրիական Ջարաբլուս քաղաքն արդեն բավական տևական ժամանակ գտնվում էր ԻՊ-ի վերահսկողության տակ, բայց պաշտոնական Անկարան նրանից բխող վտանգը չեզոքացնելու անհրաժեշտություն մինչ այժմ չէր տեսնում: Հասկանալի է, որ իրականում մարտական գործողություններն ուղղված են սիրիական քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) և նրա ռազմական թևի՝ Ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) դեմ, որոնք ԱՄՆ Հատուկ աջակցման ուժերի օգնությամբ օգոստոսի սկզբին ԻՊ-ից ազատագրել էին Ջարաբլուսից հարավ ընկած Մանբիջ քաղաքը: Հաջորդ թիրախը լինելու էին Ջարաբլուս և Ալ-Բաբ քաղաքները, որոնք ընկած են Եփրատի արևելյան և արևմտյան կողմերում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների ուղիղ մեջտեղում: Այսինքն, քրդական ուժերը նպատակ են ունեցել  միավորել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները կամ առնվազն կապող միջանցք ստեղծել: Բայց Անկարան «Եփրատի վահան» գործողությամբ կանխեց այդ քայլը: Եվ հիմա քրդական ուժերից պահանջում է վերադառնալ Եփրատից արևելք: Սա սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր թուրքական ուժերի և PYD-ի առաջին ուղղակի ցամաքային բախումն է Սիրիայի տարածքում:

Իրավիճակի հետագա զարգացումը կամ հանգուցալուծումը կախված է լինելու ոչ միայն Անկարայի մտադրություններից, այլ նաև սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական խաղացողների, առաջին հերթին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումից և նրանց հետագա քայլերից: Տպավորություն է ստեղծվում, որ Անկարան հերթական անգամ պարզապես փաստի առաջ է կանգնեցրել նրանց՝ ստեղծելով բավական բարդ իրավիճակ:

Այս մասին վկայող փաստերը շատ են: «Եփրատի վահան» գործողության մեկնարկից ընդամենը ժամեր անց իրավիճակը քննարկելու համար ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ժամանեց Անկարա, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվեց մեկնել Անթալիա ֆուտբոլային խաղը դիտելու, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ:

Ճիշտ է՝ նման խաղացողները չեն կարող բացահայտ ընդունել, որ Թուրքիան նման գործողություն է սկսել առանց իրենց հետ համաձայնեցնելու: Հավանաբար, հենց այդ պատճառով Բայդենը կրկնեց Թուրքիայի պահանջը՝ հայտարարելով, որ քրդական ուժերը պետք է վերադառնան Եփրատից արևելք: Իսկ Ռուսաստանը բավական զուսպ արձագանքեց Անկարայի ներխուժմանը Սիրիա՝ շեշտը դնելով պաշտոնական Դամասկոսի հետ գործողությունները համակարգելու և միջազգային նորմերի շրջանակներում գործելու անհրաժեշտության վրա: Եթե ԱՄՆ-ի պարագայում սա պայմանավորված է ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները չսրելու անհրաժեշտությամբ, ապա Ռուսաստանի դեպքում, հավանաբար, առաջին պլանում ռուս-թուրքական հաշտեցման գործընթացին վնաս չհասցնելու ցանկությունն է:

Բայց այստեղ մի առանցքային սպառնալիք կա, որ միավորում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը: Դա քրդական գործոնի աճող ազդեցությունն ու քրդական պետական միավորի ստեղծման հավանականությունն է, որն աստիճանաբար ավելի իրատեսական է դառնում: Քրդական պետության ստեղծումը նրանցից ոչ մեկի ծրագրերում չկա: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներն ունի դա չցանկանալու (այս հարցին ավելի ուշ կանդրադառնանք առանձին հոդվածի տեսքով):

Հենց այստեղ է, որ նրանց շահերի հետ հատվում են նաև պաշտոնական Դամասկոսի շահերը, որն ամեն գնով ձգտելու է պաշտպանել Սիրիայի միասնականությունը: Պատահական չէ, որ օգոստոսի կեսերին սիրիական օդուժն առաջին անգամ հյուսիսարևելյան Հասակե քաղաքի շրջանում հարվածներ հասցրեց քրդական ուժերի դիրքերին: Միևնույն ժամանակ Դամասկոսը բավական զուսպ արձագանքեց Թուրքիայի ներխուժմանը՝ հայտարարելով, որ պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իսկապես մտադիր են պայքարել ահաբեկչության դեմ: 

Մինչև վերջերս Վաշինգթոնի, Մոսկվայի և Դամասկոսի դաշնակիցը համարվող Սիրիայի քրդերը լրջագույն վտանգի մեջ են հայտնվել: Թերևս վաղ է իրավիճակի վտանգավորության շուրջ միանշանակ գնահատականներ հնչեցնելու համար՝ հաշվի առնելով քրդերի վրա արված լրջագույն խաղադրույքները, բայց առկա վտանգը թերագնահատել ևս չի կարելի: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: