ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բանկերի կապիտալի նվազագույն շեմի բարձրացումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր

www.vusteven.com

2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ պետք է մտնի ՀՀ ԿԲ 2015թ. տարեվերջի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ-ում գործող բոլոր բանկերի կապիտալի նվազագույն շեմը ներկայիս հինգ մլրդ դրամի փոխարեն պետք է կազմի երեսուն մլրդ դրամ:

Բանկային համակարգի մասին սույն որոշման ի հայտ գալուց ի վեր տարածվեցին տարատեսակ գնահատականներ: Ցանկացած գնահատականի ամենալավ հավաստիքը ժամանակն է, և իրականում դրական փոփոխությունների կհանգեցնի սույն որոշումը, թե բացասական, կիմանանք 2017թ.-ին՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո: Իսկ մինչ այդ թերևս դիտարկենք արդեն իսկ նկատելի կողմերը:

Որոշումն իհարկե կարող է համարվել բացասական, քանի որ ՀՀ-ում գործող բանկերի մեծամասնությունն այս պահին՝ 2016թ. երկրորդ կիսամյակում, դեռ բավական հեռու է 30 մլրդ դրամի նվազագույն կապիտալի շեմից: Նշենք, որ ՀՀ-ում գործում են 21 առևտրային բանկեր, որոնցից 30 մլրդ դրամ և ավելի կանոնադրական կապիտալ ունի ընդամենը չորս բանկ՝ «Ագբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը, Ամերիաբանկը, Առէկսիմբանկը, «ՎՏԲ-Հայաստան» բանկը: Որոշ առևտրային բանկեր, դրանք են՝ «Հայբիզնես» բանկը, «Մելլաթ» բանկը, «Բիբլոս» բանկն ունեն քսանից ավելի մլրդ կանոնադրական կապիտալ: Քսան միլիարդի շեմին մոտ են «Յունիբանկը», «Ինեկոբանկը», «Պրոմեթեյ» բանկը, «Անելիք բանկը», «Արդշին», «Էյչ-Էս-Բի-Սի» բանկերը: Եթե նախորդ առանձնացված երկու խումբ բանկերի դեպքում կարելի է հնարավոր համարել կանոնադրական կապիտալի համալրումը մինչև տարեվերջ՝ սահմանված երեսուն մլրդ-ի շեմին հասնելու համար, ապա բավական մեծ խնդրի առաջ են կանգնած «Հայէկոնոմ», «Արմսվիս», «Արարատ», «Հայկական զարգացման», «Կոնվերս», «Համահայկական» և «Արցախ» բանկերը: Փաստորեն, չորս բանկ պատրաստ է փոփոխությունների, երեք բանկ մոտ են սահմանված շեմին, վեց բանկեր ձգտում են քսան մլրդ դոլարի շեմին, իսկ ահա յոթ բանկերի կանոնադրական կապիտալն անգամ տասը մլրդ դրամի չի հասնում:

Ամենապարզ ենթադրություններով փակման կամ միավորման վտանգի ներքո են 13 առևտրային բանկեր, ինչը, փաստորեն, ՀՀ-ում գործող բանկերի կեսից ավելին է: Այս իմաստով որոշումը մտահոգիչ է, քանի որ բանկերի թվի կրճատումը կհանգեցնի ոլորտում առկա փաստացի մրցակիցների թվի կրճատման, ինչը տեսականորեն հակադարձ համեմատական է առողջ մրցակցության ապահովման ցուցիչին:

Մինչդեռ գոյություն ունի հարցի որակական չափորոշիչը: Ոլորտում ունենալով 21 առևտրային բանկ՝ ՀՀ բանկային համակարգը, վիճակագրական տվյալների համաձայն, վերջին երկուսուկես տարիների ընթացքում ցուցադրում է նվազող շահութաբերություն: Մասնավորապես, 2014թ. ՀՀ բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է 21.2 մլրդ դրամ, 2015թ.՝ 20.7 մլրդ դրամ, իսկ ահա 2016թ. առաջին վեց ամիսներին 5.62 մլրդ դրամ: Եթե փորձենք լավագույն կանխատեսումով կրկնապատկել այս թիվը հաջորդ կիսամյակի համար՝ տերեվերջին մենք կունենանք առավելագույնը՝ 15 մլրդ դրամի զուտ շահույթ: Ընդ որում, այս տարի 21 բանկերից 7-ն աշխատել է վնասով: Սա փաստում է, որ ոլորտն ՕԳԳ-ի հետ կապված խնդիրներ ունի: Բոլորովին գաղտնիք չէ, որ ծառայությունների մատուցման որակների հետ կապված էլ հայաստանյան ոչ բոլոր բանկերն են շարժվում ժամանակին համընթաց: Ուստի, այս դիտակետից խնդրին նայելով, կարելի է հիմնվել ԿԲ այն գնահատականին, որ բանկերի կապիտալի մասին նման փոփոխություններն արվում են բանկերի միավորումները խթանելու և ծառայությունների որակի բարձրացման համար: Մյուս կողմից, ԿԲ տվյալների համաձայն, մենք ներկայումս ունենք գործող բանկեր, որոնց կանոնադրական կապիտալն անգամ հինգ մլրդ դրամը չի գերազանցում, ուստի այդ բանկերից ակնկալել մատչելի ծառայություններ պարզապես պետք չէ, ինչի հաշվին ավելի մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող բանկերը չեն գնում ծառայությունների գներն իջեցնելու քայլին: Նման ցածր կապիտալով բանկերի վերամիավորման պարագայում մենք կունենանք ավելի քիչ թվով, բայց ավելի ապահովված բանկեր, ինչը միանշանակ դրական ազդեցություն կունենա բանկային ծառայությունների գների նվազման վրա:

Ինչպես տեսնում եք, բանկային կապիտալի շուրջ ԿԲ առաջացրած այս իրարանցումն իրավամբ առիթ է տալիս միաժամանակ և՛ անհանգստանալու, և՛ դրական փոփոխություններ ակնկալելու: Մի բան միայն պետք է հիշել. առողջ մրցակցության մասին խոսելիս չպետք է հիմնվել միայն ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների քանակի վրա: Դա, իհարկե, մրցակցության գրավական է, բայց ոչ բավարար: Շատ լավ համեմատություն ունենք բջջային օպերատորների շուկայում, որտեղ խաղացողները երեքն են, բայց ոլորտում առողջ մրցակցությունն ու բավական մատչելի ծառայություններն անպակաս են:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: