ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Անկախ ազգությունից՝ մեր երեխաներն ու թոռները հանրապետության ապագան են». ՀՀ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ

www.armedia.am

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Ռոսիա» ՀԿ նախագահ, «Սլավոնական» միջնակարգ դպրոցի տնօրեն, ՀՀ Նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի անդամ Յուրի Յակովենկոյի հետ:

 

- Հայերին և ռուսներին կապում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները: Մենք միասին ապրել ենք Ռուսական կայսրության, այնուհետև ԽՍՀՄ-ի կազմում, շարունակում ենք համագործակցել ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում: Ասացե՛ք, խնդրեմ, ինչպե՞ս է իրեն զգում ռուսական համայնքն անկախ Հայաստանում:

- Երբ անցյալ ժամանակով են ասում՝ «մենք եղել ենք», ես մի տեսակ եմ լինում, քանի որ մենք կանք և կլինենք: Մենք ուժեղ ենք, քանի դեռ միասին ենք: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական համայնքին, ապա ասեմ, որ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանում ռուսների թիվը 89 հազար էր, իսկ այժմ, մեր գնահատականներով, 12 հազարից ոչ ավելի (Երևանում՝ մոտ 5000)՝ հաշվի առնելով նաև մոլոկաններին (մոտ 3000), որոնք հիմնականում կենտրոնացած են Ֆիոլետովո գյուղում, ավելի քիչ մասը՝ Լերմոնտովոյում: Ի դեպ, խորհրդային տարիներին Հայաստանում կար շուրջ 26 մոլոկանական գյուղ, այդ թվում՝ Ճամբարակը, Շորժան: Քչերը գիտեն, որ Սևան քաղաքը՝ նախկին Ելենովկան, հիմնադրվել է մոլոկանների կողմից:

Ռուսական համայնքի ինքնազգացողությունը համահունչ է ամբողջ հայ ժողովրդի հետ: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ենք, սա մեր հայրենիքն է, մեզնից շատերն այստեղ են ծնվել: Ռուսաստանն իմ պատմական հայրենիքն է, ես հաճախ եմ այնտեղ գնում, բայց երրորդ օրն արդեն կարոտում եմ Հայաստանը, ինձ ձգում է Հայաստանում իմ հայրենի տունը: Ուստի մենք բոլորս՝ ռուսական համայնքի ներկայացուցիչներս, ինչպես նաև այլ համայնքների ներկայացուցիչները, շատ հանգիստ ենք զգում մեզ այստեղ: Լինելով Ռուսաստանյան հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհրդի անդամ՝ ես շատ եմ շփվում տարբեր երկրների մարդկանց հետ, և ինձ միշտ հետաքրքրում է այդ երկրներում ազգային փոքրամասնությունների վիճակը: Ամենուր բազմաթիվ խնդիրներ կան: Իսկ Հայաստանում մեր խնդիրներն այլ բնույթի են: Դրանք բոլորը կապված են հայ ժողովրդի խնդիրների հետ, դրանք սոցիալական դժվարություններ են, և ի տարբերություն այլ երկրների՝ մեզ մոտ ազգամիջյան խնդիրներ չկան: Մեզ մոտ բոլոր հարցերում կա փոխըմբռնում և հստակ ազգային քաղաքականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Պատահական չէ, որ արդեն երկար տարիներ գործում է ՀՀ Նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհուրդը, որը համակարգում է այդ ամբողջ աշխատանքը:

- Որքա՞ն հաճախ եք դուք հանդիպում:

- Հանդիպում ենք երկու ամիսը մեկ անգամ: Իսկ եթե անհրաժեշտություն է առաջանում, ապա ցանկացած ժամանակ պատրաստ ենք հանդիպելու: Այդ խորհուրդը ոչ միայն համակարգում է ամբողջ աշխատանքը, այլև լուծում է շատ խնդիրներ և հարցեր ինչպես համայնքների միջև, համայնքների ներսում, այնպես էլ որևէ համայնքի մեջ մտնող տարբեր կազմակերպությունների միջև: Հիմնականում դրանք հումանիտար, կրթական, մշակութային ոլորտի հարցեր են: Գլխավորը մեզ համար մեր ազգային ինքնությունը պահպանելն է, պահել մեզ որպես Հայաստանի տարածքում բնակվող ազգ, ժողովուրդ, որպես լեզվական խումբ: Այո, ժամանակին որոշակի ծայրահեղություններ են եղել, երբ 1993թ. Հայաստանում ընդունվեց լեզվի մասին օրենքը, և փակվեցին բոլոր ռուսական դպրոցները, այդ պատճառով շատերը հեռացան: Այսօր լեզվի մասին օրենքը շարունակում է գործել, բայց որոշակի զիջումներ են արվել: Արդեն 20 տարի է՝ մեր «Ռոսիա» ՀԿ-ին կից գործում է ռուսական լեզվով ուսուցմամբ «Սլավոնական» միջնակարգ դպրոցը, որն արտոնագրված է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Եվ այն, որ այս վճարովի դպրոցն արդեն 20 տարի գոյություն ունի այս դժվարին հարկային դաշտում, շատ բանի մասին է խոսում, մեզ օգնություն է ցուցաբերվում: Եվ դպրոցը կատարում է իր պատմական առաքելությունը:

- Ովքե՞ր են սովորում ձեր դպրոցում:

- Այստեղ սովորում են ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ տարածքում բնակվող սլավոնական ժողովուրդների երեխաները: Մեր նշանաբանն է. «Հասկանալով Հայաստանն ու Ռուսաստանը՝ շարժվել միայն առաջ»: Մեր դպրոցը երկլեզու է, այսինքն՝ երեխաները տիրապետում են և՛ հայերենին, և՛ ռուսերենին: Ի դեպ, մեզ մոտ հիմնականում սովորում են ՌԴ հայ քաղաքացիների երեխաները, ուստի մենք մեր առջև նպատակ ենք դնում այս երեխաներին ծանոթացնել նաև հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին: Մեզ մոտ անցկացվում են բազմաթիվ մրցույթներ, փառատոններ, վիկտորինաներ, տարբեր էքսկուրսիաներ:

Հայկական պետությունն արդեն շատ տարիներ ֆինանսավորում է մեր բոլոր ազգային համայնքները: Չնայած գումարները մեծ չեն, սակայն դրանք հատկացվում են մշակութային-կրթական միջոցառումների անցկացման համար: Բացի այդ՝ կա նաև դրամաշնորհային աջակցություն հասկացությունը: Օրինակ՝ այդ դրամաշնորհների հաշվին մենք սքանչելի ազգային տարազներ ենք կարել և ելույթ ենք ունենում տարբեր միջոցառումներում:

- Մի փոքր պատմե՛ք ձեր կազմակերպության մասին:

- «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ամենախոշոր ռուսական կազմակերպությունն է, ունի 17 մասնաճյուղ հանրապետության բոլոր խոշոր բնակավայրերում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արմավիրում, Դիլիջանում, Իջևանում և այլն: Մենք աշխատում ենք օգնել մեր հայրենակիցներին տարբեր հարցերում. դրանք իրավական հարցերն են, նաև դասագրքեր են տրամադրվում ՌԴ դեսպանատան կողմից: Ի դեպ, այս քաղաքներում պահպանվել են ռուսական ուսուցմամբ դպրոցներ, որոնք 24-ն են, և մենք համակարգում ենք այդ դպրոցների աշխատանքը: Հայկական հասարակությունում ռուսաց լեզուն կա, սակայն, ցավոք, երիտասարդության մեջ այս լեզվի իմացությունը գնալով թուլանում է, ուստի մենք դպրոցի բազայի վրա կազմակերպում ենք տարբեր մրցույթներ, տարբեր թեմաներով վիկտորինաներ, շփման համար ստեղծում ենք ռուսալեզու միջավայր:

Էջմիածնում գործում է մեր ամենաուժեղ մասնաճյուղերից մեկը (ղեկավար՝ Ելենա Հակոբյան), որը հոգ է տանում 1827թ. Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձան-կոթողի մասին: Ամեն տարի մենք այդտեղ հավաքվում ենք և մեր հարգանքի տուրքը մատուցում ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակին:

- Քանի՞ ռուսական եկեղեցի կա Հայաստանում:

- Հիմնական ուղղափառ տաճարը Քանաքեռում գտնվող Սուրբ Աստվածածնի եկեղեցին է: Կառուցվում է մի նոր տաճար, որի հանդիսավոր բացումը կլինի գարնանը: Ուղղափառ եկեղեցի կա Վերին Դվինում, Դիմիտրովում, մի քանի եկեղեցի կա Գյումրիում, որոնց թվում է Պլպլան ժամը, կա եկեղեցի Վանաձորում, Կիրովում, այժմ՝ Ամրակից, Պրիվոլնայա գյուղում:

- Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվում Ռուսաստանի կողմից:

- Մեր երեխաներն ակտիվորեն մասնակցում են ռուսաստանյան հայրենակիցների երեխաների՝ Ռուսաստանի բուհերում ուսուցման պետական ծրագրին: Մեզ մոտ անցկացվում են քննությունները, ռուսաց լեզվի թեստավորումը, և դրանք լավ հանձնած երեխաները իրավունք են ստանում Ռուսաստանի լավագույն բուհերի բյուջետային տեղերում սովորելու համար: Մենք նաև ստանում ենք ռուսաստանյան պարբերականներ, 60-ի կարգի ամսագրեր և թերթեր: Մեր դպրոցում մի հոյակապ գրադարան կա, համացանցով անվճար մուտք ունենք դեպի ռուսաստանյան հրատարակություններ: Այժմ մի հետաքրքիր ծրագիր է սկսվել՝ Արտասահմանյան ռուսական դպրոց (մեր դպրոցն էլ է մտնում այդ ցուցակի մեջ): Անցյալ տարի ՌԴ նախագահ Վ.Պուտինը հրամանագիր ստորագրեց, որ այս ծրագիրը ռուսաստանյան պետության համար առաջնային է: Սեպտեմբեր-հոկտեմբերին մեր դպրոցի ուսուցիչները և ղեկավար անձնակազմը, ինչպես նաև Հայաստանի դպրոցների ռուսական դասարանները օն-լայն վերապատրաստում կանցնեն, յուրաքանչյուրն իր առարկայից: Սա խոշորամասշտաբ ակցիա է, ընդ որում այն կլինի մշտական: Բացի այդ, մեր երեխաները մասնակցում են նաև «Բարև՛, Ռուսաստան» ակցիային, որի համաձայն՝ օլիմպիադաների, մրցույթների հաղթողներն ուղարկվում են անվճար ճամփորդության Ռուսաստանյան Դաշնություն: Շատ ենք երեխաներին տարել Ոսկե օղակի քաղաքները, անցյալ տարի նրանք այցելեցին Սանկտ Պետերբուրգ, այս տարի՝ Մոսկվա, իսկ հաջորդ տարի կմեկնեն Կազան՝ երկու կրոնների, երկու մշակույթների քաղաքը:

- Օրերս տոնելու ենք ՀՀ անկախության 25-ամյակը: Ինչպե՞ս է ռուսական համայնքը պատրաստվում այս տոնին:

- Մենք, անկախ ազգությունից, անկախ Հայաստանի քաղաքացիներն ենք, և մեր երեխաներն ու թոռները հանրապետության ապագան են, ուստի մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում մեր երեխաներին: Մեր երեխաները երկլեզու են: Եթե դու մի երկրում ես ապրում, ապա դու պարտավոր ես իմանալ տիտղոսակիր ազգի լեզուն: Մենք պետք է միասին կառուցենք մեր ապագան: Ժողովուրդն ասում է. «Եթե քո երկիրը թանկ չէ քեզ համար, եթե չես հարգում քո ժողովրդին և քո երկիրը, որտեղ ապրում ես, ապա մի գրոշի արժեք չունես, իզուր ես ապրում աշխարհի երեսին: Սիրտդ կչորանա, հոգիդ կկոշտանա և հողի առատաձեռնությունից չես օգտվի»: Հայկական սուրբ հողը մեզ մի անբացատրելի լիցք է տալիս: Հավանաբար նույնիսկ ազգությամբ հայերը այնպես չեն զգում հայրենի հողի նկատմամբ կապվածությունը, ինչպես Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները:

Մենք կարծում ենք, որ Հայաստանի անկախության 25-ամյակի տոնը շատ նշանակալից իրադարձություն է: Ցանկացած ժողովրդի պատմության ցանկացած հատված իր մեջ դրական լիցք է պարունակում: Եվ նույնիսկ Խորհրդային Միության կազմում ապրած 70 տարիները շատ բան են տվել հայ ժողովրդին, մեր հանրապետությունը կայացել է հենց այդ տարիներին: Մենք ցավով ու տագնապով ենք ընկալում բոլոր քաղաքական ցնցումները, որոնք վերաբերում են մեր երկրին:

Մենք համոզված ենք, որ Հայաստանին լուսավոր ապագա է սպասում, այլ կերպ չի կարող լինել, ուղղակի չի՛ կարող: Անկախության տոնի շրջանակներում մենք կազմակերպում ենք ազգային մշակույթների փառատոն և պատրաստվում ենք այցելել Նոյեմբերյանի զորամաս՝ տանելով Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների համերգային ծրագիր՝ մեր զինծառայողներին ոգևորելու համար: Նրանց համար տանելու ենք նաև գրքեր և հյուրասիրելու ենք մեր ազգային կերակրատեսակներով:

Ի դեպ, ապրիլյան պատերազմի ժամանակ մեր դպրոցի սաները բառացիորեն մեկ օրում հսկայական օգնություն հավաքեցին մեր ռազմիկների համար, այդ տուփերի մեջ դնում էին նաև իրենց նամակ-ուղերձները:

Մեր սիրելի Հայաստանին ցանկանում եմ բարգավաճում և բարեկեցություն, հանգստություն, զարգանալու հնարավորություն ստեղծագործական առումով, և թող մեր փոխհարաբերությունները հայ ժողովրդի հետ շարունակվեն այս եղբայրական, բարեկամական հունով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: