ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական բանակցություններ Աստանայում. ակնկալիքներն ավելի մեծ են, քան հաջողելու հնարավորությունը

Հալեպ քաղաքի ազատագրումից և սիրիական կառավարության և զինված խմբավորումների միջև հրադադարի հաստատումից հետո բոլորի ուշադրությունը սևեռված է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսվող բանակցությունների վրա, որոնք նախնական տեղեկությունների համաձայն կայանալու են հունվարի 23-ին: Աստանայում նախատեսվում է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մի կողմից Սիրիայի կառավարությանը, մյուս կողմից՝ սիրիական ընդդիմությանը:  Աստանայի բանակցությունների նախապատրաստումը, ինչպես և Սիրիայում հրադադարի հաստատումը, իրականացվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ:

Բանակցություններում հաջողություն գրանցելու հնարավորությունն, իրականում, մեծ չէ: Պատճառները բազմաթիվ են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը:

Նախ, լրջագույն խնդիր է բանակցությունների մասնակիցների ցանկի մշակումը: Սա վերաբերվում է ինչպես սիրիական ուժերին, այնպես էլ արտաքին խաղացողներին: Սիրիայի նախագահը պատրաստ է մասնակցել Աստանայի բանակցություններին մեկ պայմանով՝ սիրիական կառավարության հետ պետք է բանակցեն սիրիական ուժեր, այլ ոչ թե օտար պետությունները ներկայացնող խամաճիկներ: Իսկ սիրիական ընդդիմության միասնական պատվիրակություն մինչ այժմ չի հաջողվում ձևավորել: Ճիշտ է՝ Ռուսաստանն ու Թուրքիան զգալի ջանքեր են գործադրում ընդդիմադիր մեկ միասնական պատվիրակության ձևավորման ուղղությամբ, սակայն այդ ջանքերը դեռևս էական արդյունք չեն գրանցել: Բացի այդ, Թուրքիայի առարկությունների պատճառով չի հաջողվում լուծել սիրիական հակամարտության առանձին կողմ հանդիսացող քրդերի մասնակցության հարցը: Ճիշտ է՝ Անկարան Աստանայի բանակցություններին մասնակցելու հրավեր է ուղարկել Իրաքյան Քրդստանի հետ կապված 3 քուրդ առաջնորդների Սիրիայից, բայց նրանք չեն ներկայացնում Սիրիայի Քրդական դեմոկրատական միություն կուսակցությունը, որը տեղում ղեկավարում է քրդական զինված ուժերը:

Խոսելով արտաքին ուժերի մասնակցության մասին՝ պետք է փաստել, որ մինչ օրս հստակություն չկա Միացյալ Նահանգների, Ծոցի արաբական միապետությունների և ԵՄ ներգրավվածության հարցում: Թուրքիան պնդում է, որ չի կարելի անտեսել ԱՄՆ-ի դերակատարումը՝ հայտարարելով, որ ռուսական կողմի հետ համաձայնությամբ Աստանայի բանակցություններին մասնակցելու հրավեր է ուղարկել ԱՄՆ-ին, ինչին, սակայն, դեմ է իրանական կողմը: Միացյալ Նահանգները մինչ այժմ չի հաստատել իր մասնակցությունը՝ հավանաբար այն պատճառով, որ  ԱՄՆ-ի մասնակցությունը Աստանայի գործընթացին, որի նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, կնշանակի այս երեք երկրների «հաղթանակ»՝ սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ստանձնելու իմաստով: Փետրվարի 8-ին Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո նախատեսվող սիրիական բանակցություններից առաջ Աստանայի գործընթացը կարող է անկյունաքարային դառնալ վերոնշյալ երեք երկրների դիրքերի ամրապնդման տեսանկյունից:

Ինչ վերաբերվում է Ծոցի երկրներին, ապա սիրիական կառավարությունը հայտարարում է, որ դեմ է Սաուդյան Արաբիայի և Կատարի մասնակցությանն Աստանայի բանակցություններին, քանի դեռ նրանք աջակցում են ահաբեկչական խմբավորումներին: Դե իսկ եվրոպական երկրների կամ ԵՄ-ի ներկայացվածության հարցում, որն ամենաշատն է տուժել սիրիական հակամարտության հետևանքով՝ բախվելով փախստականների հոսքին և ահաբեկչության վտանգին, որևէ հստակություն չկա:

Սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական ներքին և արտաքին խաղացողներից մի քանիսի բացակայությունը և այն հանգամանքը, որ նրանց շահերը պատշաճ կերպով չեն ներկայացվելու և հաշվի չեն առնվելու, լրջորեն նվազեցնում է հնարավոր համաձայնության, առավել ևս դրա կայունության հավանականությունը:

Երկրորդ, մինչ այժմ հայտնի չէ բանակցությունների օրակարգը: Ընդդիմադիր խմբավորումներից հայտարարություններ են հնչում այն մասին, որ օրակարգում առաջնային պետք է լինի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի տապալումը և իրանական «վտանգավոր» ազդեցության թուլացումը, մինչդեռ Սիրիայի նախագահը ցանկանում է խոսել զինադադարի պահպանման մասին: Ինչ վերաբերվում է միջնորդներին, ապա հասկանալի է, որ նրանցից յուրաքանչյուրը փորձելու է օրակարգ բերել իր շահերից բխող խնդիրներ, որոնց քննարկումը դժվար թե էական ազդեցություն ունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Երրորդ, միջնորդ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շրջանում անգամ առանցքային խնդիրների հարցում չկա միակարծություն, ինչը պայմանավորված է սիրիական հակամարտության հարցում կողմերի խիստ տարբեր դիրքորոշումներով: Կողմերից յուրաքանչյուրի շահերն ավելի շատ հակադրվում են մյուսի նպատակներին, քան հատվում դրանց հետ:

Նույն Իրանն ու Ռուսաստանը բազմաթիվ տարաձայնություններ ունեն Սիրիայում: Իրանի համար Սիրիան աշխարհագրորեն ապահովում է Թեհրանի կապը Լիբանանի շիական Հիզբոլլահ խմբավորման հետ, հանդիսանում է իրանական «դիմադրության առանցքի» կարևորագույն գործոն, ուստի Իրանի համար կարևոր է ապահովել Սիրիայում այնպիսի իշխանություն, որը թույլ կտա մի կողմից երկիրը պահել շիական առանցքում (Թեհրան-Դամասկոս-Հիզբոլլահ), մյուս կողմից, կանխել սուննիական ճամբարի ազդեցության ուժեղացումը: Իսկ Ռուսաստանի համար գերակա խնդիր է Սիրիայում սեփական բազաների՝ Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուս ծովային բազայի պաշտպանությունը: Վերջինս Ռուսաստանի միակ հենակետն է Միջերկրական ծովում: Եվ հենց այս բազաների ամրացման շնորհիվ Ռուսաստանը պահպանում է մուտքի հնարավորությունը Միջերկրական ծով:

Պատահական չէ, որ Ռուսաստանն այս տարիների ընթացքում կարողացել է կապեր հաստատել սիրիական չափավոր ընդդիմության հետ, ինչպես նաև դիվերսիֆիկացրել է քրդերի հետ ունեցած կապերը՝ մեծացնելով հնարավոր նոր իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունը: Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է ընդունել ցանկացած որոշում, որը կկայացնի սիրիական ժողովուրդը: Մինչդեռ Իրանի համար Ասադի վարչակազմին աջակցելը նախկինի նման սկզբունքային է:

Գրեթե ամբողջությամբ իրարամերժ դիրքորոշումներ ունեն նաև Իրանն ու Թուրքիան: Իրանական կողմը մեղադրում է Անկարային ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, բայց միևնույն ժամանակ գերազանցապես Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեց հանդուրժել Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում, քանի դեռ դրանք ուղղված են ԻՊ-ի և քրդերի դեմ, որոնց քաղաքական ակտիվացումը ձեռնտու չէ նաև Իրանին:

Բացի այդ, այս երեք երկրները չեն գործում որպես մեկ միասնական ուժ: Ռուսաստան- Թուրքիա- Իրան համագործակցության ներսում աստիճանաբար ձևավորվում է Ռուսաստան-Թուրքիա առանցքը (Մոսկվան և Անկարան հուշագիր են ստորագրել Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգման մասին), ինչն աննախադեպ է սիրիական հակամարտության ողջ տարիների կտրվածքով: Ռուս-թուրքական գործողություններն աստիճանաբար ավելի համակարգված են դառնում, ինչը հատկապես երևում է Ալ-Բաբ քաղաքում իրականացվող գործողության օրինակով, որտեղ ռուսական օդուժն օգնում է Թուրքիային քաղաքը գրավելու համար:

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տարաձայնությունները Սիրիայում չափազանց շատ են, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նրանց համագործակցությունն այս փուլում անհնար է: Նրանց հաջողվել է ստանձնել սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, և նրանք այն հեշտությամբ չեն զիջի:  Այս փուլում նրանք կենսունակ լուծման չեն էլ հավակնում, այլ ընդամենը դժվարությամբ ստանձնած նախաձեռնությունը որևէ այլ կողմի չզիջելու խնդիր են հետապնդում:

Նրանց միավորող գլխավոր նպատակն այս պահին տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում արտաքին ուժերի ներգրավվածությունը բացառելն է: Հասկանալի է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար արտաքին ուժն այս պարագայում Միացյալ Նահանգներն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: