ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն էին. ԼՂՀ խորհրդարանականներ (ԲԱՑԱՌԻԿ)

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանա սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվե: Նշենք, որ փոփոխությունների նախագիծն Արցախի քաղաքական ուժերը միանշանակ չեն ընդունում:

«Նախագիծը պատերազմական իրավիճակում ապրող Արցախի համար ապահովում է կայուն գործադիր իշխանություն՝ Հանրապետության նախագահի ղեկավարությամբ, սակայն միաժամանակ նաև առաջարկում է իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպման հստակ մեխանիզմ՝ քաղաքական պատասխանատվություն սահմանելով գործադիր իշխանության համար և ավելացնելով Ազգային ժողովի լիազորությունները պետական կառավարման մի շարք ոլորտներում», - «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Արցախի «Ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Վերջինիս կարծիքով՝ «նոր Սահմանադրության նախագիծն Արցախին առաջին հերթին վստահություն պիտի տա, որ 1988թ. փետրվարի 20-ի մեր որոշումն անշրջելի է ու պայքարը շարունակվում է, որ Արցախը համարժեք է արձագանքում արագ փոփոխվող միջազգային ու տարածաշրջանային զարգացումներին»:

Սակայն Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն էական բան չի տա Արցախին: «Այս նախագծով Սահմանադրության ընդունման պարագայում չենք կարող նոր հաջողություններ արձանագրել», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Վահրամ Բալայանը: «Ընդհանուր առմամբ, մեր մոտեցումն այն էր, որ մենք չպիտի հեռանանք ՀՀ զարգացումներից: Դա վերաբերում է և՛ տնտեսական կյանքին, և՛ քաղաքական գործընթացներին: Հայ ժողովրդի հիմնական պահանջն այն է, որ Արցախը միավորվի մայր Հայաստանին: Ճիշտ է, այս պահին որոշակի հանգամանքների ազդեցության տակ երկու ազգային պետականություն ունենք, բայց ըստ էության մենք մի երկիր ենք և պետք է փորձենք երկիրը տանել նույնօրինակ դաշտի մեջ, որպեսզի ավելի հեշտ անցում կատարենք մեկ միասնական երկիր կերտելու գաղափարի իրականացմանը», - նշեց Բալայանը:

Հարկ է նշել, որ և՛ իշխող, և՛ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ ներկա փուլում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն էին Արցախի զարգացման համար: Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին քննարկումներ եղել են դեռևս 2012 թվականից սկսած, սակայն գործընթացն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է և միայն անցած տարվա փետրվարին Արցախի քաղաքական ուժերի խնդրանքով Հանրապետության նախագահի կողմից տրվել է գործընթացի մեկնարկը:

«Մենք պետք է առաջնորդվենք մի հստակ գիտակցումով, որ Սահմանադրությունը կարծրացած փաստաթուղթ չէ, և այն պետք է փոփոխել ժամանակի պահանջներին ու զարգացումներին համահունչ: Եթե համամատենք գործող Սահմանդրությունը և հանրաքվեի դրված նախագիծը, ապա փոփոխությունների անհրաժեշտությունը միանշանակ ակնհայտ է դառնում», - նշեց  Դավիթ Մելքումյանը: Սակայն ընդդիմադիր պատգամավոր Վահրամ Բալայանը կարծում է, որ փոփոխությունները ոչ ճիշտ ուղով են գնացել: «Առավել ժողովրդավարական, ամուր, տնտեսական կայուն հիմքեր ունեցող երկիր ունենալու համար պետք է ընտրվեր խորհրդարանական կառավարման ձև, որին անցում կատարեց Հայաստանի Հանրապետությունը», - նշեց նա:

Նշենք, որ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն արդեն մեկնարկել է և կտևի մինչև փետրվարի 18-ը: «Հունվարի 24-ին Արցախի ժողովրդավարական կուսակցությունը «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ հայտարարել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու մտադրության մասին և արդեն ձևավորվել է քարոզչական շտաբ՝ գործնական աշխատանք իրականացնելու նպատակով: Այդ նախաձեռնությանն արդեն միացել են Կոմունիստական և Արմենական կուսակցությունները: ԱԺԿ կենտրոնական գրասենյակում գործում է աշխատանքների համակարգման կենտրոն», - նշել է  Դավիթ Մելքումյանը՝ հավելելով, որ կուսակցության անդամները հանդիպումներ են ունենում Արցախի տարբեր համայնքներում՝ հանրությանը հնարավորինս մատչելի ձևով մատուցելու Սահմանադրության նախագծով նախատեսված փոփոխությունները, կառավարման առաջարկվող մոդելի առանձնահատկությունները:

Դաշնակցություն կուսակցությունը ևս այս ակտիվ քարոզարշավ է իրականացնում: «Մենք հանդիպումներ ենք ունենում հանրության հետ, ակտիվ ենք նաև համացանցում մեր գաղափարների ներկայացման հարցում: Սակայն ժողովուրդն ինքը պետք է ընտրի», - իր հերթին նշեց Բալայանն՝ ընդգծելով, որ եթե սահմանադրության այս նախագիծն ընդունվի, դա «աշխարհի վերջը» չի լինելու. «Մեզ դա չի հուսահատեցնում, ոչ էլ կասեցնում է մեր ոգևորությունը: Մենք առանց սահմանադրության էլ ենք հաջողությամբ երկրի կառուցել, 2006 թվականի Սահմանադրության ընդունումից հետո էլ շարունակել ենք այդ աշխատանքները: Հանրությունը պետք է ընտրի, և մենք այդ ընտրությամբ կշարժվենք առաջ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: