ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ելք» դաշինքը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Էդմոն Մարուքյանի հետ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ նորընտիր Ազգային Ժողովում ներկայացված է լինելու չորս քաղաքական ուժ: Հենց այդ ուժերն են սահմանելու երկրի արտաքին քաղաքական կուրսը: Ուստի, ներկայացնում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ «Արմեդիա» ՏՎԳ-ի կողմից անցկացված հարցազրույցները՝ նրանց արտաքին քաղաքական ծրագրի վերաբերյալ:

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:


-  Պարո՛ն Մարուքյան, կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

-   Դաշինքի ծրագրում արտաքին քաղաքական գերակայությունները որպես այդպիսին նշված չեն, բայց կարող եմ առանձնացնել, թե ինչին ենք մենք շատ մեծ նշանակություն տվել: Առաջինը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված մեր մոտեցումն է, որը խարսխվում է ուժեղ Հայաստանի վրա: Մենք պնդում ենք, որ ԼՂ, այս պահին արդեն նոր Սահմանադրությամբ Արցախի հիմնախնդրի կարգավորումը չպետք է քննարկման առարկա լինի զիջումների համատեքստում, և մենք պնդում ենք, որ Ադրբեջանում որևէ քաղաքական ուժի, քաղաքական գործչի, իշխանության ներկայացուցչի կողմից որևէ զիջման մասին խոսակցություն չկա: Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը գտնվում է Հայաստանի տնտեսության զարգացման, Հայաստան պետության զարգացման և Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական և քաղաքական խախտված հավասարակշռությունը վերականգնելու մեջ: Մինչև այդ հավասարակշռությունը չվերականգնվի, մինչև Հայաստան պետությունը չուժեղանա այդ համատեքստում, Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծում մենք որևէ կերպ չենք պատկերացնում և զիջումների մասին որևէ խոսակցություն ո՛չ մեր ծրագրում, ո՛չ էլ մեր հռետորաբանությունում գոյութուն չունի:

Երկրորդ ուղղությունը կասեցված եվրոպական ինտեգրացիան է: Գիտեք, որ Հայաստանն անկախության հռչակագրի ընդունումից հետո սկսել է եվրոպական ինտեգրացիան. ՀՀ Անկախության հռչակագրում դրա հիմքերը դրված են: 2001թ, Հայաստանը դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ՝ ընդունելով եվրոպական դատարանի իրավազորությունը, վավերացնելով մարդու իրավունքների բնագավառում Եվրոպայի Խորհրդի փաստաթղթերը և շարունակել եվրոպական ինտեգրացիան մինչև 2013թ., երբ արդեն չորս ու կես տարի բանակցվում էր Ասոցացման համաձայնագիրը, Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: «Ելք» դաշինքի ծրագրում առանձին կետով նշված է, որ Դաշինքն, իշխանություն ստանալու պարագայում, վերսկսելու է Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի բանակցությունները:

Երրորդ ուղղությունը ավելի մոտ հարևանների հետ կապված ուղղությունն է, կոնկրետ ԵԱՏՄ պետություններ, Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններ և ՀԱՊԿ-ի հետ կապված հարաբերությունները: Առևտրատնտեսական համատեքստում առանձին կետով մենք հայտարարում ենք, որ Հայաստանի ազգային շահերից չի բխել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ անդամակցությունը, ըստ էության, վնասել է մեր պետության տնտեսության զարգացմանն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծման գործընթացին: ՀԱՊԿ-ի հետ կապված ուղղությունն արդեն արտաքին անվտանգության հետ կապված ուղղությունն է, և Դաշինքն ունի տեսլական առ այն, որ մենք պետք է արտաքին անվտանգությունն ապահովելու այլընտրանքներ փնտրենք, այսինքն՝ մենք պնդում ենք և հայտարարում, որ ՀՀ արտաքին անվտանգության այսօրվա գործող համակարգը չի բավարարում մեզ և չի ապահովում Հայաստանի արտաքին անվտանգությունն ու ունի բազմաթիվ մարտահրավերներ: Այդ համատեքստում մենք հայտարարում ենք, որ իշխանության գալու պարագայում սկսելու ենք արտաքին անվտանգության այլընտրանքների փնտրտուքը: Արտաքին քաղաքական դիսկուրսի տեսանկյունից այս երեք ուղղություններն են, որ ես կարևորեցի առանձնացնել:

- Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

- Անցած քսան տարիները պետք է օգտագործվեին Հայաստանի հզորացման, ռազմաքաղաքական ուժի հզորացման և կայունացման վրա, որի արդյունքում չէին կարող լինել այնպիսի բանակցություններ, որտեղ խոսվեին միակողմանի փոխզիջումների մասին, որի արդյունքում չէին կարող լինել Հայաստանում նմանատիպ քննարկումներ, որ «եկեք հողեր զիջենք և դրա դիմաց ստանանք խաղաղություն» բանաձևեր առաջարկվեր: Գտնում ենք, որ ընդհանրապես այսօրվա կարգավորման գործընթացը մեզ չի կարող բավարարել, չի կարող լինել գործիք, և դա է պատճառը, որ մենք ասում ենք, որ փոխզիջումների մասին խոսք չի կարող լինել: Հայաստանի մեջ է, ըստ էության, Ղարաբաղյան խնդրի լուծումը, պետք չէ այն այլ տեղեր փնտրել:

- Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

- Մենք հստակ ունենք ամրագրված կետ կոնկրետ այս խնդրի հետ կապված և մենք պնդում ենք, որ մինչ օրս ունեցած թեզը՝ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնումը, պետք է պահել, բայց ակտիվ օրակարգում պահել: Մենք գտնում ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկայիս որևէ քայլ չունենալը, կամ սառեցված լինելը (որովհետև արձանագրություններից հետո որևէ քայլ չկա) նաև կախված է երկու երկրների առաջնորդներից, այսինքն` leadership-ի  խնդիր կա, եթե լինի առաջնորդության փոփոխություն, այդ ժամանակ քաղաքական գործիչները նոր տեսլականով կկարողանան հասնել նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա քանի որ այդ հարցն աներկբա գոյություն ունի առհասարակ ամբողջ հայ ազգի մոտ՝ որպես լոբբինգ արվող հարց, դրան առանձին գլուխներ չենք նվիրել ծրագրում: Մենք գտնում ենք, որ այստեղ իրավական մեխանիզմները բավարար չափով չեն օգտագործվել այդ խնդրի միջազգային հանրայնացման և ճանաչման գործընթացում: Մենք աշխատել ենք միայն ժողովրդական դիվանագիտության շրջանակներում խնդիրն առաջ մղելու մասով՝ օրինակ խորհրդարաններում բանաձևեր ընդունելու տեսքով, բայց մենք, օրինակ, թուրքական դատարանները չենք օգտագործել Թուրքիայի ներսում հայցեր հարուցելու գործընթաց սկսելու և այն ՄԻԵԴ հասցնելու ուղղությամբ: Այս իմաստով հույներից, եզդիներից շատ բան ունենք սովորելու, ովքեր Եվրոպական դատարանում Թուրքիայի դեմ անընդհատ մարտահրավերներ են նետում: Մենք կարծում ենք, որ իշխանություն ունենալու պարագայում պետք է այս ուղղությամբ զարկ տանք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հանրայնացման գործին: Իրավական ճանապարհներով պետք է ավելի շատ գործ անենք:

  1. Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-Վրաստան, ՀՀ-Իրան ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

-         Դաշինքի ծրագրում ունենք ամրագրած, որ և՛ հարևան պետությունների՝ Վրաստան, Իրան, և՛ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, ԵՄ առանձին պետությունների հետ փոխշահավետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և զարգացման կողմնակիցն ենք և այս առումով տարբերություններ չունենք:

Իրանի  հետ կապված առանձին մոտեցումներ ունենք, որ Հայաստանը պետք է կարողանա իրանական գազից օգտվել և դառնալ իրանական գազի տարանցիկ երկիր, սրա հետ կապված ծրագրում առանձին կետ ունենք: ԵՄ հետ համագործակցության առումով պատասխանեցի արդեն, որովհետև, եթե մենք գնում ենք Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի բանակցությունների վերսկսմանը, կարծում եմ ինտեգրացիոն գործընթացի հետ կապված հարցի պատասխանը տրված: Բրյուսելում ավարտված բանակցությունները շրջանակային համաձայնագրի հետ կապված են, որի տեքստին մենք ծանոթ չենք, բայց գիտենք, որ այն բավականին թույլ փաստաթուղթ է, և պարզապես փաստաթուղթ է, փաստաթուղթ լինելու համար, որպեսզի ասեն՝ ստորագրեցինք Ասոցացման համաձայնագրի փոխարեն, բայց դա երբևէ չի կարող փոխարինել  Ասոցացման համաձայնագրին, առավել ևս փոխարինել Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին:

- Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

- Մենք գտնում ենք, որ տարածաշրջանը ժողովրդավարացման կարիք ունի, կանխատեսելիության խնդիր կա տարածաշրջանում: Նույն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում որևէ բանակցություն, պայմանավորվածություն չի կարող ամուր լինել, քանի դեռ գործ ունես մի պետության հետ, որտեղ նախագահը և նրա կինը երկրի առաջին երկու դեմքերն են, որտեղ կանոնավոր բանակը ԻՊ ահաբեկչական կազմակերպության կանոններով է կռվում: Այս հանգամանքները մեզ հուշում են այն մասին, որ տարածաշրջանի ժողովրդավարացումից է նաև կախված նույն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, տարածաշրջանում եղած մյուս տուրբուլենտ իրավիճակները: Այս առումով տարածաշրջանային անվտանգությունը մեզ մոտ շատ անկայուն է և տեսնում ենք, որ տարածաշրջանային մակարդակում ժողովրդավարացման պրոցեսի կարիք կա:

- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության տեսլականը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

- Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սփյուռքի դերակատարությունը բարձրացնել և նրանց մասնակից դարձնել, օրինակ, ներգաղթի ինչ-որ մարմին ստեղծելու գործում, օրինակ նախարարության տեսքով, որը կզբաղվի Սփյուռքից եկող ներդրումներով և ներգաղթով, և այդ մարմնի ղեկավարը կնշանակվի Սփյուռքից ձևավորված խորհրդարանին կից մի մարմնից: Նման գաղափար կա ծրագրում և դրա միջոցով մենք փորձում ենք Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բերել ավելի բարձր մակարդակի, և ոչ միայն «փող ուզողի» դերում հանդես գալ և օգտագործել Սփյուռքի մարդկային ռեսուրսը: Նաև մի կարևոր դրույթ ենք ուզում մտցնել. նոր Սահմանադրությամբ, գիտեք, որ նախարար կարող է նշանակվել այն անձը, ով վերջին չորս տարիների ընթացքում ՀՀ քաղաքացի է և մշտապես բնակվել է Հայաստանում: Քաղաքացին նորմալ է, բայց մշտական բնակության ցենզը մենք գտնում ենք՝ պետք է հանվի, որովհետև դրանով փակում ենք Սփյուռքի գործիչների ճանապարհը Հայաստանում որևէ դերակատարություն ունենալու առումով և թույլ չենք տալիս մարդկանց, որ նրանք Հայաստանում կարողանան, օրինակ, նախարար աշխատել: Պատկերացրեք, ունենք Կառավարություն, որը ցանկանում է հայտնի սփյուռքահայ տնտեսագետների, հայտնի անձանց և մասնագետների ներգրավել, մարդկանց, ովքեր կարող են նախարար աշխատել այստեղ՝ զիջելով Սփյուռքի իրենց կյանքը, բարձր աշխատավարձերը և այլն: Բայց Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Հայաստան-Սփյուռք համագործակցության առումով մենք նաև ամեն բան անելու ենք, որ Հայաստանը տասը միլիոն հայերի երկիր լինի: Այսինք՝ խոսքը ոչ միայն հենց անպայման այստեղ ապրելու մասին է, այլ Հայաստանի հետ իդենտիֆիկացնելու մասին: Մարդը, ով ապրում է Սիդնեյում իրեն ինչ-որ կերպ տեսնի՝ որպես Հայաստանի մի մաս և հայ լինելու, հայկական ինքնության պահպանման տեսանկյունից դիտարկվի որպես գործոն, այսինքն՝՝ Սփյուռքի մեր հայրենակիցները ստանան այն ուղերձն ու ռեսուրսը Հայաստանից, որ իրենք կամ իրենց երեխաները միայն այս պետության լինելու կամ զարգանալու պարագայում կկարողանան պահպանել իրենց հայ լինելը:

- Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

- Մերձավոր Արևելքի հետ կապված Հայաստանի դերակատարությունը պետք չէ ուռճացնել, ասել, որ մենք ինչ-որ մեծ դերակատարում այնտեղ կարող ենք ունենալ, պարզապես հայկական գաղթօջախների խնդիր կա այստեղ, և որտեղ հնարավոր չէ պահպանել հայկական մշակույթն ու պաշտպանել հայերին, պետք է կարողանանք գոնե հայկական ռեսուրսը, կապիտալը ժամանակից շուտ բերել Հայաստան, և ոչ թե թողնել, որ վերջին պահին փոշու վերածվի ինչը, մեծ մասով տեղի ունեցավ Սիրիայում, դրանից առաջ որոշակի առումով Իրաքում: Ինքս էլ այցելել եմ Լաթաքիա Քեսաբի գրավման ժամանակ, այդ ամեն ինչին տեղում ծանոթացել եմ և հասկացել, թե իրականում ինչ խնդիր է, և մենք ընդհանրապես ինչ դերակատարում կարող ենք ունենալ՝ որպես պետություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.10.2024
       
    06.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: