ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է եվրոպական Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին

armenianchurch.org

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների ներկայացուցիչներին, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Էվա Թոմիի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերության անդամ, Շտուտգարտի Լյութերական եկեղեցու հոգևոր տեսուչ Էքհարտ Շուլցբերգի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և ծրագրերի ղեկավար Արշավիր Գաբուճյանի: Պատվիրակության Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին և առկա համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը Եզնիկ Սրբազանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Շվեյցարիայի և Գերմանիայի Աստվածաշնչային ընկերությունների միացյալ պատվիրակության անդամներին` մասնավորապես երախտագիտությամբ անդրադառնալով այն օժանդակությանը, որ նրանք բերում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերին:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով պատվիրակության Հայաստան այցի առիթով: 
Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու առջև ծառացած հիմնական մարտահրավերներին` ժողովրդի քրիստոնեական դաստիարակությանը, եկեղեցականների պատրաստությանը, հնամենի տաճարների վերականգնմանն ու պահպանությանը և նոր եկեղեցիների կառուցմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ այսօր ժողովուրդը բավարար քրիստոնեական գիտելիքներ ունի և նրա հավատը լուսավորված է` դրանում կարևոր նկատելով նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներդրումը:
Խոսելով Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ակտիվ գործունեության և պարբերաբար կազմակերպվող հանրօգուտ նախաձեռնությունների մասին` Հայոց Հայրապետն ընդգծեց, որ դա մեծ զորակցություն է Հայոց Եկեղեցուն, ընկերության աշխատանքի շնորհիվ շատ հայորդիներ ոչ միայն քաջածանոթ են Աստվածաշնչին, այլև ունեն այն իրենց օջախներում:
Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ի դեմս ներկաների տարբեր աստվածաշնչային ազգային ընկերություններին, Քրիստոնեական Եկեղեցիներին և հասարակական կազմակերպություններին այն աջակցության համար, որ ցուցաբերվում է Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը` ժամանակի մեջ հաղթահարելու առկա մարտահրավերները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նրանց շարունակել ընդլայնել համագործակցությունը և նպաստել օգտակար ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև Նորին Սրբությանը ողջունեցին տիկին Էվա Թոմին և Վերապատվելի Էքհարտ Շուլցբերգը: Վերջիններս անդրադարձան Աստվածաշնչային ընկերությունների կարևոր առաքելությանը, ապա ներկայացրեցին իրենց տպավորությունները Հայաստանի Աստվածաշնչային ընկերության մի շարք ծրագրերի վերաբերյալ, որոնց առիթ ունեցան մասնակցելու անցնող օրերին: 
Պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց նաև Ս. Պատարագի արարողությանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: