ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանի ձախողված անկախացումը. պատճառներ և հետևանքեր

The Kurdistan Tribune

Մոտ մեկ ամիս առաջ՝ Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեից հետո, որի ընթացքում քվեարկողների 90%-ից ավելին «այո» ասացին անկախությանը, քրդերը մեծ հույսեր էին փայփայում: Այսօր նրանք անկախություն ձեռք բերելու փոխարեն կորցրին նույնիսկ որոշ շրջանների նկատմամբ ունեցած վերահսկողությունը, այդ թվում՝ նավթով հարուստ Քիրքուքի: Քրդերի նկատմամբ գործադրված ճնշումն ու իրականացված ռազմական գործողություններն ստիպեց Իրաքյան Քրդստանի իշխանություններին հակամարտությունը կարգավորելու առաջարկով դիմել Բաղդադին: Էրբիլը, մասնավորապես, առաջարկեց դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և սահմանադրության հիման վրա սկսել կառուցողական երկխոսություն՝ պատրաստակամություն հայտնելով չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները:

Քրդստանի իշխանությունների պնդմամբ, իրաքյան զորքերի և քրդական զինված խմբավորումների՝ փեշմերգայի միջև հոկտեմբերի 16-ին սկսված զինված հակամարտությունը վնաս է հասցրել 2 կողմերին էլ և կարող է հանգեցնել չավարտվող արյունահեղության: Ընդ որում, Էրբիլում կարծում են, որ կողմերից և ոչ մեկին չի հաջողվի հաղթանակ տանել, իսկ արդյունք կհանդիսանա Իրաքի՝ քաոսի մեջ հայտնվելը:   

Հիշեցնենք, որ Իրաքում իրավիճակը սրվեց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության մասին հանրաքվեից հետո, որն այդպես էլ պաշտոնական Բաղդադը չճանաչեց: Հոկտեմբերի կեսերին իրաքյան զորքերը սկսեցին փեշմերգայի գրաված շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործողությունները: Արդյունքում նրանց հաջողվեց քրդերից վերցնել նույնիսկ այն տարածքները, որոնք վերջիններս զբաղեցնում էին դեռևս 2014 թվականի ամառվանից: Ինչ խոսք, քրդերի համար ամենացավալին թերևս հանդիսացավ Քիրքուքի և դրա շուրջ գտնվող նավթով հարուստ տարածքների կորուստը:

Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամը վերջնական լուծում չի ստացել, պարտված և հաղթած կողմերն արդեն նկատելի են: Այսպես, հակամարտության արդյունքում պարտված միանշանակ կարելի է ճանաչել քրդական կողմին՝ չնայած այն հանգամանքին, որ հանրաքվեով քրդերը ցույց տվեցին աշխարհին, որ իրենք գրեթե միաձայն կողմ են անկախացմանը: Արդյուքնում քրդերը կորցրին Իրաքում ունեցած այն տարածքային ձեռքբերումները, որոնց նկատմամբ ունեին փաստացի վերահսկողությունը, բացի այդ տարաձայնություններ առաջացան նաև կարևոր արտաքին գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ: Ինչպես հայտնի է, քրդերն օգտագործում էին Թուրքիայի տարածքը նավթն արտաքին շուկա արտահանելու համար, բացի այդ, մեծ թվով ապրանքներ էին ներմուծում Թուրքիայից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերի կազմակերպած հանրաքվեն դիտարկեց որպես հարված մեջքից և հանդես եկավ քրդերի դեմ ուղղված մի շարք սպառնալիքներով՝ առևտրային էմբարգոյից մինչև ռազմական ինտերվենցիա: Նշենք, որ չնայած այս ամենին, բազմաթիվ քուրդ գործարարներ կարծում են, որ և՛ Իրանը, և՛ Թուրքիան լուրջ տնտեսական շահեր ունեն Իրաքյան Քրդստանում և ոչ մի պարագայում չեն գնա սահմանները վերջնական փակելուն և այլ պատժամիջոցների:

Ինչ խոսք, այս պատմությունից պարտված դուրս եկավ նաև նաև Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, քանի որ վերջինս հանրաքվեն կազմակերպել էր ոչ միայն քրդերի դարավոր երազանքն ի կատար ածելու, այլև սեփական հեղինակությունը բարձրացնելու և իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Նշենք, որ Բարզանին ավելի վաղ՝ քրդական զորքերի կողմից Քիրքուքի գրավումից հետո, խոստացել էր շրջանի բնակիչներին, որ շրջանի ձեռքբերումները միևնույն է պահպանվելու են: Նա հավելել էր, որ քրդական ժողովուրդը հասնելու է իր նպատակ, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդամենը համախմբվել:

Տպավորություն է ստեղծվում, որ Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեի ճչանաչվելը և դրա ունեցած հետևանքները մեկընդմիշտ վերջ դրեցին քրդերի անկախանալու երազանքին: Պատճառն այն է, որ բոլոր 4 քրդստաններից (սիրիական, իրանական, թուրքական և քրդական) միայն Իրաքինն էր, որ այդքան մոտ էր անկախանալուն: Իրաքյան քրդերին մնում էր միայն մեկ քայլ. հայտարարել անկախություն: Ինչևէ, փորձը ցույց տվեց, որ նույնիսկ նրանց չհաջողվեց դա անել: Միգուցե պատճառն այն էր, որ քրդերը չէին հաշվարկել հնարավոր հետևանքները և շահագրգիռ կողմերի հնարավոր արձագանքները:

Ինչևէ, զարմանալի չէ, որ ուժային կենտրոնները թույլ չտվեցին քրդերին անկախանալ, քանի որ Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն իրականում կարող էր փոխել ուժերի դասավորությունը Մերձավոր Արևելքում, բացի այդ, դրա հետևանքով Իրաքը կկորցներ իր բնական ռեսուրսների կեսից ավելին:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: