ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ են պայմանավորավել ԵԱՏՄ երկրների վարչապետերն ու ի՞նչ հարցեր կան չլուծված

Հոկտեմբերի 25-ին Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ երկրների վարչապետերի մասնակցությամբ: «Այն տեղի է ունենում Միության տնտեսական վիճակի բարելավման ֆոնին։ Ձեռք բերված պայմանավորվածությունները կօգնեն հաղթահարել Միության անդամ երկրների տնտեսությունների զարգացման բազմաթիվ խոչընդոտներ», - այս մասին ասվել է հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած հեռուսատակամուրջի ժամանակ, որին մասնակցել են փորձագետներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Բելառուսից։

Բոլոր երկրների ներկայացուցիչները բարձր գնահատականներ են տվել վարչապետերի հանդիպմանը։

ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զրագացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն ուշադրություն է հրավել նրա վրա, որ միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է ԵԱՏՄ անդամ երկրների դրական զարգացման ֆոնին: «Ռուսաստանն անցել է կայուն զարգացման փուլ: Տնտեսական ճգնաժամն իր տեղը զիջում է զարգացման միտումներին, և այդ զարգացումն ամենադրական ձևով ազդում է նաև փոքր երկրների, մասնավորապես՝ Հայաստանի զարգացման վրա»,- ասել է Սաֆարյանը: Նա հավելել է, որ բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից, մյուս տնտեսության ճյուղերում Հայաստանը երկնիշ աճ է արձանագրում: Փորձագետները չորս տոկոսանոց տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար մինչև ընթացիկ տարվա վերջ:

«ԵԱՏՄ-ն դարձել է ընդհանուր աճի խթաններից մեկը՝ նպաստող ազգային տնտեսությունների կայունությանը»,- իր հերթին ասել է ղազախական կողմի ներկայացուցիչ,  «Նուր Օտան» կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Տելնովը:

Արձագանքելով գործընկերների դիտարկումներին՝ ԵԱՏՄ արդյունավետության և  տնտեսական աճի վերաբերյալ, Բելառուսի ներկայացուցիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վյաչիսլավ Յարոշեվիչն ուշադրություն է դարձրել նրա վրա, որ ԵԱՏՄ գոյության առաջին երկու տարիները ձախողված են եղել ներքին և արտաքին գործոնների պատճառով: «Նախաճգնաժամային շրջանի համեմատ իրական տնտեսական աճի հասնելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ և երկարաժամկետ դինամիկա»,- ասել է նա:

Վարչապետերի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունները

Խոսելով նիստի արդյունքների մասին՝ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը ձեռքբերում է անվանել ոսկերչական իրերի ոլորտում ընդհանուր բրենդ ստեղծելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների արտադրության ընդհանուր բրենդի մշակման անհրաժեշտության գիտակցումը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային հարցերին: «Առաջին հերթին, ցանկանում եմ նշել նիստի ամենակարևոր ձեռքբերումները: Իհարկե, դա կոորդինացված տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզի» ընդունումն է: Տրանսպորտային քաղաքականության կոորդինացումը չափազանց կարևոր է Հայաստանի համար: Մեղրիում ազատ առևտրի գոտի է ստեղծվել, բայց առանց տրանսպորտային քաղաքականության կոորդինացման այն լիարժեք չի կարող աշխատել»,- ասել է փորձագետը՝ հավելելով. «մեզ շատ հաճելի էր, որ աշխատանք է տարվում աբխազական երկաթգծի բացման ուղղությամբ: Միայն այն կարող է լիարժեք դարձնել ԵԱՏՄ-ն»:

Ղազախստանի ներկայացուցիչ Վլադիմիր Տելնովը որպես կարևոր ձեռքբերում ընդգծել է թվային տնտեսության անցումը, որի վերաբերյալ հիմնական որոշումը կայացվել է Սոչիում ԵԱՏՄ երկրների ղեկավարների նիստի ժամանակ: «Մինչև 2025թ-ը թվային տնտեսության նախագծի իրականացումը, նախնական տվյալներով ընդհանուր 11 տոկոս ՀՆԱ-ի աճ կապահովի»,- ասել է նա: Երկրորդ կարևոր հարցը, որ նա առանձնացրել է, տրանսպորտի նախագծերի համաձայնեցումն է՝ նավագնացություն,նավահանգիստների հասանելիություն և այլն:

Ղրղզական կողմի ներկայացուցիչ տնտեսական գիտությունների դոկտեր Ժումակադիր Ակենեևը նույնպես բարձր է գնահատել ընդունված փաստաթղթերի կարևորությունը՝ ընդգծելով, որ «այդ պայմանավորվածությունները կարող է առաջ մղել մեր տնտեսությունները»:

Միասնական տնտեսական շուկա

Աշոտ Թավադյանը նաև առանձնացրել է էներգետիկ քաղաքականության կոորդինացման կարևորությունը՝ միասնական քաղաքականության մշակման և գների վրա դրա ազդեցության տեսանկյունից: Այդ համատեքստում ընդգծվել է նաև դրամային քաղաքականության համաձայնեցման անհրաժեշտությունը:

Միասնական էներգետիկ շուկայի ձևավորման մասին խոսել է նաև բելառուսական կողմի ներկայացուցիչ Վյաչոսլավ Յարոշևիչը: «Առանց միասնական էներգետիկ շուկայի դժվար թե հնարավոր լինի ԵԱՏՄ կայուն զարգացում ակնկալել»,- ասել է նա: Այդ հարցը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ բարձրացրել է հենց Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:

Յարոշևիչը նաև ուշադրություն է հրավիրել վիճակագրական տվյալների միասնական բազա ունենալու անհրաժեշտության վրա:

Սահմանամերձ լարվածություն Ղազախստանի և Ղրղզստանի միջև

Տեսակամուրջի մասնակիցները անդրադարձել են նաև Ղազախստանի և Ղրղզստանի միջև առաջացած սահմանամերձ լարվածության վրա: Ժումակադիր Ակենեևրը Բիշկեկից մտահոգություն է հայտնել Ղազախստանի հետ սահմանին բեռնատար մեքենաների կուտակման հետ կապված, որը ղազախական կողմից սահմանային վերահսկողության խստացման հետևանք է: «Երևանում պետք է այս հարցի կարգավորման վերաբերյալ «Ճանապարհային քարտեզ» ընդունվեր, սակայն Ղազախստանի վարչապետը հրաժարվել է այն ստորագրել»,- նշել է Ակենեևը՝ հույս հայտնելով, որ հակասությունները կհաղթահարվեն, և խնդիրը կկարգավորվի ԵԱՏՄ նորմերի շրջանակներում: «Ցավոք, այդ իրավիճակից տուժում են գործարարները»,- ասել է նա՝ ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ սահմանին  մնացած ապրանքների 80 տոկոսը Ռուսաստան է ուղղվում:

Ղազախստանի ներկայացուցիչը նույնպես հույս է հայտել, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա: «Պետք է հաշվի առնել, որ քաղաքականությունը և տնտեսությունը սերտ փոխկապակցված են: Այդ մասին պետք է հիշել և միմյանց հանդեպ զգույշ և հավասարակշիռ լինել»,- ասել է Տելնովը:

Հայկական կողմի ներկայացուցիչները նույնպես հույս են հայտնել, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև հակասությունները շուտով կլուծվեն:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն ընդգծել է դեռևս պահպանվող սահմանափակումների և խոչընդոտների վերացման կարևորությունը՝ ԵԱՏՄ երկրների համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: «Կցանկանայի կրկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ տեխնիկական խնդիրները հեռացնելու համար, որոնք խանգարում են ինտեգրացիոն գործընթացին և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացմանը»,- ասել է Սաֆարյանը:

Ընդգծվել է նաև հումանիտար ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում նշվել է, որ հոկտեմբերի 24-ին Երևանում  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ինտեգրում և զարգացում» ՀԿ-ի, «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ անցկացվել է կլոր սեղան-քննարկում «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» թեմայով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: