ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր վերջնական նպատակը միասնական Հայաստան ունենալն է. Արցախի «Ժողովրդավարութուն» խմբակցության ղեկավար

Times.am

«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի  Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարութուն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի  հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը:  

 

 - Պարո՛ն Բաղրյան, ինչո՞վ նշանավորվեց 2017 թ. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար:

- Առաջին հերթին պետք է նշել այն փաստը, որ Ազգային ժողովը բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ սահմանադրության մշակման և ընդունման ողջ գործընթացում: Ինչպես գիտեք, փետրվարի 20-ին մենք ընդունեցինք նոր սահմանադրություն: Առկա օրենքները, բնականաբար, պետք է համապատասխանեցնել նոր սահմանադրությանը: Այդ գործընթացի մի մասն այս տարի արվել է, բայց այն շարունակվելու է մինչև 2020 թվականը, և դեռ բավականին աշխատանք կա անելու:

Կառանձնացնեի նաև այն, որ արտասահմանից բավականին շատ հյուրեր ունեցանք, տարբեր հանդիպումներ եղան պատգամավորական խմբերի, մտավորականության հետ, այնպիսի խմբերի, որոնք առաջին անգամ էին լինում Արցախում, մասնավորապես, կառանձնացնեի Մեքսիկայից ժամանած պատգամավորական խումբը, Թուրքիայից եկած մտավորականների խումբը, որի այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում: Պետք է ասեմ, որ թուրք մնավորականները շատ լավ տպավորություն թողեցին մեզ վրա Ղարաբաղյան հիմնահարցի ընկալման տեսանկյունից իրենց օբյեկտիվ մտածողությամբ:

Արժե առանձնացնել նաև այն փաստը, որ նոր կառավարության ձևավորումից հետո, երբ Նախագահը ոչ միայն արդեն երկրի գլուխն է, այլ նաև կառավարության ղեկավարը, ավելի գործնական բնույթ սկսեց կրել կառավարություն-ազգային ժողով հարցուպատասխանը: Ոչ միայն նախարարները, այլ նաև Նախագահը պատասխանեցին պատգամավորների հարցերին և գործընթաց շահեկանորեն տարբերվեց նախորդ տարիների նույն գործընթացից:  

- Խնդրում եմ ամփոփեք 2017թ. Ձեր աշխատանքային գործունեությունը: Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և թերացումներ կարող եք առանձնացնել:

 - Դուք գիտեք, որ «Ժողովրդավարութուն» խմբակցությունը պետականամետ, իշխանամետ է: Ինչպես նախորդ տարիներին, 2017-ին նույնպես, բնականաբար, հավանություն ենք տվել կառավարության գործունեությանը, նաև մեր պատասխանատվությունն ենք վերցրել ու շարունակում ենք կրել այն: Թե´ մեր խմբակցությունը, թե´ մեր կուսակցությունը բավականին ակտիվ աշխատանք են կատարել և´ սահմանադրության նախագծի վրա, և´ նաև քարոզչական աշխատանքներում: Մենք նոր սահմանադրության հետ կապված հանդես ենք եկել երեսուներեք առաջարկով և պետք է փաստել, որ դրանց զգալի մասն ընդունվել է: Մենք այն կարծիքին ենք, որ Արցախում ճիշտ է ոչ թե խորհրդարանական կառավարումը, այլ ուժեղ, կենտրոնաձիգ իշխանությունը՝ ի դեմս Նախագահի ինստիտուտի: Պատերազմող երկրում, մեր համոզմամբ, ճիշտը նախագահական կառավարումն է:

Ոչ թե բացթողում, այլ գործ, որը պետք է արվի, բայց դեռ չի արվել, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններն են: Տեղական կառամարման մարմինների ինստիտուտը այստեղ, կարծում եմ նաև Հայաստանի Հանրապետությունում, դեռ ամբողջությամբ չի կայացել: Հարցի շուրջ կան տարբեր տեսակետներ, այդ տեսակետներն ի մի բերելու և ոսկե միջինը գտնելու առումով 2018 թվականը բավականին ակտիվ  է լինելու: Իհարկե, լավ է, որ կան տարբեր տեսակետներ և կարծում եմ, որ օպտիմալ տարբերակն այնուամենայնիվ գնտվելու է, քանի որ այստեղ մենք իսկապես թերացումներ ունենք:

- Որո՞նք են լինելու 2018թ. Ձեր աշխատանքի հիմնական ուղղությունները:

- 2018-ին, ինչպես նշեցի, շարունակելու ենք մեր օրենսդրությունը նոր սահմանադրությանը համապատասխանացնելու գործընթացը: Գործընթացը բականին աշխատատար է: Տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ առկա օրենքի պարագայում, հնարավոր է նույնիսկ, որ ոչ թե փոփոխություններ մցվեն, այն նոր օրենք սահմանվի:

Եկող տարի նաև քայլեր ենք ձեռնարկելու Արցախի ինքնորոշման իրավունքը միջազգային տարբեր հարթակներում առաջ տանելու ուղղությամբ: Թերևս ամենակարևոր հարցը հենց սա է:

- Պարո՛ն Բաղրյան, անդրադառնալով Ամանորին, ինչպե՞ս եք սովորաբար նշում Ամանորը: Ո՞րն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար:

- Յուրաքանչյուր տարի նաև սպասումների տարի է: Դուք գիտեք, որ 2018 թվականին մենք հոբելյաններ ունենք նշելու թե´ մայր Հայաստանում և թե´ Արցախում: 2018թ. Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարին է: Սա ինչ որ առումով նաև քարերը ժողովելու ժամանակն է, այն առումով, որ մենք ոչ միայն պետք է տոնակատարություններ անենք, այլ պետք է կարողանանք նաև սթափ հայացք գցել մեր անցած ճանապարհին և կարողանանք դասեր քաղել: Փաստ է, որ այս տարիներին մենք ունեցել ենք նաև բացթողումներ: Պետք է հասկանալ ինչի ենք հասել, ինչ հանգրվանի ենք մենք և դրանից հետո ինչ պետք է անենք, որ հասնենք մեր նվիրական նպատակին և երազանքին, որը, իմ խորին համոզմամբ, միասնական Հայաստան երկիր ունենալն է: Իմ, ինչպես նաև հայերի գերակշռող մեծամասնության տեսլականն այն է, որ ինչպես եղել է ի վերուստ, Արցախը եղել է Մեծ հայքի 10-րդ նահանգը, այդպես էլ պետք է լինի: Այսօրվա մեր կարգավիճակը անցումային փուլ է, որպեսզի մենք հասնենք մեր վերջնական նպատակին, որը, իհարկե, պետք է որոշի ժողովուրդը, ոչ միայն Արցախում, այլ նաև մայր Հայաստանում և Սփյուռքում, որովհետև մենք միասին ենք ազատագրել Արցախը՝ մեր հայրենիքի մի մասը:

- Ո՞րն է Ձեր սիրելի ամանորյա ուտեստը:

- Ուտելիքի հարցում ես կամակորություններ չունեմ: Ամանորը պետք է լինի լավ շրջապատում, ընկերների, ընտանիքի, երեխաների հետ: Տոնին ընդառաջ մենք արդեն եղել ենք պաշտպանական շրջանում: Ամեն անգամ գնում ենք, որ զինվորներին ոգևորենք, բայց մենք ենք ավելի ոգևորված վերադառնում: Ամենամեծ խորհուրդը այն է, որպեսզի լինի արժանապատիվ խաղաղություն, ոչ թե պարզապես խաղաղություն: Խաղաղությունը նույնպես կարելի է պարտադրել, մենք չենք թողնելու, որ մեզ պարտադրեն:  Պետք է ուղղակի նայել մեր զինվորների փայլուն աչքերին, որպեսզի հասկանան, ինչպիսի ամուր ձեռքերում է գտնվում մեր հայրենիքի սահմանները:

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:

 - Առաջին հերթին մաղթում եմ խաղաղություն: Կուզենամ, որ որևէ զինվորի ծնողի աչք թաց չլինի, տղաներն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարեն և վերադառնան տուն: Պետք է հասականանք նաև այն, որ քաղաքացիական կյանքում նույնպես մենք պետք է շարունակենք ծառայել մեր հայրենիքին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: