ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանը հանդես եկավ որպես օրինակելի դերակատար

Փետրվարի 16-ից 18-ը տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության հերթական համաժողովը, որի շրջանակներում քննարկումների հիմնական թեման ուժային տարբեր կենտրոնների միջև հակադրությունը և դրանից բխող անվտանգային մարտահրավերներն էին:

«Եվրասիա խմբի» նախագահ և հիմնադիր Յան Բրեմերն իր խոսքում նշեց, որ  համաժողովի շրջանակներում Հայաստանը բոլորի կողմից մատնանշվում է  որպես  «ֆիլմի» գլխավոր դրական հերոս» և  «օրինակելի դերակատար», ինչն ամենևին էլ պատահական չէ: Ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում փաստեց  «աշխարհաքաղաքական ներկայիս մրցակցության պայմաններում, Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով»։

Ստորև անդրադառնանք Մյունխենի համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելույթում և հարցուպատասխանի ժամանակ հնչած կարևոր հիմնական շեշտադրումներին:

Նախագահն ընդգծեց, որ տարբեր խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում գտնվելը ստեղծում է ոչ միայն մարտահրավերներ, այլ նաև հնարավորություններ: Որպես այդ հնարավորությունների իրացմանն ուղղված գործնական քայլ՝ Սերժ Սարգսյանն անդրադարձավ Սև ծովի և Պարսից ծոցի միջև նոր տարանցիկ միջանցք ստեղծելուն ուղղված Հայաստանի ջանքերին և տարբեր շահառու երկրների հետ բանակցություններին: Ըստ նախագահի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին:

Կարևոր էր ՀՀ կողմից ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ արված շեշտադրումն առ այն, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցերում, Հայաստանն իր գործընկերների հետ միշտ գործել է «բաց և անկեղծ»՝ կողմերին նախապես տեղյակ պահելով իր քայլերի մասին: Առաջնորդվելով այս նույն տրամաբանությամբ՝ նախագահը ևս մեկ անգամ փորձեց իր գործընկերներին հնարավորինս հիմնավոր ներկայացնել ինտեգրացիոն տարբեր գործընթացներից Հայաստանի ունեցած հիմնական ակնկալիքները: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ նա ընդծեց որ «այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը», իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, այն կարևորվեց ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման տեսանկյունից: 

Գլոբալ անվտանգության խնդիրների հետ կապված նախագահ Սարգսյանը շեշտեց տարբեր ուժային կենտրոնների  դիրքորոշումների համադրման կարևորությունը՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության: Որպես նման փոխգործակցության օրինակ՝ նա նշեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի երեք համանախագահները՝ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ունեն համագործակցության բավական դրական փորձ:

Միևնույն ժամանակ նախագահը հայտարարեց, որ Հայաստանին մտահոգում են Մերձավոր Արևելքում և այլուր տեղի ունեցող սրընթաց փոփոխությունները, որոնք, ցավոք, ուղեկցվում են չդադարող պատերազմներով: Ըստ նախագահի՝ դրանց դիմագրավելու համար պետք է մտածել համագործակցային, համապարփակ և անբաժանելի անվտանգության մասին: Դա է առկա ճգնաժամերը հաղթահարելու միակ հնարավոր և իրատեսական ուղին և Հայաստանը, որը հանդիսանում է տարածաշրջանային անվտանգությունը ապահովող հիմնական դերակատար, դա լավ է գիտակցում:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացավ որպես երկիր, որն իր գործնական քայլերի միջոցով այսօր էլ աշխարհին շարունակում է ապացուցել, որ անգամ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում փոխշահավետ և ներառական համագործակցությունը հնարավոր է և կարող է լինել արդյունավետ:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: