ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը. բանակցելու հնարավորությունը դեռ կորած չէ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին և համատեղ հանդիպումներ անցկացրին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, ինչի արդյունքներն ամփոփվեցին եռանախագահների տարածած հայտարարության մեջ: Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու փաստն ինքնին դրական է Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային  ձևաչափը պահպանելու տեսանկյունից, իսկ հայտարարության բովանդակությունը խիստ կարևոր՝ կարգավորման ներկա փուլը գնահատելու և հնարավոր կանխատեսումներ անելու համար:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հայտարարության մեջ նախ և առաջ նշված է, որ համանախագահները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը կողմերի հետ և «խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ»: Այստեղ, իհարկե, առաջին հերթին սահմանային լարվածությունն է, և այս տեսանկյունից համանախագահները, ըստ էության, պարզաբանումներ են պահանջել ադրբեջանական կողմից՝ հրադադարի ռեժիմի խախտումների և զոհերի փաստի առնչությամբ: Ինչ վերաբերում է արված հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ պահանջելուն, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, միջնորդները առաջին հերթին փորձել են հասկանալ հայկական կողմի նոր շեշտադրումները՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում:

Վարչապետ Փաշինյանի հայտարարություններում հենց սկզբից հնչել են թեզեր ու մոտեցումներ, որոնք, թեև իրենց բնույթով ու տեսակով նոր չեն, սակայն նման շեշտադրմամբ ու կարևորությամբ նախկինում չեն առանձնացել. օրինակ, որ «Արցախը պետք է դառնա Հայաստանի մաս» (ասվել է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում, հայ գործարարների հետ հանդիպմանը), «բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին պիտի ներկայացնեն Արցախի իշխանությունները» (հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը) և այլն: Անխոս, այս հայտարարությունները չէին կարող համանախագահների կողմից պատշաճ ուշադրության չարժանանալ ու հատուկ մեկնաբանությունների կարիք չունենալ:

Հայտարարության մեջ եռանախագահներն ընդգծել են նաև, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ առանց փոխզիջումների խնդրի խաղաղ կարգավորումն անհնար է:

Շատ կարևոր է, որ հայտարարության վերջում հստակ նշվել է, որ ՀՀ և ԱՀ նախարարները համաձայնել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև տարեվերջ: Սա կարևոր ցուցիչ է առ այն, որ խնդրի խաղաղ, բանակցային լուծումը շարունակում է առաջնահերթ մնալ: Հատկանշական է, որ նշվել է նաև մոտ ապագայում համանախագահների՝ տարածաշրջան այց կազմակերպելու մասին: Սա ևս փաստում է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը դեռ դուրս չի եկել բանակցային ձևաչափից և համանախագահությունը ներկայացնող պետությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան, շարունակում են ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացը վերսկսում է, կամ, առնվազն, համանախագահությունը ջանքեր է գործադրում այն նորից ակտիվացնելու համար: Եվ չնայած օրակարգում դեռ չկա Փաշինյան-Ալիև հանդիպում, բայց գոնե ԱԳ նախարարների մակարդակով բանակցելու հնարավորությունը, կարծես թե, պահպանվում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: