ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ արտաքին քաղաքականություն է առաջարկում «Իմ քայլը» դաշինքը

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ձեր ուշադրությանն են ներկայացնում ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի այն հատվածները, որոնք վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Զուգահեռաբար, ներկայացվում ենք նաև դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների ծրագրերի արտաքին քաղաքական դրույթները։

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի նախաբանում նշվում է․

«Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է. ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչև համաշխարհային ճանաչում»։

Բացի այդ, արտաքին քաղաքական դրույթներն արտացոլված են հետևյալ բաժիններում՝ «2. Արտաքին քաղաքականություն», «3. Ազատ և զարգացած Արցախ», «4. Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք»։

Դրանց կարող եք ծանոթանալ ստորև․

2. Արտաքին քաղաքականություն  

 Արտաքին քաղաքական առանցքային նպատակն է լինելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության ապահովումը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Մեր քայլերն ուղղված են լինելու նոր շուկաների ձեռքբերմանն ու ներդրումների ապահովմանը, միջազգային ասպարեզում իրավահավասար ու արժանապատիվ հարաբերությունների հետագա զարգացմանը, համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, կրթական և նորարարական գործընթացներին պետության և ժողովրդի լայն ներգրավվածության ապահովմանը, Հայաստանի Հանրապետության հեղինակության և հայկական քաղաքակրթության ճանաչելիության բարձրացմանը։ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելիս Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող յուրաքանչյուր քաղաքացու հպարտության և իրական պաշտպանվածության զգացումը լինելու է միջազգային հարաբերություններում մեր քայլերի կարևոր ուղենիշը: 

 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության և միջազգային անվտանգության կարևոր գործոն է և լինելու է մեր առաջնահերթությունների շարքում։  

Միջազգային հանրության օրակարգային հարցերում մեր քայլերն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության դերակատարության բարձրացմանը և առաջամարտիկի դերի ստանձնմանը՝

 ● Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ներդրման գործում,

 ● Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների  ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում,

 ● մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և այդ բնագավառում միջազգային համագործակցության ոլորտում,

 ● ահաբեկչության, միջազգային և տարածաշրջանային խաղաղությանն ուղղված սպառնալիքների դեմ միջազգային պայքարում,

 ● գալիք սերունդներին առավել ապահով, խաղաղ, հավասար, էկոլոգիապես մաքուր մոլորակ թողնելու նպատակով ազգերի համատեղ ջանքերն ամբողջականացնող միջազգային գործընթացներում։

     Արտաքին քաղաքականության բնագավառում մեր քայլերը միտված են լինելու բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն և նոր շունչ հաղորդելուն, մասնավորապես՝

 1. ապահովելու ենք հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը:

 2. Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում զարգացնելու ենք փոխշահավետ համագործակցություն և խորացնելու ենք երկկողմ հարաբերությունները:

 3. ապահովելու ենք սահմանակից երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը` անկախ աշխարհաքաղաքական ազդեցություններից:

4. ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում:

5. քայլեր ենք ձեռնարկելու Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լավագույնս կիրարկման ուղղությամբ, ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման և պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Հասնելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը:

6. լինելու ենք նախաձեռնող Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և խաղաղօվկիանյան այլ երկրների հետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:

7. նպաստելու ենք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությանը և շահերի պաշտպանությանը:

8. շարունակելու ենք պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը Կանադայի, Արգենտինայի և ամերիկյան մայրցամաքի այլ երկրների հետ:

9. նպաստելու ենք աֆրիկյան պետությունների հետ համագործակցության զարգացմանը։

10. ապահովելու ենք ՄԱԿ-ում և համաշխարհային ընդգրկվածություն ունեցող միջազգային կազմակերպություններում Հայաստանի առավել ակտիվ և ներգործուն մասնակցությունը, տարածարջանային ընգրկվածությամբ ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը և պաշտպանությունը:

11. նպաստելու ենք ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:

12. ջանքեր ենք գործադրելու Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությունում 2018-2020թթ. Հայաստանի նախագահության լավագույնս իրականացման և հետագայում կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավվածության առավել խորացման ուղղությամբ։

 Հայաստանի անմիջական հարևան Ադրբեջանի հետ վատթար հարաբերությունները շարունակելու են պայմանավորված մնալ ղարաբաղյան հակամարտության շրջանակներում վերջինիս ռազմաշունչ դիրքորոշմամբ և պետական հովանավորչությամբ հայատյացության սերմանման դատապարտելի մակարդակով։ Միայն ադրբեջանական կողմից ներկայիս դիրքորոշման փոփոխումը, Արցախի ժողովրդի անվտանգությանն ուղղված սպառնալիքի վերացումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրական և անկեղծ կամքի դրսևորումը կարող են միջավայր ստեղծել երկու երկրների միջև շփումներ հաստատելուն ուղղված քայլերի մեկնարկի համար։ 

Հայաստանի անմիջական մյուս հարևան Թուրքիայի կողմից շարունակական շրջափակման պայմաններում բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված հայկական կողմի միակ ընդառաջ քայլը հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու պատրաստակամության հայտարարումն է, ինչը հնարավոր է միայն թուրքական կողմից երկկողմ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու նպատակով երրորդ երկրներին վերաբերող պատրվակների որպես նախապայման չօգտագործելու դեպքում։

 Արտաքին քաղաքականության իրականացման մեր քայլերի հիմքում ընկած է լինելու ինչպես Հայաստանի ժողովրդի, սփյուռքահայության հավաքական շահի, այնպես էլ անհատապես յուրաքանչյուր քաղաքացու և իրավաբանական անձի իրավունքների և շահերի պաշտպանությունը։ Հայաստանի միջազգային հեղինակությունը և միջազգային ասպարեզում ցանկացած ձեռքբերում պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, և այլ ժողովուրդների հետ հարաբերություններում հայաստանցու արժանապատվությունն ու իր երկրի համար հպարտությունն է լինելու մեր բոլոր քայլերի գերնպատակը։ 

Մենք նաև գիտակցում ենք, որ Հայաստանի միջազգային հեղինակությունը կախված է ոչ միայն անվտանգության համակարգերի կատարելության աստիճանից, այլև ժողովրդավարության հիմնարար սկզբունքների կիրառումից: Հետևաբար առաջադեմ և կայացած ժողովրդավարական երկիր կառուցելու մեր մղումը այն հիմնական գործոնն է, որը ոչ միայն նպաստելու է Հայաստանի քաղաքացիների երջանկության ապահովմանը, այլև Հայաստանի` որպես համաշխարհային դերակատարի դերի մեծացմանը:

3. Ազատ և զարգացած Արցախ

 Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես և Արցախի հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար գերնպատակ է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի կենսագործմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիությունը և միջազգային ճանաչումը ապահովելը։  Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին և սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝

 1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,

2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը և բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,

3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը և հետաքննման մեխանիզմների ներդրմանը,

4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը,

 5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի և հումանիտար շփումների օժանդակմանը։

 Մեր քայլերն իրականացվելու են՝

 ● ղեկավարվելով հայ ժողովրդի հավաքական շահով և Արցախի անվտանգ գոյության իրական երաշխիքների հրամայականով,

 ● պահպանելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող առկա գործընթացի շրջանակները,

● հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը։

 Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության քաղաքականության և տնտեսական քաղաքականության ոլորտներում մեր քայլերը դիտարկվելու են նաև Արցախի ժողովրդի վրա այդ քաղաքականության իրականացման ազդեցության հեռանկարի համատեքստում։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար։

4. Ուժեղ Հայաստան, ուժեղ սփյուռք 

 Հայաստան-սփյուռք հարաբերությունների նախորդ գրեթե մեկդարյա փորձի վերագնահատմամբ, հիմնվելով նաև պետություն-սփյուռք հարաբերությունների կառուցման միջազգային լավագույն փորձի վրա` մեր առաջնահերթությունն ենք հռչակելու հայրենիքի և սփյուռքի միջև կապի ամրապնդումը փոխադարձ վստահության մթնոլորտում, ափյուռքի համայնքների համախմբումը և ջանքերի մեկտեղումը հայրենիքի զարգացման գաղափարի շուրջ: 

 Հասկանալով հայկական սփյուռքի համայքների բազմազան և բազմաշերտ լինելը և ելնելով հայրենիք-սփյուռք նախաձեռնությունների վերափոխման անհրաժեշտությունից` առաջնահերթ ենք համարում աշխարհասփյուռ հայրենակիցների ակտիվ մասնակցությամբ սփյուռքի ներգրավման նորարարական ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակումը, որի հիմքում ընկած են լինելու հայկական գաղթօջախների առանձնահատկությունների ուսումնասիրումը և առկա մարդկային ներուժի փոխշահավետ օգտագործման հրամայականը:

 Սփյուռքի նորարարական քաղաքականության մեր ռազմավարությունն ուղղված է լինելու «Ուժեղ Հայաստան, Ուժեղ Սփյուռք» տեսլականի իրագործմանը, որի կարևորագույն ուղղություններ ենք սահմանելու հետևյալ միջոցառումները.

 1. իրականացնելու ենք սփյուռքի բազմազան օջախներում առկա ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ, այդ ներուժի քարտեզագրմանն ու ներգրավմանը ուղղված  աշխատանքներ:

2. քննարկումներ ենք սկսելու սփյուռքի մեր հայրենակիցների` Հայաստանում ներկայացվածության ինստիտուցիոնալացման շուրջ:

 3. կարևորելու ենք այնպիսի օրենսդրական փոփոխությունների իրականացումը, որոնք կվերացնեն սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու արգելքները։

4. մշակելու և իրագործելու ենք սփյուռքի ներուժի վերարտադրմանն ու սփյուռքի ուժեղացմանն ուղղված ծրագրեր տարբեր երկրներում հաստատված համայնքների, կազմակերպությունների, խմբերի, անհատների ղեկավարությամբ, խորհրդատվությամբ և մասնակցությամբ:

5. քայլեր ենք ձեռնարկելու Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, ինչպես նաև սոցիալտնտեսական զարգացման ու ռազմավարական այլ նպատակների համար սփյուռքի ներուժի հավաքագրման ուղղությամբ:

 6. Մշակելու ենք հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որ հիմնականում միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը հայրենիքում, ինչպես նաև Հայաստանում հաստատվել ցանկացող սփյուռքահայերին քաջալերմանը։ 

7. սփյուռքի ուժեղացման կարևոր գործոն  է նաև «հայկական կյանքից» օտարվող և օտարված մեր հայրենակիցների վերաինտեգրումը հայկական իրականությանը:  

Մենք հավատում ենք, որ ուժեղ Հայաստանն ու ուժեղ սփյուռքը փոխպայմանավորված են. ուժեղ Հայաստան ունենալու կարևորագույն գրավականը ուժեղ սփյուռքի գոյությունն է, սակայն Հայաստանը կարևորագույն դեր կարող է և պետք է ունենա իրենց երկրներում սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ու անհատների ուժեղացման գործում։

Եվ ծրագրի վերջում՝ «50 քայլ դեպի երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն » բաժնում, որպես երկրորդ քայլ, նշվում է․ «Հետևողական ենք լինելու բանակցային գործընթացում Արցախը` որպես հակամարտության  հիմնական կողմ ներգրավելու հարցում»։

 Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում՝ 2015 թվականի մայիսի 30-ին, ընդունված կուսակցության ծրագրի արտաքին քաղաքական դրույթները հետևյալն են․

«4.զ) Քաղաքացիական պայմանագիրը արտաքին քաղաքական սխալ է համարում Հայաստանի անդամամակցությունը ԵՏՄ-ին և վերահաստատելով ոչ ոչ-ի դիրքորոշումը, գտնում է, որ քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանը չպետք է դիտարկի Եվրոպական միությանը անդամագրվելու հարցը: Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ կառուցի երկու դրացիների՝ Իրանի և Վրաստանի հետ. այդ հարաբերությունները պետք է առավելագույնս դուրս լինեն աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի ազդեցությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է: Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

4.է) Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:

4.ը) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը պետք է շարունակվի մինչև Համաշխարհային ճանաչում»։

«Առաքելություն» կուսակցության ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առավելագույնս ինքնուրույնությունն ու սուվերենությունը անբեկանելի է: Մենք կողմնակից ենք անմիջական հարևանների հետ բարիդրացիական ու փոխգործակցության հարաբերություններին, զինված հակամարտությունները խաղաղ բանակցային գործընթացների միջոցով կարգավորելուն: «Առաքելություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը տեսնում է որպես գլոբալ տերությունների արժանապատիվ ու վստահելի գործընկեր:

• ՀՀ-ՌԴ հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և մասնավորապես հարավկովկասյան խաղաղության հիմնական գրավականներից են, եթե ոչ ամենահիմնականը: Այդ հարաբերությունները դժվար է կասկածի ենթարկել հատկապես անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտումներում: Առանձնահատուկ է նաև ՌԴ դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Մենք հետամուտ ենք լինելու հայ-ռուսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը հատկապես անվտանգության, ռազմական համագործակցության, ինչպես նաև գիտության և մշակույթի ոլորտներում գոյություն ունեցող ավանդական կապերի ընդլայնմանը:

• ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարևորվում է որպես ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն: Այդ հարաբերությունները առանձնահատուկ կարևորություն ունեն ինչպես Հայաստանում ժովողրդավարության, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների, մարդասիրական ծրագրերի իրականացման, վստահելի ընտրական գործընթացների կայացման առումով, այնպես էլ միջազգային անվտանգության, հակաահաբեկչական պայքարի, հարավկովկասյան կայունության ու համագործակցության մթնոլորտի ձևավորման համատեքստում: Անհերքելի է նաև Միացյալ Նահանգների դերակատարությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

• Հայաստան-ԵՄ հարաբերություններ. «Առաքելություն» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանում իրականությունը շատ հեռու է եվրոպական լինելուց, թեպետ ներկայումս ինտենսիվորեն բանակցություններ են ընթանում ՀՀ-ԵՄ հետագա ինտեգրման հարցերի շուրջ: Եվրոպային Հայաստանի ինտեգրվելու ներուժն իրականում ավելին է, քան ներկա զարգացումներն են թույլ տալիս, քանի որ ներկայումս եվրաինտեգրացիան Հայաստանի պարագայում կրում է ավելի շատ դեկլարատիվ, քան թե իրական բնույթ: Մենք հետևողական ենք լինելու ՀՀ իրական ու ամբողջական եվրաինտեգրման հարցում և կողմնակից է ՀՀ-ԵՄ բազմասպեկտոր հարաբերությունների:

• ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների 20-ամյա ընթացքը բարձր է գնահատում և գտնում ենք, որ հետայսու ևս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները պետք է ընթանան գործընկերության, բարկամության, փոխընբռնման ու համագործակցության ոգուն հարիր:

• ՀԱՅԱՍՏԱՆ–ՎՐԱՍՏԱՆ հարաբերություններ. «Առաքելություն» կուսակցությունը կարևորագույն նշանակություն է տալիս Վրաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։ Թեև որպես անկախ երկրներ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները մշտապես եղել են սթափ, առողջ ու համագործակցության հիմքերի վրա, միևնույնն է, առկա է հարաբերություններն առավել բարձր մակարդակի բարձրացնելու, փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու, ինչպես նաև հարաբերությունները ռազմավարական մակարդակի հասցնելու ահռելի չօգտագործված պոտենցիալ։

Ջավախքը պետք է դառնա հայ–վրացական ավանդական բարեկամական կապերի խորհրդանիշ ու երկու պետություները կամրջող գործոն։

• Հայ–թուրքական հարաբերություններում «Առաքելություն» կուսակցության համար հայոց Ցեղասպանության թեման քննարկման և սակարկության տեղ չունի։ Ցեղասպանության եղելությունը քննարկման տեղ չունի անգամ որևէ այլ երկրի և պաշտոնական Երևանի հարաբերություններում. Ցեղասպանության փաստն անհերքելի իրողություն է։ Միևնույն ժամանակ, կողմ ենք հայ–թուրքական սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ չընդնունելով որևէ նախապայման դրա իրագործման համար։ Թե՛ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի հաստատումը, թե՛ հայ–թուրքական սահմանի բացումը, թե՛ առհասարակ հայ և թուրք ժողովուրդների դժվարին ու ցավոտ հարաբերությունների բարելավումն ու լարվածությունը թոթափումը տեսնում է բացառապես հայ և թուրք ժողովուրդների շփման միջոցով՝ զերծ որևէ այլ երկրի, մասնավորապես՝ Ադրբեջանի շանտաժից։

• ՀԱՅԱՍՏԱՆ–ԱԴՐԲԵՋԱՆ հարաբերություններ. ԼՂ հիմնահարց.«Առաքելություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը համարում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության բացառիկ երաշխավորը։ Միևնույն ժամանակ՝ Առաքելություն կուսակցության համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որպես բանակցային լիիրավ կողմ վերադառնա բանակցային սեղան։ Կուսակցությունը կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը՝ այն փոխզիջումների սահմաններում, որն ընդունելի կլինի նաև ու նախևառաջ Լեռնային Ղարաբաղի համար։ Սակայն եթե աշխարհաքաղաքական իրադրությունը կամ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջներն ու ռազմատենչ հռետորաբանությունը թույլ չեն տալիս տևական ժամանակի ընթացքում հասնել հակամարտության խաղաղ կարգավորման, ինչը և տեղի է ունենում, ապա «Առաքելություն» կուսակցության համար անընդունելի է ինքնանպատակ ստատուս քվոն. Կուսակցությունը դավանում է հակամարտության ԲՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ, այն է՝ Արցախը ազատ տնտեսական գոտու վերածելու, զանգվածային վերաբնակեցման ու հայրենադարձության, ծնելիությունը խրախուսելու, պետական, ինչպես նաև համահայկական ընգծված սոցիալիական ներարկումների ու այլ համալիր ռազմավարական քայլերի միջոցով Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության թվաքանակի առաջանցիկ ավելացում, պաշտպանողական ներուժի շեշտակի ավելացում, ողջ աշխարհում ԼՂ ինքնիշխանության իրավունքի նպատակային լոբբինգ։

«Առաքելություն» կուսակցությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես միջազգային հանրությա համար վստահելի, բազմավեկտոր արտաքին առաջնայնություններով, կանխատեսելի ու ամենակարևորը՝ ինքնիշխան պետություն։»

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: