ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը 2018 թվականին. հիմնական զարգացումներ

Sputnik

2018 թվականը Վրաստանի համար բավականին հագեցած էր: Անցնող տարում Վրաստանը հասցրել է փոխել և´ նախագահին, և´ վարչապետին: 2018 թվականը օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցն էր: Տարին հարաբերականորեն կայուն էր Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների համար, տարին նաև Վրաստանի եվրաատլանտյան ձգտումների հաստատման տարի էր: 2018 թվականին Վրաստանը նշել է Առաջին ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակը: 2018 թվականը դարձավ նաև հարևան Հայաստանի և Վրաստանի ղեկավարների համար փոխադարձ այցերի տարի` ընդ որում երկու երկրների և´ հին, և´ նոր իշխանությունները հայտարարել են բարեկամության, աջակցության և համագործակցության մասին:

 

Վրաստան-Հայաստան. վարչապետերի փոփոխություն

Ինչպես և Հայաստանում, Վրաստանում ևս 2018 թվականին փոխվել են երկրի առաջին դեմքերը: Դեռ 2018 թվականի մարտին, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ոչինչ չէր կանխագուշակում հաջորդած հրաժարականները: Սակայն պետք է նկատել, որ դրանք որևէ բացասական ազդեցություն չթողեցին երկկողմ հարաբերությունների վրա:

Հետաքրքրական է, որ Հայաստանի նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կատարել են հենց Վրաստան, ինչով հաստատել են հայ-վրացական հարաբերությունների զարգացման կարևորությունը: Եթե հիմնականում ներկայացուցչական լիազորություններով օժտված նախագահ Արմեն Սարգսյանի խնդիրը վրացական իշխանությունների հետ կապերում ջերմ մթնոլորտի ստեղծումն էր, ապա երկրի փաստացի ղեկավարի` վարչապետ Փաշինյանի այցը կոչված էր կապիտալացնելու այդ դրական ֆոնը վրացական կողմի հետ գործնական քննարկումների միջոցով:

Հետաքրքրական է նաև, որ Հայաստանի նորանշանակ վարչապետն այցելել է նաև Ջավախք` այնտեղ անելով կարևոր հայտարարություն. «Վրաստանը և վրացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի և հայ ժողովրդի գործողություններում չկա որևէ սպառնալիք, որևէ սադրանք վրացի ժողովրդի դեմ, և Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ վրացի ժողովրդի և Վրաստանի գործողություններում չկա որևէ սպառնալիք կամ սադրանք»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարներն այս տարիներին բազմաթիվ աշխատանքային և պաշտոնական այցեր են կատարել Վրաստան, սակայն շատ հազվադեպ է եղել, որ այցելեն հայաբնակ Ջավախք: Վրաստան իր այցի շրջանակներում առաջինը Ջավախք այցելել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թվականի ամռանը. հենց Ջավախքում էլ կայացել է ՀՀ նախագահի հանդիպումը Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շվարնաձեի հետ: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած բազմաթիվ այցերի ժամանակ Ջավախք չեն այցելել:

Հունիսի 13-ին իր հրաժարականի մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն պետք է նկատել, որ ինչպես Հայաստանի պարագայում, Վրաստանում կառավարության ղեկավարի փոփոխությունը որևէ բացասական ազդեցություն չթողեց երկու երկրների միջև հարաբերությունների վրա:

 

Հետաքրքրական է, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանում կառավարությունը կարող է գլխավորել Մամուկա Բախտաձեն, նա Facebook-ի իր անձնական էջում թարմացրել է լուսանկարը նույն այն նկարով, որը, որպես cover photo, ֆեյսբուքյան իր էջում կիրառում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Պատմական ընտրություններ

Վրաստանում 2018 թվականի նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունները, կարելի է անվանել պատմական: Առաջին հերթին, այդ ընտրություններում առաջին անգամ հաղթել է կին. Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը: Երկրորդ, դրանք նախագահի վերջին ուղիղ ընտրություններն էին. նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նախագահի պաշտոնը Վրաստանում կդառնա ավելի շատ արարողակարգային: Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնում ընտրվել է 6 տարի ժամկետով: Ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող կուսակցության համար այս ընտրությունները դարձան 2020 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը: Երրորդ, ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածումներն էլ անցյալի մեծ բեռով էին` նրանք նախորդ իշխանությունների` Միխայիլ Սահակաշվիլիի և  Բիձինա Իվանիշվիլիի դրածոներ են: Ու թեև քվեաթերթիկներում ընտրողները չեն գտել նախկին նախագահի և նախկին վարչապետի անունները, սակայն այս նախագահական ընտրությունները պայքար էր հենց այս երկու գործիչների միջև, որոնք վերջին տարիներին ոչ պաշտոնապես` կուլիսներից կառավարում են ընդդիմությունն ու իշխանությունը:

Հետաքրքրական է, որ Վրաստանի հայ բնակչությունն աջակցել է Սալոմե Զուրաբիշվիլիին, այն դեպքում, երբ ադրբեջանաբնակ շրջաններն աջակցել են Գեորգի Վաշաձեին: Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է իր թիմում ընդգրկել նաև շրջանի հայ բնակչության ներկայացուցչի: Նրա երկրորդ խոստումը վերաբերում է Ջավախքի էթնիկ հայերի կորցրած քաղաքացիությունը վերականգնելուն և երկքաղաքացիության թույլտվությանը, իսկ երրորդը` Ջավախքի բնակչության մոտ վրացերենի իմացությունը մինչև 90 տոկոսի մակարդակի բարձրացնելուն` հավելյալ, սակայն ոչ պարտադիր մեթոդների և միջոցների կիրառմամբ:

 

Առաջ դեպի ապագա 

2018 թվականին Վրաստանում ամենավառ տնտեսական իրադարձությունը «սև ցուցակներում» գտնվող քաղաքացիների բանկային կրեդիտների զրոյացումն էր: Աղքատության և գործազրկության դեմ պայքարը Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրն է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` ամփոփելով 2018 թվականի արդյունքերը: Աղքատությունը տարածքային ամբողջականության հետ միասին Վրաստանի հիմնական մարտահրավերներն են, ընդգծել է Բախտաձեն:

«Այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում Վրաստանում, չի բացառվում, որ շուտով երկրում կհայտնվի սեփական Փաշինյանը, ինչպես Հայաստանում, կամ «դեղին բաճկոնները»` ինչպես Ֆրանսիայում», - կարծում են վրացի փորձագետները: Իսկ վրացական ընդդիմությունը որոշել է դիմել ՄԻԵԴ նախագահական ընտրությունների արդյունքերը չեղարկելու համար:

Այս ամենի ֆոնին Վրաստանը անվանվել է մեր տարածաշրջանի լավագույն երկիրը բիզնես վարելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: