ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018-ը Եվրոպայում հարուստ էր քաղաքական զարգացումներով. տարվա ամփոփում

The Japan Times

2018 թվականն ընդհանուր առմամբ կհիշվի որպես քաղաքական առումով ակտիվ տարի: Տարին, կարելի է ասել՝ տուրբուլենտ էր և լի էր բազմաթիվ կարևոր իրադարձություններով: Այն հանդարտությամբ չառանձնացավ նաև Եվրոպայի համար:

Բուռն էր տարին, իհարկե. Brexit-յան «ճակատում»: Երկար ու բարդ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը համաձայնեցրեցին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի նախնական տարբերակ, որն էլ հաստատվեց ԵՄ արտահերթ գագաթաժողովի կողմից նոյեմբերի 25-ին: Սակայն Թագավորության ներսում այն դարձավ քաղաքական լարվածության առարկա: Համաձայնագրի պայմաններն անընդունելի համարելով՝ հրաժարականներ ներկայացրեցին բրիտանական կաբինետի մի շարք նախարարներ և այլ պաշտոնյաներ, մասնավորապես՝ Brexit-ի հարցով քարտուղարը, գիտության և համալսարանների հարցերի, աշխատանքի և կենսաթոշակների, տրանսպորտի նախարարները: Մինչ այդ արդեն իսկ հրաժարական էին ներկայացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի ազգային շահերին չսպասարկող համարեցին ոչ միայն Մեյի քաղաքական հակառակորդները, այլև հարազատ Պահպանաողական կուսակցության մի շարք անդամներ՝ նախաձեռնելով անգամ Մեյին անվստահության քվեարկություն Համայնքների պալատում: Մեյը դիմակայեց այդ քվեարկությունը և պահպանեց  և՛՛ Պահպանողական կուսակցության առաջնորդի, և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնները: Սակայն, նա դեռ ստիպված է ապահովել համաձայնագրի վավերացումը Համայնքներին պալատում, որի քվեարկությունը Մեյը դեկտեմբերից տեղափոխեց հունվար՝ հույս ունենալով մինչ այդ ստանալ խորհրդարանականների մեծամասնության աջակցությունը: Միաժամանակ, կոչեր են հնչում չեղարկել Brexit-ն ընդհանրապես և մնալ ԵՄ կազմում, անցկացնել այս հարցով երկրորդ հանրաքվե,  ինչպես նաև շատ բարձր է մնում կոշտ Brexit-ի /No Deal Brexit/ տարբերակը: 

Տարվա աղմկահարույց իրադարձություններից էր «Սկրիպալների գործը»: Արևմուտքն այս գործի կազմակերպիչ և մեղավոր ճանաչեց Ռուսատանին: Արդյունքում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններն էլ ավելի սրվեցին: Պատժամիջոցներից բացի Մեծ Բրիտանիան արտաքսեց ՌԴ 23 դիվանագետների, ԱՄՆ-ը` 60: Դիվանագետների արտաքսմանը միացան մի շարք այլ եվրոպական երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա, Դանիա, Նիդեռլանդներ, Լեհաստան և այլն): Ռուսաստանի կողմից հետևեցին հայելային քայլեր: Այս հարցով զարգացումներ եղան ողջ տարվա ընթացքում՝ անընդհատ բարձր պահելով հատկապես Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը:

«Եվրոպային անհրաժեշտ է սեփական բանակ` պաշտպանվելու համար Ռուսաստանից, Չինաստանից և նույնիսկ Միացյալ նահանգներից». այս հայտարարությամբ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր շունչ տվեց համաեվրոպական բանակ ստեղծելու գաղափարին, որին սատար է կանգնում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս ոչ միանշանակ հայտարարությանը, բնականաբար, չուշացավ ԱՄՆ արձագանքը. նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական համարեց Մակրոնի այս հայտարարությունը` պահանջելով նախևառաջ վճարել Եվրոպայի արդարացի մասնաբաժինը ՆԱՏՕ-ում:

Շատ փորձագետներ Մակրոնի այս նախաձեռնության հետ ուղղակիորեն կապեցին տարեվերջին Ֆրանսիան ցնցած «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը, որոնք սկսեցին Ֆրանսիայի նախագահի կողմից դա բարձրաձայնելուց կարճ ժամանակ անց: «Դեղին բաճկոնները» հանդես էին գալիս ընդդեմ բենզինի և դիզելային վառելիքի գների աճի: Ցույցերը մի քանի շաբաթների ընթացքում բավականին լայն մասշտաբներ ստացան` ինչպես մասնակիցների քանակով, այնպես էլ Ֆրանսիայի քաղաքների ընդգրկվածությամբ՝ դառնալով սոցիալական անհավասարության դեմ լայն ապստամբություն: Ցույցերն աննախադեպ էին ինչպես իրենց ոչ խաղաղ բնույթով ու պատճառած վնասների չափով, այնպես էլ իրավապահների կոշտ արձագանքով ու ձերբակալվածների քանակով:

Ի պատասխան Ֆրանսիայի իշխանությունները ստիպված եղան գնալու որոշակի զիջումների. սկզբում վառելիքի գների աճը 6 ամսով սառեցնելու որոշում կայացվեց, այնուհետև նախագահ Մակրոնը հանդես եկավ Ֆրանսիայի ժողովրդին ուղղված տեսաուղերձով և հայտարարեց երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն մտցնելու մասին: Սակայն Ֆրանսիայի իշխանությունների այս զիջումները դեռևս արդյունքներ չեն տվել և, չնայած նրանց վերջին ցույցերից հետո Ֆրանսիայի իրավապահ մարմինները հայտարարեցին մասնակիցների ավելի սակավաթիվ լինելու մասին, ցույցերն ավարտված չեն, «հաշտություն կնքված» չէ:  

Մինչ եվրոպական բանակ ստեղծելու գաղափարից ծնված որոշակի լարվածությունը, տարվա ընթացքում ԵՄ-ԱՄՆ հակասությունների այլ առիթ ևս եղել էր: 2018թ. գարնանը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև «առևտրային պատերազմ» սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կողմից բարձր մաքսատուրքեր սահմանվեցին ԵՄ-ից ներկրվող երկաթի ու ալյումինի համար, այնուհետև` մի շարք ապրանքատեսակների վրա:

Այնուհետև,  մայիսին ԱՄՆ նախագահ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի հետ միջուկային պայմանագրից և վերականգնել  Իրանի դեմ պատժամիջոցները, որից հետո ԵՄ-ն հայտարարեց ԱՄՆ-ի օրինակին չհետևելու և միջուկային գործարքի շրջանակում  ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու իր քաղաքականության մասին: Այս համատեքստում Եվրամիությունը նույնիսկ որոշում կայացրեց ֆինանսական մեխանիզմ ստեղծելու մասին` Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ գործարքներ իրականացնելու և թույլ տալու եվրոպական ընկերություններին աշխատել Իրանի հետ՝ եվրոպական օրենքների համաձայն:

2018թ. Եվրոպան մեկ անգամ ևս աչքի ընկավ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ազգերի ինքորոշման իրավունքի հանդեպ հարգանքի վառ դրսևորմամբ, երբ Ֆրանսիայի մաս կազմող Նոր Կալեդոնիա կղզիախմբի բնակչությունը որոշեց անկախացման հանրաքվե անցկացնել`  պատասխանելով Ֆրանսիայից անկախացման հարցին, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոստացավ Ելիսեյան պալատից անձամբ հայտարարել հանրաքվեի արդյունքները՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն դրանք: Բնակչության մեծամասնությունը դեմ արտահայտվեց անկախացմանը՝ նախընտրելով շարունակել մաս կազմել Ֆրանսիային և Եվրամիությանը։ Սա Արցախյան հակամարտության համատեքստում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար` և՛ որպես ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ, և՛ մետրոպոլիայի` այս դեպքում Ֆրանսիայի` անկախության հանրաքվե անցկացնելու որոշմանն արձագանքով:

Այս համատեքստում ուշագրավ էին նաև կատալոնական ուղղությամբ տեղի ունեցած որոշակի զարգացումները` Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնի ձերբակալությունը Գերմանիայում, դրան հետևած անկարգությունները Բարսելոնայում և Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում, այնուհետև Կատալոնիայի խորհրդարանի կողմից տարածաշրջանի կառավարության ղեկավարի պաշտոնում  «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ներկայացուցիչ Կիմ Տորայի ընտրությունը, ով ևս խոստացավ կյանքի կոչել «հոկտեմբերի 1-ի մանդատը» և ստեղծել «Հանրապետություն բոլորի համար»: Հոկտեմբերին Իսպանիայի վարչապետը նոր հանրաքվե անցկացնելու առաջարկ արեց, բայց ոչ թե անկախացման, այլ Կատալոնիայի ինքնավարության պայմանների հստակեցման հանրաքվե` միաժամանակ հիշեցնելով, որ հակառակ դեպքում կրկին ուժի մեջ կարող է մտնել Իսպանիայի Սահմանադրության՝ տարածաշրջանում Իսպանիայի կառավարության կողմից ուղիղ կառավարում սահմանող հոդվածը:

Նշանակալից էր  նաև Հունաստանի ու Մակեդոնիայի միջև 2018թ. ստորագրած պատմական համաձայնագիրը Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին՝ hիմքեր դնելով  երկու երկրների միջև արդեն երեք տասնամյակ ձգվող վեճի հանգուցալուծման համար: Այս պատմական համաձայնագրով նախատեսված անվանափոխությունը պետք է իրականություն դառնար հանրաքվեի արդյունքներով, որի չկայացած (գրեթե 35% էր եղել մասնակցությունը) լինելու պատճառով հարցի լուծումը տեղափոխվեց երկրի խորհրդարան` այդպես էլ մնալով դեռևս չլուծված: Հարցի վերջնական լուծումից հետո Մակեդոնիան պետք է դառնա ԵՄ և ՆԱՏՕ անդամ (երկրի վերանվանումը Մակեդոնիայի` ԵՄ և ՆԱՏՕ անդամակացության՝ Հունաստանի նախապայմանն է):

2018-ն առանձնացավ Եվրամիության և իր որոշ անդամ-պետությունների միջև  հարաբերությունների լարվածությամբ: Առանձնակի լարված էին Լեհաստանի ու Հունգարիայի հետ հարաբերությունները. Եվրախորհրդարանը քվեարկեց Լիսաբոնի պայմանագրի 7-րդ հոդվածն ընդդեմ ԵՄ անդամ Հունգարիայի գործարկելու օգտին,  Եվրոպական հանձնաժողովը հայց ներկայացրեց Եվրոպական Միության բարձրագույն դատարան ընդդեմ Լեհաստանի: Երկու երկրների դեպքում էլ Բրյուսելը շարունակ լուրջ մտահոգություններ է հայտնում այդ երկրների կառավարությունների կողմից օրենքի գերակայության սկզբունքի խախտումների վերաբերյալ:

Հատկանշական էր նաև, որ դեկտեմբերին Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարում կանցլեր Անգելա Մերկելը չառաջադրեց իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում՝ միաժամանակ հայտարարելով, որ կանցլերի ընթացիկ՝ չորրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2021թ.-ին, նա կլքի «մեծ քաղաքականությունը»:

Այսպիսով, անցնող տարվա քաղաքական զարգացումները Եվրոպայում ակտիվ էին և դրանց մեծամասնությունն իրենց հանգուցալուծումը չեն ստացել 2018-ի ընթացքում: Եթե 2018-ից «ժառանգություն» մնացած գործընթացներին գումարենք այնպիսի շարունակական գործընթացներ, ինչպիսիք են աջերի, պոպուլիստների աճը Եվրոպայում, միգրացիոն հարցերը, ԵՄ միասնականության խնդիրները, ինչպես նաև սպասվելիք իրադարձությունները (օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի ընտրությունները) և Եվրամիության համար շատ առանցքային համարվող Brexit-ի սպասվող հանգուցալուծումը, ապա ակնհայտ է, որ 2019-ը ևս հանդարտությամբ աչքի չի ընկնելու Եվրոպական մայրցամաքում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: