ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան բանակցություններում կողմերն արդեն բովանդակային քննարկումների դաշտում են

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Սա երկու երկրների արտգործնախարարների թվով չորրորդ հանդիպումն էր, որը Միլանում 2018-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այստեղ ևս շեշտվեց երկու երկրների առաջնորդների հանդիպման կազմակերպման կարևորությունը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար:

Կարևոր դրույթ է նաև այն, որ համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը: Այս դրույթն էապես մեծ կարևորություն է ներկայացնում այն համատեքստում, որ չի խոսվում հակամարտության վերջնական կարգավորման, տևական խաղաղության ձեռքբերման մասին, պարզապես ընդգծվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումների ձեռնարկման կարևորությունը:

Երեկ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ և համաձայնություն է ձեռք բերվել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:

Փարիզում տեղի ունեցած հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ կողմերն արդեն դուրս են եկել այսպես կոչված «ծանոթության» կամ դիրքորոշումների հստակեցման փուլից և անցել են բովանդակային քննարկումների փուլ: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը: Ըստ էության սա ևս կարևոր քայլ է՝ բովանդակային քննարկման անցնելու ճանապարհին:

Կարևոր է ընդգծել, որ այս հայտարարության տեքստում հղում չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավովածություններին, ինչը հիմքեր է տալիս եզրակացնելու, որ այս պայմանավորվածություններն այսօր արդեն օրակարգից դուրս են: Միաժամանակ չի բացառվում, որ բանակցությունները կառուցվեն նոր սկզբունքների ու նոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչը, իր հերթին, նոր մարտահրավերներ ու հնարավորություններ կարող է բերել հայկական կողմերի համար:

Այն, որ բովանդակային քննարկման այս փուլում չի խոսվում Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, փոխարենը առաջ է քաշվում տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացման կարևորությունը, հիմքեր է տալիս եզրակացնելու, որ կողմերը համաձայնության են եկել գործընթացում դրական տեղաշարժ արձանագրելու հարցում՝ առայժմ խուսափելով անդրադառնալ ամենակնճռոտ հարցերին: Որո՞նք են այսօր ընդգրկված «ամենակնճռոտ հարցեր» դասակարգման մեջ, մինչև ե՞րբ է հետաձգվելու կարգավիճակի հարցի քննարկումը և ի՞նչ զիջումների գնով են կյանքի կոչվելու տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանն ուղղված քայլերը՝ դժվար է ասել: Որքանո՞վ են այսօր հակամարտող կողմերի հասարակությունները պատրաստ խաղաղության և ինչպե՞ս են բանակցողները պատկերացնում նրանց նախապատրաստելը խաղաղության՝ առանց կարգավիճակի խնդրի վերջնական հստակեցման՝ նույնպես դժվար է պատասխանել: Պարզապես ակնհայտ է, որ և՛ Մինսկի խմբի համանախագահությունը, և՛ ադրբեջանական ու հայաստանյան կողմերը ձգտում են բանակցային գործընթացը տանել դրական, առաջընթաց ապահովող գործընթացի հունով: Չի բացառվում, որ երկու երկրների առաջնորդների սպասվող հանդիպումից կարճ ժամանակ անց այս քաղաքականությունն արդեն ավելի տեսանելի կլինի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: