ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատյան փողոցում ծնված հայը` Սերգեյ Լավրով

Լiveinternet.ru

«Նա անգերազանցելի դիվանագետ է, ով ծառայում է Մոսկվային իր ինտելեկտով, էներգիայով և ոչ պակաս մեծամտությամբ», - այսպիսին է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոլբրուքի կարծիքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասին:

Բացի հաջողված դիվանագետ լինելուց՝ Լավրովը նաև հետաքրքիր անձնավորություն է: Ռուսաստանի արտգործնախարարը տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն և սինհալերեն լեզուներին, սպորտի մեծ սիրահար է և հարմար առիթը բաց չի թողնում դահուկներով, ֆուտբոլով կամ ռաֆթինգով զբաղվելու համար:

Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի հիմնադիրներից է, սիրում է կիթառ նվագել և գրել բանաստեղծություններ: Նրա գրչին է պատկանում Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի օրհներգը:

Հայտնի դիվանագետը նաև ծխախոտի մեծ սիրահար է: Լավրովը սիրում ու հավաքում է ամեն ինչ, ինչ կապված է ծխախոտի ու ծխելու հետ: Բացի ծխախոտից, Լավրովը հավաքագրում է նաև քաղաքական բնույթի անեկդոտներ, որոնց մեծ մասը անգիր գիտի:

Լավրովին ճանաչողները նրան բնութագրում են որպես զուսպ անձնավորություն, ով երբեմն-երբեմն կարող է դուրս գալ ափերից: Լավրովը հումորի մեծ սիրահար է և նրա խոսքերը հաճախ աֆորիզմների են վերածվում:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լավրովը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր է: 2004 թվականից նա զբաղեցնում է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ՌԴ ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (1994-ից մինչև 2004 թթ.): Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ Լավրովն ամենաերկարը պաշտոնավարած արտաքին գործերի նախարարն է:

Լավրովի մանկության տարիների մասին շատ բան հայտնի չէ: Նա ծնվել է 1950 թ. մարտի 21-ին: Լավրովի հայրը թիֆլիսահայ էր՝ Քալանթարյան ազգանունով: Որդին հետագայում վերցնում է մոր ազգանունը՝ դառնալով Լավրով: Նրա մոր՝ Կալերիա Բորիսովնա Լավրովայի մասին հայտնի է, որ նա Մոսկվայի մերձակա Նոգինսկ բնակավայրից էր, աշխատել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի նախարարությունում:

Inosmi.ru-ի փոխանցմամբ՝ 2005 թ. փետրվարի 17-ին, երբ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարըԵրևանի Սլավոնական համալսարանում էր, ուսանողները հարցրել են նրան, թե արդյոք իրեն չի խանգարում իր հայկական ծագումը: «Իմ արմատները Թիֆլիսից են, քանի որ հայրս այնտեղից է, իսկ երակներովս հայկական արյուն է հոսում», - պատասխանել է Լավրովը՝ այսպիսով հաստատելով, որ ինքը հայ է:

Պաշտոնապես հրապարակված կենսագրականներից և ոչ մեկում նշված չէ, թե որտեղ է ծնվել Սերգեյ Լավրովը: Բաց են թողնված նաև դպրոցում սովորելու տարիները: Նշված է միայն, որ 1972 թվականին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը:

Georgian Times պարբերականի տվյալներով՝ Լավրովը ծնվել է Թիֆլիսում, Արարատյան փողոցում: Իր աղբյուրի միջոցով պարբերականին հաջողվել է գտնել այն տունը, որտեղ փոքրիկ Սերգեյն ապրել է իր ընտանիքի հետ: Թիֆլիսի հայկական համայնքի ակտիվ ներկայացուցիչներից Վան Բայբուրթը հաստատել է, որ այն տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել հայտնի դիվանագետը, իսկապես գտնվում է Արարատյան փողոցի վրա, սակայն Լավրովը դեռևս նախադպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա:

2016 թվականի ապրիլին Լավրովի՝ Երևան այցի օրերին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքում տեղադրեց լուսանկար, որտեղ Լավրովը լուսանկարում էր Արարատ լեռը: Զախարովան նկարը տեղադրել էր հետևյալ գրառմամբ. «Արարատն այսօր հիացնում էր իր գեղեցկությամբ: Սերգեյ Լավրովը չդիմացավ և լուսանկարեց այն»:

Սերգեյ Լավրովն ամուսնացել է համասարանում սովորելու տարիներին: Ընտանիքի մտերիմների փոխանցմամբ՝ Լավրովի կինը՝ Մարիան, շատ հարցերում ամուսնու ճիշտ հակապատկերն է: Լավրովը խրոխտ, հաստատակամ և համառ է բնավորությամբ, իսկ Մարիան չափազանց հանգիստ, նուրբ և ընտանիքին նվիրված կին է: Նրանց դուստրը՝ Եկատերինան, ծնվել և մեծացել է Նյու-Յորքում: Այստեղ Եկատերինան ավարտել է դպրոցն ու ընդունվել Կոլումբիայի համալսարան, որտեղ քաղաքագիտություն է ուսումնասիրել: Ի դեպ, Լավրովն առաջին ՌԴ արտգործնախարարն է, ում երեխան կրթություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 2010 թվականին ծնվել է Լավրովի թոռը՝ Լեոնիդը:

 «Չնայած նախարարի մշտազբաղ աշխատանքին և խելահեղ ռիթմին՝ նրան երբեք չեք տեսնի անփույթ հագնված», - նշել է Մաքսիմ Մարտենյանովը՝ հավելելով, որ Լավրովն ինքն է ընտրում իր հագուստն ու կոշիկները և որ իր միատոն, սև կոստյումները միշտ ընտրված են ճիշտ իր չափով:

ՌԴ արտգործնախարարը կազմակերպված է բոլոր առումներով: Նա աշխատում է «դատարկ սեղանի» սկզբունքով: Առավոտյան Լավրովի աշխատասեղանի վրա նախորդ օրվանից մնացած ոչ մի թուղթ չեք գտնի: Ինչ վերաբերում է Լավրովի աշխատասենյակին, ապա այստեղ, որպես կանոն, խառը վիճակ է տիրում: Քննարկումների մասնակիցների համար նախատեսված աթոռները, բազմոցները, գրքերի դարակներն ու նկարներն այստեղ անպակաս են: Պատկերն ամբողջացնում են ֆուտբոլի գնդակն ու մարզաշապիկը, ինչպես նաև նվերների տոպրակը: Աշխատասենյակում բացակայում է համակարգիչը, որից Լավրովը երբեք չի օգտվում: Լրատվությանը ծանոթանում է ընկերների նվիրած iPad-ով:

Երեկոյան, երբ քաղաքն արդեն մթության մեջ է, Մոսկվայի Սմոլենսկի հրապարակից ԱԳՆ շենքին նայելիս կարող եք տեսնել յոթերորդ հարկում վառվող լույսերը: Լավրովն է, ով մինչև վերջին թուղթը չի վերցնում իր սեղանից, չի լքում հարազատ աշխատասենյակը:

Ինչպես ասել է Ռիչարդ Հոլբրուքը՝ Սերգեյ Լավրովը մեր ժամանակների լավագույն դիվանագետներից է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: