ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինա. արտաքին քաղաքականությունը նախագահի թեկնածուների ծրագրերում

Unian

Ընդամենը մի քանի օրից՝ մարտի 31-ին տեղի կունենան Ուկրաինայի նախագահի հերթական ընտրությունները:

Այս ընթացքում անցկացված տարբեր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Ուկրաինայի նախագահի 39 թեկնածուներից ընտրողների ամենամեծ աջակցությունն են վայելում երեքը՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ, նարնջագույն հեղափոխության առաջնորդներից Յուլյա Տիմոշենկոն և շոումեն, հաղորդավար, կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին:

Իսկ ինչպիսի՞ն են նրանց մոտեցումներն Ուկրաինայի արտաքին քաղաքականության հարցում:

Փորձենք դիտարկել Ուկրաինայի 6-րդ նախագահի հավակնորդներից հիմնական ֆավորիտների` Պ. Պորոշենկոյի, Յ. Տիմոշենկոյի և Վ. Զելենսկու նախընտրական ծրագրերում արտաքին քաղաքականությանը նվիրված հիմնական կարևոր կետերը:

Եվ այսպես.

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ երկրի հաջորդ 5 տարիների արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսլականի հիմնական դրույթները հետևյալն են`

Եվրաինտեգրում

  • 2023թ. ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել և ստանալ ու սկսել իրագործել ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլանը,
  • ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության միջոցով ապահովել մարդկանց կյանքի բարձր չափանիշներ, օրենքի գերակայություն և հավասար կանոններ բոլորի համար, օժանդակություն ողջ պետության և շրջանների տնտեսության զարգացմանը, մուտք աշխարհի ամենամեծ շուկա, պետության անվտանգություն և պաշտպանություն,
  • մուտք գործել ԵՄ և ՆԱՏՕ որպես տարածաշրջանային առաջնորդ,
  • Ուկրաինան դարձնել Եվրոպայում ագրարային սեկտորի առաջնորդ,  Արևելյան Եվրոպայի տրանսպորտային հաբ, «Նորաձև երկիր, որը բացում է աշխարհը» կարգախոսի ներքո Եվրոպայի ամենաշատ այցելություններ ունեցող 10 երկրներից մեկը:

Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ղրիմի հարց

  • քաղաքական-դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնում, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների և Ղրիմի օկուպացված տարածքների վերադարձ` ապահովելով աշխարհում պրոուկրաինական կոալիցիայի միասնությունը, օգտագործելով պատժամիջոցների գործիքն ու ՄԱԿ-ի միջազգային առաքելության մեխանիզմն օկուպացված Դոնբասի ողջ տարածքում:

 

«Բատկիվշինա» ("Батькивщина") կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնական դրույթները  կարելի է ամփոփել հետևյալ կետերում.

Եվրաինտեգրում  

  • Ուկրաինայի ռազմական ուժերի` ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան լիարժեք մոդեռնիզացիա՝ երկրի և յուրաքանչյուր ընտանիքի անվտանգությունը երաշխավորելու նպատակով:

Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ղրիմի հարց

  • օկուպացված տարածքների վերաինտեգրում և վերականգնում՝ հիմնական խնդիր դնելով Ուկրաինայի և օկուպացված տարածքների միջև արհեստականորեն կառուցված վախի, չհասկացվածության և ատելության պատի ապամոնտաժումը,
  • Ռուսաստանի կողմից պատճառված վնասի մանրամասն գույքագրում և ագրեսոր երկրի կողմից Ուկրաինայի քաղաքացիներին, ուկրաինական բիզնեսին և ուկրաինական պետությանը պատճառված վնասի փոխհատուցում,
  • խաղաղության և խաղաղաշինության պարտադրում ագրեսորին` Բուդապեշտի հուշագրի համաձայն,  
  • ռազմական ու դիվանագիտական խաղաղության, Ղրիմի ու Դոնբասի օկուպացված տարածքների վերադարձ:  

 

Շոումեն, հաղորդավար, դերասան Վլադիմիր Զելենսկու՝ արտաքին քաղաքականությանն առնչվող ծրագրերը հետևյալն են.

Եվրաինտեգրում

  • Համարելով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և այլ անվտանգային միավորումներին երկրի անվտանգության երաշխիք` համաուկրաինական հանրաքվեի անցկացում այդ հարցի վերաբերյալ ժողովրդի հավանությունը ստանալու նպաատկով,
  • զինվորական անձնակազմի աշխատավարձերի՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների մակարդակին համապատասխանեցման ապահովում:

Ռուսաստանի հետ հարաբերություններ, Ղրիմի հարց

Բուդապեշտի հուշագրի երաշխավորների և ԵՄ գործընկերներին դիմել աջակցության հետևյալ հարցերով`

  • պատերազմն ավարտելու ձգտում,
  • վերադարձնել ժամանակավորապես օկուպացված տարածքները,
  • ստիպել ագրեսորին փոխհատուցել պատճառված վնասը:

Ինչպես երևաց թեկնածուների նախընտրական ծրագրերում արտացոլված արտաքին քաղաքական ծրագրերից, չափազանց հստակ արևմտամետ պլաններ ունի միայն գործող նախագահ Պորոշենկոն, ով անգամ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու ժամկետ է նշել՝ 2023 թվականը: Պորոշենկոն պլանավորում է նաև մուտք գործել ԵՄ և ՆԱՏՕ՝ որպես տարածաշրջանային առաջնորդ: Զելենսկին, համարելով Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին երկրի  անվտանգության երաշխիք, անդամակցության որոշման կայացումը թողնում է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներին: Իսկ Տիմոշենկոն ընդհանրապես չի նշում ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ Եվրամիությանը երկրի անդամակցության մասին՝ համարելով անհրաժեշտ միայն երկրի ռազմական ուժերի՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան լիարժեք մոդեռնիզացիան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին և Ղրիմի հարցին, ապա երեք թեկնածուներն էլ ծրագրում են վերականգնել Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը», սակայն դրա հետ մեկտեղ Տիմոշենկոն և Զելենսկին նախատեսում են նաև փոխհատուցում պահանջել Ռուսաստանից «հասցված վնասների համար»: Տիմոշենկոն նաև մի փոքր հեռու է գնացել՝ մշակել է «օկուպացված տարածքների վերաինտեգրման և վերականգնման ծրագիր» ՝ տեսնելով  կոնֆլիկտի հետևանքով հասարակությունների միջև առաջացած պատնեշների առկայությունը և անհրաժեշտ համարելով դրանց քանդումը:

Ինչպես երևում է ֆավորիտների նախընտրական ծրագրերից, ուկրաինական ժողովուրդը հաստատակամ է մնում եվրաինտեգրման վեկտորի պահպանման հարցում, և նախագահի ընտրության հարցում այս գործոնը չի լինելու գերակայողը: Այլ հարց է, որ թեկնածուները տարբեր խնդիրներ են դնում իրենց առջև՝ ընտրված այդ վեկտորի համատեքստում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: