ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հեղինակավոր մրցաշարերին հայ ականավոր մարզիկների մասնակցությունն ապահովելը ոչ թե անհատի, այլ պետության առաքելությունն է. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեկ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում: Նախարարը նշել է, որ վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ռուս գործընկերների հետ համատեղ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այդ ուղղությունը զարգացնելու են և եկող տարվա բյուջեում այդ վիրահատությունների համար ծրագրում են գումարներ նախատեսել:

Վարչապետը հետաքրքրվել է նաև սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքից: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ չէ առաջին օրվա տվյալներով արդեն բուժօգնություն է ցուցաբերվել 85 անձի, որից 60-ը առողջացումով դուրս է գրվել: «Համարում ենք, որ ծրագիրը կարիք ունի ընդլայնվելու՝ այլ բժշկական կենտրոններ, նաև մարզային բժշկական կենտրոններ ընդգրկելու, ինչը մասնագետների օգնությամբ կփորձենք մյուս տարվանից կատարել: Այսինքն՝ դա համարում ենք շատ հաջողված ծրագիր»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունը որոշել է 2019 թ. շախմատի աշխարհի առաջնությանը Լևոն Արոնյանի նախապատրաստման և մասնակցության ապահովման նպատակով հատկացնել 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադիայի եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակահատվածի չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այսօրինակ դեպքերում պետական բյուջեից հատկացումներ եղե՞լ են, թե՞ սա առաջին դեպքն է: Նախարարը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կոնկրետ մարզիկի համար գումար է հատկացվում պետբյուջեից:

Վարչապետն ընդգծել է նման որոշումների ընդունման կարևորությունը և նշել. «Սովորաբար, եկենք արձանագրենք, որ այս կարգի հարցերը, ավանդաբար լուծվել են հետևյալ կերպ՝ կամ զանգ է հնչել, կամ միջնորդություն է եղել, կամ ունևոր անձանց միջնորդություն է եղել, որ եկեք ֆինանսավորեք: Ես կարծում եմ, որ դա վատ մեխանիզմ է, որովհետև ինքն իր հետ բերում է այլ հարաբերություններ, այլ պարտավորություններ և պարտավորություններից ազատումներ, արտոնություններ և այլն: Ես կարծում եմ՝ մեր դիրքորոշումն այս հարցում պետք է լինի հետևյալը. այն մարզական առաքելությունները, որոնք մենք կգնահատենք պետական նշանակություն ունեցող, պետությունը պետք է ֆինանսավորի: Այն մարդիկ, որոնք ավանադաբար ֆինանսավորել են այսպիսի գործողությունները, այդ մարդիկ թող վճարեն իրենց հարկերը, պետությունը, այդ թվում նաև իրենց անունից, կֆինանսավորի այս կարգի գործունեությունը: Ինչու եմ ես համարում, որ սա պետական առաքելություն է, նաև Լևոն Արոնյանին աջակցելը, որովհետև նախ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ: Երկրորդը, մանավանդ այսօր՝ այս նոր իրավիճակում, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրն է, որպեսզի ՀՀ քաղաքացիները հավատան իրենք իրենց ուժերին և իրենց հնարավորություններին, Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այս կարգի մեր մարզիկները պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի և որոնց օրինակով մարդիկ պետք է հավատան իրենք իրենց ուժերին: Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի սովորական տղաներ են, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային պատմական բարձունքների: Եվ մեր պետական քաղաքականությունը, ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին, այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա, և իր համար PR ակցիաներ դասավորի, այլ մենք պետք է մարդկանց վաստակը մեր պետության, մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք և պետք է նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները ՝ արձանագրելով, որ դա ոչ թե անձամբ իրենց համար ենք անում, այլ անում ենք այն երիտասարդների համար, ովքեր պետք է նրանց օրինակով ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին և իրենց մեջ առաջանա մեծ մղում, եռանդ, էներգիա ոչ միայն կրկնել, այլև գերազանցել մեր ականավոր մարզիկներին»:

Կառավարության ղեկավարն այնուհետև անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման հարցին և նշել. «Շատ արագ այդ նախագծային հաշվարկները իրականացնենք, նաև Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական չեմպիոնին և նրա թիմին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումարը հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը: Եվ արձանագրենք, որ այս ոլորտում մեր քաղաքականությունը լինելու է այդպիսին: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են բոլորիս համար, պետք է հստակ տեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ և արձագանքում է նաև հնարավորություններ ստեղծելով, որպեսզի այլ երիտասարդները նույնպես գնան նրանց ճանապարհով և նույնիսկ հնարավորության դեպքում գերազանցեն նրանց»:


Հավանության է արժանացել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը


Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թ. միջոցառումների ծրագրին: Հիմնավորման համաձայն՝ Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Գործարարությամբ զբաղվելը 2019» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ արձանագրել է 2,06 տոկոս աճ «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշով` գրանցելով 75,37 միավոր: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Ծրագրով ակնկալվում է ապահովել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Առաջին հերթին ակնկալվում է թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը: Ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:

Մեկ այլ որոշմամբ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, ՀՀ-ի 2018 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով 1,341,690,590.9 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:

Անդրդառանալով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Քանի որ ԱԺ-ում և հանձնաժողովներում շատ մանրամասն քննարկվելու է, ես ուղղակի հետևյալն ասեմ, որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գանք. Ազգային անվտագության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Երևանի քաղաքապետը, մարզպետները Ազգային ժողովի քննարկումներին պետք է ներկա լինեն, որպեսզի Ազգային ժողովում առավել մանրամասն քննարկումներ ունենանք»:


Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարությունը բավարարել է «Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ (Արմավիրի մարզ, գ. Մերձավան)։ Արդեն իսկ իրականացվել է 2.19 մլրդ ՀՀ դրամի ներդրում արտադրական տարածքի կառուցման և կահավորման, ինչպես նաև սարքավորումների ձեռքբերման և տեղակայման համար: Ընկերությունը կանխատեսում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (կենցաղային սարքավորումների) ընդհանուր քանակը կկազմի 90,000 հատ, իսկ ծրագրով նախատեսված արտադրանքի իրացման կանխատեսվող ծավալը կկազմի 11,310,000,000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 178,708,478 ՀՀ դրամ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկա ամսվա ընթացքում արդեն առաջին խմբաքանակը կարտադրվի:


Կարդիականացվի պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը

Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգը արդիականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, նախատեսվում է պետական գույքի հաշվառման համակարգն արդիականացել՝ հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կատարել էլեկտրոնային ինտեգրացված համակարգին։ Համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարելավվի հաշվառման օպերատիվությունը և կբարձրանա հավաստիության մակարդակը, այլ նաև կավելանա համակարգից օգտվողների թվաքանակը: Այն կդառնա ավելի մատչելի և դինամիկ: Հաշվառման համակարգը հնարավորություն կընձեռնի հաշվառման օբյեկտների վերաբերյալ ստանալ նաև պատկերային տեղեկություններ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային քննարկումներ են սկվսել շահագրգիռ գերատեսչությունների հետ մեկ այլ կարգ մշակելու համար, որը կառանձնացնի պետական սեփականության այն գույքային միավորումները, որոնք առավել հրապուրիչ են, ներդրումային ծրագրեր իրականացնելու համար:

Կառավարությունը հաստատել է բուհերի 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Որոշմամբ հաստատվել է 2693 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած ուսանողներ համար: Մասնավորապես՝ 2019/2020 ուստարում նախատեսվում է ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար հատկացնել 350 տեղ՝ կրթության և գիտության նախարարության միջոցների հաշվին: Նախարարությունն առաջարկել է նաև 80-ով ավելացնել Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանին և 16-ով ավելացնել օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններին հատկացվող տեղերը:

Կառավարության որոշումներով հաստատվել են նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2019/2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:

Մասնավորապես՝ նախատեսում է 2019/2020 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրի համար 1355 տեղ, որից 91-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Այդ տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին: Մրցութային կարգով 91 տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված (ԲԶ) դիմորդներին: ՀՀ պաշտպանության նախարարությունը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին առաջարկել է հատկացնել 25 տեղ՝ նախորդ ուսումնական տարվա 20 տեղի փոխարեն:

Ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունն առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով 2019/2020 ուսումնական տարվա համար հաստատվել է 140 տեղ: Բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը, մասնավորապես տեղեր են հատկացվել՝ բնագիտական ոլորտին՝ 34, տեխնիկական՝ 27 տեղ:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ուսումնական տարվա ընդունելության տեղերի հատկացման համար որպես ուղենշային փաստաթուղթ պետք է ծառայի կառավարության ծրագիրը և ռազմավարությունը: «Մենք ասել ենք, որ երեք ոլորտի երեք առաջնահերթություն ունենք՝ բարձր տեխնոլոգիական ոլորտը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը: Սա նաև այս կարգի փաստաթղթերում պետք է հստակ արտահայտված լինի: Հիմա մեզ համար ամենամեծ խնդիրը և պրոբլեմը, որը կարող է մեր կառավարության գործունեության համար խնդիր առաջացնել տարբեր ոլորտներում՝ իներցիան է, և մենք պետք է այս հարցում չափազանց ուշադիր լինենք, որպեսզի իներցիոն երևույթները չդառնան սովորական:

Այս ոլորտում, մենք մի քանի անգամ ենք քննարկում ունեցել. ունենք խնդիր, որովհետև երբեմն շատ հոդաբաշխ չենք կարողանում բացատրել, թե ինչու ենք այս ոլորտին այսքան տեղ հատկացնում և ինչ հաշվարկների վրա է դա հիմնված, բայց մյուս կողմից մենք գիտենք, որ իներցիան կանգնեցնելու և այլ բանի վերափոխելու համար մենք այդ իներցիայի հետ որոշակի ճանապարհ պետք է անցնենք: Ես կարծում եմ, որ հիմա այս քննարկման արդյունքերով մենք պետք է հստակ որոշենք մի բան, որ հաջորդ տարի այս նույն որոշումը պիտի կայացվի բոլորորվին ուրիշ վերլուծությունների վրա, բոլորովին ուրիշ բազիսային տվյալների վրա և բոլորովին ուրիշ թիրախներին պետք է նպատակադրվի»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս համատեքստում անհրաժեշտ են ավելի երկարաժամկետ ծրագրեր: «Այն, ինչի մասին խոսում ենք, ի վերջո նաև հանուն համալսարանների է, որովհետև մեր համալսարաններն այլևս քաղաքական գործիք չպետք է լինեն կառավարության ձեռքին: Համալսարանում պետք է իրականացվի կրթական գործունեություն: Այդ կրթական գործունեությունը պետք է լինի ապաքաղաքական, և մենք հետևողական պետք է գնանք այդ ճանապարհով:

Մենք պետք է նաև որոշակի երաշխիքներ ապահովենք, որ մեր բուհն ավարտած ուսանողը աշխատաշուկայում տեղ գտնելու, աշխատանք գտնելու նրա հնարավորությունները, շանսերը պետք է բարձր լինեն: Եվ այսօր միջազգային ասպարեզում ներգրավված բուհերի համար սա ամենակարևոր չափանիշներից մեկն է, երբ ինքն իր ուսանողին դիպլոմավորում է՝ քանի տոկոս է հնարավորությունը, որ այդ ուսանողը մասնագիտությամբ կգտնի աշխատանք: Հիմա մենք պետք է այս տրամաբանությամբ գնանք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արվեստի բուհերին՝ վարչապետը հորդորել է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ Հայաստանում ապրելով, աշխատելով ու սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու հնարավորություն ունենան:

«Մշակույթի ոլորտում մեր ամբողջ քաղաքականությունը պետք է փոխենք, և պետք է այլ տրամաբանության վրա դնենք: Օրինակ` երաժշտության ասպարեզում մենք այսօր ունենք երիտասարդ այնպիսի անուններ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և այլն, և մենք պետք է մի պարզ հարցի պատասխանենք` ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանային, որպեսզի դառնային աշխարհահռչակ երաժիշտներ: Սա շատ պարզ, գործնական խնդիր է, որը մենք պետք է լուծենք: Պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի Հայաստանում մարդիկ ապրելով, աշխատելով, սովորելով՝ աշխարհահռչակ երաժիշտներ դառնալու հնարավորություն ունենան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ գուցե խնդիրը սկսվում է երաժշտական դպրոցներից ու այդ դպրոցների համակարգի գործարկման ձևից:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ կրթությունը երկրի համար ռազմավարական ուղղություն է և անհրաժեշտ է մեծացնել ոլորտին հատկացվող պետական միջոցների ծավալները: «Բայց այստեղ, մենք պետք է առաջնորդվենք, այսպես ասած՝ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Ընդհանրապես խոսակցությունը չպետք է սկսել փողից՝ փող կա, թե չկա: Պետք է նախ ճշտել, թե մենք ինչ խնդիր ենք լուծում. տվյալ բուհում այդ խնդիրների լուծման համար ռազմավարություն գոյություն ունի՞, կա՞ արդյոք թիմ, որն ի վիճակի է ձևակերպել այդ խնդիրնեը և դրանք լուծել, կա՞ արդյոք ժամանակացույց, թե մենք ինչ ժամանակահատվածում ինչ խնդիրների լուծման ենք հասնելու: Մենք ասում ենք, որ կառավարության առաջնահերթություններն են՝ տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, աղքատության հաղթահարում, աշխատանքի խրախուսում: Դրանք՝ կրթության ոլորտում առանց խորքային, լրջագույն փոփոխությունների, ուղղակի կմնան կարգախոսներ: Հետևաբար, պետք է մեր քաղաքացիներին, մեր երիտասարդությանը, չափահասներին իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները շարունակելու, զարգացնելու հնարավորություն ստեղծել: Սրանք մեր պարտավորություններն են, որոնք մենք պետք է կատարենք «Աշխատիր Հայաստան»-ի շրջանակում, կրթական բարեփոխումների շրջանակում: Ժամանակն է, որ մենք իներցիոն պրոցեսներն կանգնեցնենք, այս կետում պետք է կանգնեցնենք, և արդեն մեր սեփական պատմությունը գրենք այս ասպարեզում»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ. շուրջ 370 հազար աշակերտներ կայցելեն համերգասրահներ և թատրոններ: «Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով աննախադեպ է՝ ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասել է նախարարը և կոչ արել ծնողներին, ուսուցիչներին՝ խրախուսել աշակերտներին գրանցվել և այցելել մշակութային հաստատություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչներին բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն: «Սա շատ կարևոր է մեր մշակութային քաղաքականության իմաստով, որովհետև ինչպես նախկինում ասվել է մի քանի անգամ՝ մենք մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբանության մեջ, և մշակույթին վերապահում ենք այդ թվում նաև կրթական դերակատարում, և մեր կարծիքով՝ կրթությունը նաև մշակութային երևույթ է: Նաև սրանով են պայմանավորված այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք մենք իրականացնում են կրթության և գիտության ու մշակույթի նախարարությունները միավորելով»,- ասել է վարչապետը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծով նախ նկարագրվել են տարածքային կառավարման սկզբունքները: Սահմանվել են նաև տարածքային կառավարման բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, մարզպետների լիազորությունները ըստ հիմնական բնագավառների, նկարագրվել են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները: Օրինագծով նախատեսվում է նաև մարզպետին կից գործող խորհրդակցական մարմին՝ մարզային խորհրդի ինստիտուտ, որի կազմավորվման և գործունեության կարգը կսահմանվի կառավարության որոշմամբ:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է բացառություն սահմանել «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» համար՝ ազատելով հիմնադրամին հրապարակային ծանուցման վճարից: Նախատեսվող լրացման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ հիմնադրամը, բացի սոցիալական նշանակությունից ունի նաև բարոյական, համապետական և համազգային նշանակություն, վերջինիս գումարները գոյանում են աշխատող մարդկանց պարտադիր վճարներից և կամավոր նվիրատվություններից, իսկ հիմնադրամի աշխատանքները կա-տարվում են հասարակական, անվճար հիմունքներով: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Մասնավորապես՝ նշվում է, որ ճիշտ չէ տարբերակված մոտեցում ցուցաբերել համանման սոցիալական առաքելություն իրականացնող հիմնադրամների նկատմամբ: Նման մոտեցումը կհակադրվի նաև «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում ամրագրված՝ հրապարակային ծանուցման վճարների հիմնական սկզբունքներին և ընդհանուր կարգավորումներին: Բացի այդ, նկատի ունենալով հիմնադրամի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրները, ինչպես նաև նախորդող տարիների հրապարակային ծանուցման վճարների չափը, կառավարությունը գտնում է, որ հիմնադրամի հրապարակային ծանուցման տարեկան վճարը շոշափելի ազդեցություն չունի վերջինիս բյուջեի վրա:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, նշել է. «Կարծում եմ՝ դա սփոփիչ լուր է բավականին, որ հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնվեց մինչև 2008թ. հունվարի 1-ը ներառյալ տեղի ունեցած դեպքերը: Պաշտպանության նախարարության և նախարարի հետ մեր պայմանավորվածությունն այն է, որ մենք այս գործընթացը կշարունակենք, իհարկե այնպես, որ ստանձնված բոլոր պարտավորությունները լիարժեք կանխատեսելի և հաշվարկելի իրականացվեն»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ գումարները ծախսվում են մարտական պայմաններում զոհված և 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած մեր զինվորների սոցիալական հարցերը հոգալու համար: «Պետք է արձանագրել, որ հիմնադրամն իրականում բավականին շոշափելի գումար է վճարում, որը սոցիալական խնդիր լուծում է: Այս առումով, իհարկե, կոչ եմ անում՝ ովքեր ունեն պարտավորություններ, թող շուտափույթ կատարեն, ինչը մեզ հնարավորություն կտա շահառուների շրջանակն ավելի ընդլայնել: Սա շատ կարևոր արձանագրում է»:

Հավանության են արժանացել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանվում են բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին և վերին շեմերը՝ համապատասխանաբար 100.000 ՀՀ դրամ և 10.000.000 մլն ՀՀ դրամ: Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակում: Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ՀՀ Կենտրոնական բանկի մշակած կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է նաև օրենքից հանել մինչև 100.000 ՀՀ դրամի վարկերի վրա օրենքի դրույթները չտարածելու մասը: Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքի դրույթների տարածմանը, ապա ըստ կառավարության, նշված սահմանափակման իմաստը կայանում է նրանում, որ 10.000.000 մլն ՀՀ դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ։

Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով: Առաջարկությունների ներկայացումը հիմնավորվում է ՓՄՁ ոլորտի հարկային միջավայրը հնարավորին չափ շուտ բարելավելու ու վարվող քաղաքականության կանխատեսելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թ. առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետի՝ ապրիլի 20-ի մոտենալու հանգամանքով: Կառավարությունը խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով, առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակում:

Այլ որոշումներ. գումար է հատկացվել օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով

Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 347 մլն 522 հազար դրամ՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, ովքեր ԱԳՆ համակարգից չեն եղել։ Նրանց մի մասն իրենց առաջարկությամբ հրաժարվել է հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից և ներկայացուցչական այլ ծախսերից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Ներկայումս, երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ. մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետբյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Պետք է խոստովանել, որ բավական տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ: Այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը և ամեն ինչը պատկանում է մի կոնկրետ մարդու, բայց նրանք հանդես են գալիս պետության անունից և պետական ֆինանսավորում չկա: Սա, ըստ էության, շատ տարօրինակ իրավիճակ է, անկախ նրանից, թե ով է դեսպանը, և բազմաթիվ հարցեր է ծագում: Եվ կարծում եմ՝ բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելը նաև օրակարգային է այսօր Հայաստանի Հանրապետության համար»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիքային միավոր տրամադրելու համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Վերջիններս կհամալրվեն ծառայության պահպանության ապահովման ստորաբաժանման կառուցվածում և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայությունում՝ բացառելով արգելված իրերի փոխանցման կամ փախուստի հնարավորությունները:

Կառավարության որոշումներով հունիսի 9-ին ՀՀ Արմավիրի մարզի Ապագա և Վարդանաշեն համայնքներում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: