ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վարչապետը շատ հստակ ձևավորեց այն, ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ավելացնելու որևէ նոր բան չկա. ՀՀ և Ուրուգվայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

«Բարի օր, սիրելի՛ գործընկերներ,

Իրապես շատ ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը` Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Իմ գործընկերը գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով: Այս այցը համալրում է Հայաստանի և Ուրուգվայի միջև քաղաքական երկխոսության և քաղաքական շփումների բավական ակտիվ դինամիկան: Սա շարունակական գործընթաց է: 

Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր և հուսալի գործընկեր է, և գիտեք, որ Հայաստանի յուրաքանչյուր հայ մեծ էմոցիոնալ զգացմունք ունի Ուրուգվայի նկատմամբ: Սա այն երկիրն է, որը դեռևս 1965թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հետագայում՝ 2004թ., լրացուցիչ օրենսդրական ակտերով էլ ավելի ամրապնդել այդ ճանաչման փաստը: 

Ուրուգվայի հետ մեր միջպետական հարաբերությունները հիմնվում են մեր համընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղության նպատակներն առաջ տանելու մեր համատեղ գերակայության վրա: Այդ առումով մենք շատ ակտիվ համագործակցում ենք միջազգային հարթակներում: Հայաստանը և Ուրուգվայն ունեն բավական ամուր ձևավորված համագործակցություն տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում: 

Ուրուգվայը եղել և մնում է կարևոր աջակից Հայաստանի այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը միջազգային օրակարգում: 

Մեր երկխոսության ընթացքում այսօր առիթ ունեցանք անդրադառնալու մեր երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի։ Վերահաստատեցինք, որ պետք է շարունակենք քաղաքական ակտիվ երկխոսությունը, կարևորեցինք այն դերը, որ հայ համայնքն ունի Ուրուգվայում՝ միաժամանակ հանդիսանալով կարևոր կամուրջ երկու պետությունների հարաբերություններում: Մեր համայնքն այնտեղ կազմում է մոտավորապես քսան հազար. նրանք ոչ միայն Ուրուգվայի նվիրված քաղաքացիներ են և մասնակցում են երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական կյանքին, այլ նաև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը՝ որպես հայ: 

Մենք կարևորեցինք խորհրդարանական մակարդակով հարաբերությունների և շփումների ակտիվ պահպանումը: Դուք գիտեք, որ մեզ մոտ արդեն ձևավորված է բարեկամության խումբը, որը ղեկավարում է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, և մենք նպատակ ունենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ: 

Մենք նաև ընդգծեցինք մյուս բոլոր ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ տնտեսական, գիտական, մշակութային, կրթական ոլորտներում: Միմյանց առաջարկելու շատ բան ունենք, և այդ առնչությամբ իմ կողմից առաջարկեցի միասին աշխատել` անմիջական դերակատարներին միմյանց մերձեցնելու համար համապատասխան հարթակներ ստեղծելու ուղղությամբ: Մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման տրամաբանությունը բավական համընկնում է: Եվ այդ առումով, չնայած այն մեծ տարածությանը, որը մեզ բաժանում է, մենք չենք կարող չտեսնել այն կարևոր ներուժը, որ գոյություն ունի մեր հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Բնականաբար մենք խոսեցինք միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ: Ես առիթ ունեցա մանրամասնորեն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումների տրամաբանությունը: Վերահաստատեցի, որ Արցախի բնակչության, մեր հայրենակիցների անվտանգությունը և դրանից բխող կարգավիճակի հարցը եղել և մնում են գերակա մեր մոտեցումներում: Ես նշեցի, որ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար համապատասխան միջավայրը եղել և մնում է կարևորագույն հարց, մանրամասնեցի, թե ինչ է նշանակում, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Եվ ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջն այն ընկալումների համար, որոնցով ինքը կիսվեց ինձ հետ այս հարցի շուրջ։

Մենք անդրադարձանք նաև բազմաթիվ այլ հարցերի. ես ներկայացրի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները տարբեր ուղղություններով, մեր համագործակցությունը, մեր աշխատանքը տարբեր կազմակերպություններում, ինտեգրացիոն գործընթացներում, և լսեցի նաև Ուրուգվայի գերակայությունները ինտեգրացիոն գործընթացներում, որը նույնպես շրջանակ է մեզ համար միասին աշխատելու երկկողմ օրակարգով: Վերահաստատեցինք, որ այս կարևոր հարաբերությունները, որ մենք ունենք, այն երկխոսությունը, որ մենք ունենք, շարունակական են։ 

Մենք այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք շատ ուրախալի մի իրադարձություն. Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը։ Եվ ես շատ շնորհակալ եմ. անցյալ տարի Նյու Յորքում կայացած մեր հանդիպման ժամանակ իմ գործընկերներն ասաց, որ Երևանում այդ դիվանագիտական կետը բացելու մտադրությունը կա: Այդ հարցը շատ սպասել չտվեց, և այս շաբաթվա ընթացում մենք կունենանք նոր դիվանագիտական կետ Հայաստանում մեր բարեկամ Ուրուգվայի կողմից։ 

Այսքանը իմ կողմից։ Հարգելի՛ Ռոդոլֆո, ևս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան, և շնորհակալություն շատ բովանդակալից երկխոսության համար։ Եվ խոսքը փոխանցում եմ Ձեզ։ 

Արմենիա TV. Պարո՛ն նախարար, երկու օր առաջ Ադրբեջանը հրապարակել է իրենց տարածքում հայտնված հայ զինծառայողի լուսանկարները՝ խոշտանգման հետքերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ լուսանկարների փաստը:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար: Ձեր բարձրացրած հարցը բավական զգայուն հարց է, և այդ առնչությամբ Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից արվել է հայտարարություն: Այնտեղ, հիշում եք, որ նշվում է՝ Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ես կարծում եմ, որ դեռևս կսահմանախակվեմ այդ հայտարարության շրջանակներով:

Ազատություն ռադիոկայան. Շնորհակալություն: Երկու հարց, պարոն նախարար, Ձեզ: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ կապված ի՞նչ նորություններ կարող եք ասել՝ բանակցությունների հետ կապված: Արդյո՞ք նախատեսվում են առաջիկայում հանդիպումներ Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ, կամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ի՞նչ նոր հանդիպումներ են նախատեսվում, որովհետև տևական ժամանակ է, կարծես, այդ մասին նորություններ չկան: Եվ երկրորդը, սեպտեմբերին, որքան հասկանում ենք, Հայաստանի վարչապետը մեկնելու է Միացյալ Նահանգներ: Ես հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետ շատ էր խոսվում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մասին: Հայ-ամերիկյան ի՞նչ երկկողմ հանդիպումներ են նախատեսվում, ոչ միայն առաջին դեմքերի մակարդակով, այլ ընդհանրապես:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն Ձեր հարցի համար: Իրականում, կարծես, բավական առիթ ունեցել ենք խոսելու բանակցային դինամիկայի մասին: Հիշում եք, որ վերջին հանդիպումը կայացել էր երկու ամիս առաջ՝ հունիսին: Դրանից առաջ կայացել էր ապրիլին, դրանից առաջ՝ մարտին, դրանից առաջ՝ հունվարին, և այս դինամիկան պահպանվում է: Իրականում, ես առիթ ունեցել եմ ասելու, որ, այո՛, նախատեսվում է սրա շարունակութունը, և մենք երբևէ սպասեցնել չենք տվել այդ դինամիկայի առումով. մենք բավական ակտիվ ենք մնացել, և մտադրություն չունենք փոխելու մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, նորից պետք է խնդրեմ՝ մի փոքր համբերությամբ լցվեք, որովհետև ես շատ սկզբունքային եմ համարում այն, որ հանդիպման մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ համաձայնեցվում է համանախագահների և մյուս կողմի հետ: Բայց կարող եմ վստահեցնել, որ այդ գործընթացը շարունակական է:

Իսկ ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ես կառաջարկեմ, որ ուղղակի ուշադրություն դարձնենք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը Հայաստանի և ԱՄՆ միջև այս շրջանում: Միացյալ Նահանգների կառավարման համակարգը շատ լավ հասկանում եք և շատ լավ գիտեք, և այդ առումով այս տարվա ընթացքում երկխոսության այս շարունակականությունը և մակարդակը մեզ համար սկզբունքորեն բավարար են: Այն, ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպմանը, սա եղել և մնում է մեր օրակարգում. վստահ եմ՝ այդ պահը կգա: Բայց եթե նույնիսկ գնահատելու լինենք ներկայիս դինամիկան, ապա կտեսնենք, թե ինչ հանդիպումներ են եղել և ինչ մակարդակներով, ինչ հաճախականությամբ: Այդ առումով այս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության որևէ դեֆիցիտ չենք ունեցել: Եվ սա նույնպես շարունակական է, շարունակական ծրագրերը մեր առջև են, թե ինչպես ենք աշխատելու:

Մենք բազմաթիվ օրակարգային հարցեր ունենք, որոշ խնդրահարույց հարցեր, որոնք վերաբերում են մեր հաջորդ քայլերին, բայց սա շատ նորմալ է այն առումով, որ սրանք երկու գործընկերների միջև հարաբերություններ են: Թե՛ միջազգային, թե՛ երկկողմ օրակարգի շրջանակներում այդ բազմաթիվ հարցերը մշտապես քննարկման առարկա են, մենք մշտապես աշխատում ենք այդ հարցերի շուրջ: Մեր դեսպանություններն են աշխատում շատ ակտիվ, և քաղաքական շփումների առումով թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի մակարդակով, թե՛ բազմաթիվ այլ մակարդակներով, եթե գնահատեք մակարդակը և այն, թե ում հետ են եղել հանդիպումները, հուսով եմ, կհամաձայնեք, որ մենք որևէ խնդիր չենք ունեցել մեր հարցերը ամենաբարձր մակարդակով քննարկելու առումով: Սա շարունական, ոչ թե առանձին վերցրած գործընթաց է: Սա է այն տրամաբանությունը, որի շրջանակներում մենք աշխատում ենք:

Սպուտնիկ Արմենիա. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում, որ Արցախը Հայաստան է, բավական բուռն ընկալվեց Ադրբեջանում, նաև բուռն արձագանք ստացավ: Արտգործնախարարությունները նույնպես մասնակցեցին, պատասխաններ հնչեցին երկու կողմից: Արդյո՞ք այդ հայտարարությունը որևէ կերպ կանդրադառնա բանակցային գործընթացի վրա՝ հաշվի առնելով նույն Ադրբեջանի արձագանքը: Արդյո՞ք նրանք կարող են փորձել ձևաչափի փոփոխություն անել: Կամ ընդհանրապես Ձեր կարծիքով բանակցային գործընթացի վրա որևէ անդրադարձ դա կարո՞ղ է ունենալ, թե ոչ: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ մենք արձագանքեցինք առաջինը. Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ ձևավորեց այն, ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ավելացնելու որևէ նոր բան չկա: Այդ ամենն ասվեց Ստեփանակերտում: Մեր՝ Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության մեջ նույնպես վերահաստատվեց այն, ինչ ասվել էր Ստեփանակերտում: Վստահ եմ՝ կարիք չունեմ նորից ընթերցելու այն հայտարարությունը, որ մենք արել ենք Արտաքին գործերի նախարարության անունից: Ես կարող եմ հավելել, որ մեր կողմից մտադրություն չկա որևէ կերպ շեղվելու այն դիրքորոշումներից, այն մոտեցումներից, որոնք վերաբերում են խաղաղ կարգավորմանը և բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու հանձնառությանը:

News.am. Պարո՛ն նախարար, հարցս ուղղված է Ձեզ. ավելի ճիշտ դրանք գուցե փոխկապակցված հարցեր են: ԱՄՆ-ի կողմից օգնությունն Արցախին, ինչքան հասկանում ենք բոլորս, կրճատվելու՞ է: Եվ երկրորդը. երեկ հայտնի դարձավ հայկական երկու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների մասին: Ինչքան հասկանում եմ, դա դեռ նախագիծ է, բայց եթե կարելի է…

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ես դեռևս չեմ կարողանա պատասխանել, որովհետև ինքս դեռևս չեմ ուսումնասիրել. պետք է աշխատեմ գործընկերներիս հետ, որպեսզի ավելի հստակ հասկանամ: 

Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին, սկզբունքորեն սա յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգների վարչակազմի, Ներկայացուցիչների պալատի ու Սենատի միջև բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է, և նաև սա Միացյալ Նահանգների հետ մեր երկխոսության օրակարգ է: Այդ առումով մենք դեռևս ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Հաշվի առնելով, թե ներսում ինչպես է աշխատում վարչակազմի համակարգը, յուրաքանչյուր տարի այս գործընթացը տեղի է ունենում: Մեզ համար սա մեր երկխոսության շատ կարևոր կետ է բոլոր մակարդակներում, որոնք ես նշեցի՝ պատասխանելով Ազատություն ռադիոկայանի Ձեր գործընկերոջ հարցին: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է: Շնորհակալություն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: