ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բյուջեի կատարողականի «փայլուն» պատկերն ու իրականությունը

Երեկ Ազգային Ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Բյուջեի կատարողականի տարեկան զեկույցով, որին հաջորդեց պատգամավորների հետ հարցուպատասխանը:

Եթե մեկ խոսքով բնութագրենք տնտեսական ցուցանիշների մասին վարչապետի ելույթը, ապա դա ողջ 2019թ.-ի ընթացքում վիճակագրական տվյալների  մանիպուլյատիվ ներկայացման ամբողջական փաթեթն էր: Իհարկե, երեկ Խորհրդանարի ամբիոնից հնչեցին որոշ նորություններ, որոնք վիճակագրական տվյալների՝ ըստ ճաշակի մենկաբանության գագաթնակետն էին: Անդրադառնանք դրանցից մի քանիսին:

Վարչապետի կողմից մի քանի անգամ, որպես «հեղափոխության ձեռքբերում» հիշատակվեց հարկերից ձևավորված բյուջետային եկամուտների ավելացումը: Ինչ խոսք լավ է, որ հարկահավաքման արդյունքները դրական են, սակայն դրա կազմի ու կառուցվածքի ուսումնասիրությունն, իրականում, որոշակի մտահոգություններ է առաջացնում:  Մասնավորապես, ավելացել են խոշոր հարկատուների կողմից հարկային մուտքերը բյուջե, որը վարչապետը ներկայացրեց որպես հաղթանակ, ինչպես ինքն ասաց նախկինում եղած «անտեր» բիզնեսներից լրացուցիչ հարկեր հավաքելու մշակույթի նկատմամբ: Մի կողմ թողնենք վարչապետի հերթական վիրավորական բառակազմը, մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ երկրի ղեկավարը խոսում է չփաստարկված՝ «ասում են թե» մակարդակում:  Անդրադառնանք վիճակագրական այն տվյալին, թե ինչ կարող է նշանակել իրականում, երբ հարկերի ավելացման մեծ մասն ապահովել են խոշոր տնտեսվարողները: Անշուշտ, դա կարող է պայմանավորված լինել ստվերից աշխատատատեղերի դուրս բերմամբ, շրջանառության լիարժեք մուտքով հարկային դաշտ, բայց և՝ շրջանառության մեծացմամբ: Հենց այս վերջին բաղադրիչն է, որ վարչապետի աչքից հետաքրքիր պատահականությամբ դուրս է մնացել, քանի որ սա խոսում է մի պարզ հանգամանքի մասին. խոշորներն ավելի են խոշորացել: Սա նշանակում է տնտեսության բևեռացում՝ բնութագրելով իրական պատկերը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում: Ի դեպ, այս կապակցությամբ, կարծում ենք շատ տեղին է հիշատակել «Ամերիա» ՓԲԸ-ի կողմից վերջերս հրապարկված բացառիկ հետազոտությունը՝ կապված ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի հետ, որտեղ հստակ երևում է վերջին երկու տարիներին փոքր և միջին ձեռնարկատիրության իրավիճակի ակնհայտ վատթարացումը (հետազոտության մասին առավել մանրամասն՝ այստեղ): Եթե  խոշորների կողմից հարկային մուտքերի աճի ցուցանիշը համադրում ենք նաև փոքր և միջին ձեռնարկատիրության վատթարացած դրության փաստի հետ, անհերքելի է, որ խոշոր հարկատուների կողմից հարկային վճարների ավելացումն առավելապես պայմանավորված է հենց շրջանառության աճով: Ինչպես արդեն նշեցինք, սա տնտեսության բևեռացման մասին է խոսում և չնայած բյուջետային եկամուտների բացարձակ թվի աճին, դժվար է որևէ ուրախալի հանգամանք տեսնել, երբ այդ աճի հետ առնչություն չունի տնտեսության հիմնասյունը՝ փոքր ու միջին բիզնեսը:

Հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրը չի սահմանափակվում միայն թվի աճի ուրույն մեկնաբանությամբ: Բանն այն է, որ հերթական անգամ անուղղակի ազդակներ տրվեցին, որ պետական հարկային ճնշումների ներքո գտնվում են առավելապես խոշորները, ինչը, չի բացառվում՝ բացասական ազդեցություն ունենա նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունների վրա:  Եվ որպես հարկային «բարեփոխումների» վերջին բաղադրիչ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի 8.9 մլրդ դրամի հարկային եկամուտների կատարմանն է վերաբերվում:  Այստեղ պարզապես ֆիքսենք փաստը, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, հայկական բիզնեսը շարունակում է հանդիպել հարկային ակտիվ վարչարարության, որի արդյունավետությունը, թերևս խիստ այսրոպեական է, մինչդեռ տնտեսությանը հասցվելիք վնասների մասին, կլսենք առաջիկայում:

Մյուս «լավ լուրը», որը հնչեց Խորհրդարանի ամբիոնից, գնանկման հետ է կապված: Սա նորություն էր ոչ միայն վարչապետի կողմից պարբերաբար հրապարակվող «լավ լուրերի» շարքում, այլև՝ առհասարակ տնտեսագիտության մեջ: Գնանկումը չի կարող դրական երևույթ համարվել երբեք՝ բացառությամբ որոշակի դեպքերի: Վերջիններս վերաբերում են առավելապես բարեկեցության ակնհայտ լավ պայմաններին, երբ նկատվում է պահանջարկի որակական փոփոխություն, ինչի արդյունքում նախկինում մեծ սպառում ունեցող ապրանքի նկատմամբ պահանջարկի անկում է գրանցվում: Այն իրավիճակում, որում հայտնվել ենք այսօր բոլորս, գնանկումը վկայում է բացառապես բացասական երևույթի մասին՝ պահանջարկի ճգնաժամի, ինչն իր հերթին մի շարք հանգամանքներով կարելի է բացատրել՝ սկսած եկամուտների փաստացի նվազեցումից, մինչև անգամ անորոշությունից բխող զգուշավոր սպառումով: Բայց քանի որ կա գին հասկացություն ու դրա անկում, այն ԱԺ ամբիոնից ներկայացվեց, որպես դրական ձեռքբերում:

Մյուս, թերևս ամենածեծված, բայց հիշատակման արժանի ցուցանիշը՝ 7,6 տոկոսանոց տարեկան տնտեսական աճն է: Ըստ վարչապետի՝ աննախադեպ, 2008թ.-ից ի վեր ամենաբարձր, հեղափոխական…բացարձակ թվերով, ամեն ինչ ճիշտ է: Բայց երբ այդ «հեղափոխական» ցուցանիշը համեմատության մեջ է դրվում 2017թ. տնտեսական աճի ցուցանիշով՝ 7.5 տոկոս, ապա արդյունքում ստացվում է, որ «աննախադեպն» ու «հեղափոխականը» վերաբերում են 0.1 տոկոսին: Բայց սա դեռ բավական չէ. նմանատիպ մի քայլ է ևս մեկ անգամ այդ ցուցանիշը համեմատելը տարածաշրջանի երկրների, նույնիսկ Վրաստանի հետ: Այս համեմատությունն այս պահին անելն առավել քան տեղի չէ, քանի որ հենց նույն Վրաստանն իրականացնում է հակաճգնաժամային միջոցառումների այնպիսի փաթեթ, ընդ որում՝ և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ հակահամաճարակային, և՛ արտաքին քաղաքական, որը մեր իշխանությունների կողմից իրականացվողի հետ նվազագույն աղերս անգամ չունի:

Կարելի է շարունակել «հեղափոխական» տնտեսական ցուցանիշների վերլուծությունը՝ խոսելով ստվերից դուրս եկած աշխատատեղերի մասին, որոնք ներկայացվում են՝ որպես նորաստեղծ, զինվորական կենսաթոշակային ֆոնդին ուղղվող 1000 դրամների՝ ՊԵԿ-ում գրանցված աճի մասին, որը ՊՆ հաշվեկշիռներում, ՊՆ հավաստմամբ հաշվապահապան տարբերություններով պայմանավորված, բայց այնուամենայնիվ չի երևում, 2019թ.-ի ավտոմեքենաների բումի մասին, որի դրական արդյունքներն իշխանությունների կողմից անընդհատ հերքվում են և այլ:

Փաստը դրանից չի փոխվում և իշխանությունների ձեռքբերումներն ու դրանց հեղափոխականությունը շատ լավ երևում է բնակչության կենսամակարդակում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: