ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գիտակցաբար, կամ ոչ այնքան, մենք կարող ենք կանգնել ատոմակայանը փակելու հարցի առաջ

Մեծամորի ատոմակայանի շուրջ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանավորվածությունների փոփոխությունը կարող է ինչպես հայ-ռուսական, այնպես էլ Եվրամիության հետ Հայաստանի քաղաքական օրակարգի մաս լինել:

Ատոմակայանի առկայությունը Հայաստանի համար միաժամանակ և՛ էներգետիկ, և՛ անվտանգային, և՛ քաղաքական հարց է: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը բավական մեծ ռեսուրսներ է պահանջում, ինչի համար պայմանավորվածություն էր գործում ՌԴ-ի հետ՝ ցածր տոկոսով վարկի տեսքով և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: Դրան զուգահեռ, Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում միշտ փորձում է առաջ մղել ատոմակայանի փակման հարցը, սակայն գործում է միջանկյալ պայմանավորվածություն՝ շարունակելու դրա շահագործումը մինչև փոխարինող ծավալների ապահովումը: Այս պայմանավորվածությունը բխել է Հայաստանի շահերից և հնարավորություն է տվել առանց Եվրամիության հետ հակասությունների շարունակել ատոմակայանի շահագործումը:  

Եվրամիության հետ գործող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ատոմակայանը շահագործումից հանելը դիտարկվում է որպես ոչ մոտ ապագայի քննարկման հարց և հիմքում դրվում է այլ հզորություններով էներգետիկ այդ ծավալների ապահովման սկզբունքը:

Այսօր, փաստացի, միայն Ռուսաստանն է Հայաստանին պատրաստ միջոցներ տրամադրել ոչ թե ատոմակայանի լիկվիդացման, այլ դրա բարեփոխման համար: Այս փուլում, հրաժարվելով վարկի չօգտագործված մասից, մենք հարցականի տակ ենք դնում նաև ապագայում նման օժանդակություն ստանալու հնարավորությունը: Չի բացառվում, որ հետագայում Մոսկվան կամ այլևս հետաքրքրված չի լինի նման համագործակցությամբ, կամ այլ պայմաններ կառաջարկի՝ առավել ևս հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բավական բարդ իրավիճակը:

Այս համատեքստում ուշադրության է արժանի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ վարկից հրաժարումը մեծացնելու է նաև կառավարութան լծակները՝ գնումների շուկայից մրցակցային սկզբունքով ապրանքներ ձեռք բերելու համար: Հաշվի առնելով, որ ռուսական պետական «Ռոսատոմ»-ն է շարունակելու իրականացնել համապատասխան աշխատանքները՝ Հայաստանի որդեգրած այս քաղաքականությունը կարող է հակասությունների և խնդիրների տարաբնույթ նոր առիթներ տալ:

Արդյունքում՝ գիտակցաբար կամ ոչ այնքան, մենք կարող ենք կանգնել ատոմակայանը փակելու հարցի առաջ, ինչը ոչ միայն կմեծացնի Հայաստանի կախվածությունը ներկրվող էներգետիկ ռեսուրսներից (քանի որ սեփական վերականգնվող ռեսուրսների ծավալների աճն այնքան էլ մեծ չէ), այլև թեկուզ անուղղակի հարված կլինի մեր անվտանգությանը:

Առաջին հայացքից տնտեսական թվացող այս հարցը մի շարք այլ բաղադրիչներ ունի, որոնք թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ: Եթե սա մշակված քաղաքականության առաջին քայլ է, ապա առնվազն իշխանությունը պետք է ազնիվ լինի սեփական հանրության հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: